Պուտինը կարձանագրի Հայաստանի կապիտուլյացիան
Ինչպես և կարելի էր սպասել, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան՝ դեռ չսկսված, դարձավ Հայաստանի ցուցադրական նվաստացման վերջին ակորդը: Նախ՝ ի հեճուկս մեր իշխանության ակնկալիքների, Պուտինը սկզբում Երևան չայցելեց և չմասնակցեց Երևանում «հայ-ռուսական դարավոր» բարեկամությանը նվիրված հուշարձանի բացմանը: Իհարկե, նախապես պաշտոնապես չէր հայտարարվել, որ Պուտինը ներկա է լինելու այդ հուշարձանի բացմանը, սակայն, դատելով նրանից, որ դեռ շաբաթ օրվանից Ոստիկանությունը զգուշացնում էր առավոտվանից Երևանի կենտրոնական փողոցների փակ լինելու մասին, հասկանալի էր, որ դա արվում է Պուտինի համար:
Փակ փողոցներով վաղ առավոտից դեպի Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկ էին շարժվում պետական հիմնարկների հարյուրավոր աշխատակիցներ՝ Հայաստանի ու Ռուսաստանի դրոշակներով: Արդյունքում՝ հուշարձանը բացեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը… ՌԴ տրանսպորտի նախարարի «բարձր» մասնակցությամբ:
Իսկ մինչ այդ, վաղ առավոտից Գյումրին դարձել է «փակ տարածք», կյանքը Հայաստանի երկրորդ քաղաքում կանգ է առել, փողոցներում կարելի է տեսնել միայն անվտանգության տասնյակ ծառայողների:
Բոլորը սպասում են Պուտինին: Դժվար է ասել՝ ո՞ր ժամին են ՀՀ իշխանությունները տեղեկացվել, որ Պուտինը Երևան չի այցելելու, կամ տեղեկացվե՞լ են ընդհանրապես, թե՞ ոչ, սակայն «ապահովության» համար վաղ առավոտից բերման են ենթարկել ավելի քան մեկ տասնյակ ակտիվիստների, բերման են ենթարկել ամենակոպիտ ձևով, ընդհուպ՝ նրանց բնակարաններից:
Առաջինը Երևան չժամանելով՝ Պուտինը ցույց տվեց, որ այցելում է ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ Թուրքիայի հետ սահմանակից տարածք, որտեղ տեղակայված են ռուսական զորքերը: Իսկ այն, որ դա տեղի է ունենում Հայաստանի խորհրդայնացման օրը՝ դեկտեմբերի 2-ին, խորհրդանշական է ոչ միայն՝ ձևական, այլ նաև՝ բովանդակային առումով:
Այսօր Հայաստանն, ըստ էության, խորհրդայնացվեց երկրորդ անգամ՝ խորհրդային բոլոր ավանդույթների պահպանմամբ. փողոցներ քշված պետական աշխատողներ, «ցարին» դիմավորող դրոշակավոր քաղաքացիներ, Ռուսաստանի (ԽՍՀՄ) օրհներգի ներքո զգաստ կանգնած հայ պաշտոնյաներ… Այսօր հարյուրավոր մարդկանցով լցված Երևանի փողոցներում տիրող միակ զգացողությունն այն էր, որ վերջնականապես կորցնում ենք Հայաստանը, ինչն արձանագրելու համար էլ Պուտինը ժամանում է Գյումրի: