Բաժիններ՝

Շարադրությունների մրցույթում հաղթեց Աբովյանի քրեակատարողական հիմնարկում գործող հատուկ արհեստագործական ուսումնարանի սանը

Նոյեմբերի 29-ին ամփոփվեցին «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի կողմից հայտարարված «Ծխելն այլևս ժամանակակից չէ» խորագրով մի շարք մրցույթների, մարզական մրցաշարերի արդյունքները։

Շարադրությունների մրցույթում հաղթանակը շնորհվեց Աբովյանի քրեակատարողական հիմնարկում գործող Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանի սան Վիգեն Բուդոյանին։ Վիգենը նշում է, որ ծխելը թողել է քրեակատարողական հիմնարկում, արդեն 6 ամիս է՝ հրաժեշտ է տվել այդ արատավոր սովորությանը։ Նա նկատում է, որ ցանկացած վատ բանի վերջը կարելի է տալ, եթե կա դրա գիտակցումն ու կամքի ուժ։ «Ծխելն այլևս նորաձև չէ» վերնագրված իր շարադրության մեջ Վիգենը գրում է. «Ծխել… նշանակում է առնչվել այնպիսի հիվանդությունների, որոնք հանգեցնում են մահվան։ Նորաձևության հետ արդյո՞ք կապված է այս երևույթը, կամ որքանո՞վ կարող է նորաձև լինել գիտակցաբար սեփական առողջության քայքայումը։ Արդյո՞ք նորաձև է հիվանդ մարդը… Պատասխանը միանշանակ է. այն, ինչ ուղղված է մարդու առողջության և բարեկեցության դեմ, կործանարար է, նորաձև լինել չի կարող…»։

Վիգեն Բուդոյանը  հակածխախոտային ծրագրի ամփոփիչ ցերեկույթում ներկաներին նվիրեց նաև իր դաշնամուրային կատարումները՝ այդպիսով կոչ անելով երիտասարդներին մշակույթով զբաղվել. այն ավելի օգտակար է, քան սեփական առողջությունը քայքայելը։

sharadrutyun02

 

Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը նշում է, որ քրեակատարողական հիմնարկում շատ անչափահասներ կարոտից, հուզմունքից և այլ դրդապատճառներից ելնելով ծխում են։ Եվ նման միջոցառումները ծխողներին արատավոր երևույթի մասին խորհելու, վերլուծելու առիթ են տալիս։ Նա նկատում է, որ իրենց ուսումնարանի սաները բացահայտ չեն ծխում. «Մեզանից թաքուն են ծխում։ Դա էլ ինչ-որ տեղ ոգևորող է։ Եթե թաքցնում են, նշանակում է՝ ներքին պատասխանատվություն, հարգանք կա, նաև՝ վատ բան անելու գիտակցում»։

«Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Թովմասյանը տեղեկացրեց, որ «Ծխելն այլևս ժամանակակից չէ» ծրագրի շրջանակներում մարզերում գործող 6 միջին մասնագիտական և նախնական ուսումնական հաստատությունների 750 ուսանողների շրջանում անցկացվել են սոցիոլոգիական հարցումներ՝ հայտնաբերելու վաղ ծխելուն միտված հանգամանքները և ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ դեռահասների տեղեկացվածության աստիճանը: Տեղեկատվական արշավների միջոցով ուսանողների մոտ փորձել են ձևավորել ճշգրիտ կարծիք ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ՝ միևնույն ժամանակ պաշտպանելով պասիվ ծխողների իրավունքները:

«Ծխելն այլևս ժամանակակից չէ» ծրագիրն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս