Քրդական նավթը Թուրքիա կհասցվի միայն Բաղդադի համաձայնության դեպքում. Շահրիսթանի
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ էներգետիկ հարցերով Իրաքի փոխվարչապետ Հուսեին Ալ-Շահրիսթանին երեկ Բաղդադում հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են իրաքյան էներգակիրները Թուրքիա հասցնելու հարցը:
Շահրիսթանին հայտարարել է, որ Իրաքի ցանկացած տարածքից, այդ թվում նաև Իրաքյան Քրդստանից նավթի մատակարարումները Թուրքիային պետք է իրականացվեն միայն Բաղդադի կենտրոնական կառավարության համաձայնության դեպքում. «Մենք համաձայնվել ենք, որ յուրաքանչյուր արտահանում պետք է հավանության արժանանա իրաքյան կառավարության համաձայնությամբ, և մենք դեռ կքննարկենք այդ մեխանիզմը»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Reuters-ը հայտնել էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին երեք ժամանոց հանդիպում են ունեցել Անկարայում, որի արդյունքներով էլ ստորագրել են էներգետիկ բնույթի 6 պայմանագիր, ինչի մասին չեն բարձրաձայնել: