
ՌԴ-ի քաղաքական ղեկավարությունը ցայժմ չի ձերբազատվել «Սառը պատերազմի» ժամանակվա մտածելակերպից. Ալասանիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը ցայժմ չի ձերբազատվել «Սառը պատերազմի» ժամանակվա մտածելակերպից: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Նա ընդգծել է, որ իրենց նպատակներին հասնելու համար իրենք պետք է հանդիսանան եվրոպական ընտանիքի կամ ատլանտյան տիրույթի մասնիկը: Ալասանիայի կարծիքով՝ իրենք պետք է կարգավորեն Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները՝ ծայրահեղ դեպքում լարվածությունը նվազեցնելու համար:
Ալասանիան դատապարտել է Ռուսաստանի կողմից օլիմպիական ջահը կրելու հնարավորությունն այն օդաչուին ընձեռելու մասին որոշումը, որը 2008 թվականին ռմբակոծել է վրացական գյուղերը: Դրա հետ կապված՝ Ալասանիան կարծում է, որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը դեռ չի ձերբազատվել «Սառը պատերազմի» ժամանակվա մտածելակերպից ու հակամարտային իրավիճակներից:
Ալասանիան հավելել է, որ Վրաստանը հույսեր է կապում միջազգային հանրության աջակցության հետ՝ կապված ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի մերձենալու հետ: