Խաղողի բուժիչ բարիքները
Խաղողը բազմիցս հիշատակվում է Սուրբ գրքում, նման բարձր պատվի փոքրաթիվ քանակի բույսեր են արժանացել։ Խաղողը և թուզը բիբլիական ժամանակներից համարվել են ազնվազարմ բույսեր. «Որովհետև բարի ծառ չկայ, որ չափ պտուղ բերէ. եւ ոչ էլ չար ծառ, որ բարի պտուղ բերէ։ Որովհետև ամեն մէկ ծառ իր պտղիցն է ճանաչվում, որովհետև փշերից թուզ չէն քաղում, և ոչ էլ մորենուցը խաղող են կթում» (Ղուկաս, Զ. 43-44)։
Հավանաբար «խաղող» բառը կիրառվում է գինի կամ խաղողի հյութ իմաստով։
Սուրբ գրքում բազմիցս հիշատակվում է նաև այն մասին, որ Քրիստոսը գինի է խմել ճաշի կամ խնջույքների ժամանակ, սակայն դա հավանաբար խաղողից մզված թարմ հյութ է եղել։
Մեզ համար կարևոր է, որ Հիսուսը բարձր է գնահատել թե՛ խաղողը, և թե՛ դրանից ստացված հյութը կամ գինին, և խորհուրդ է տվել ընդգրկել դրանք սննդակարգում։ Ընդհանրապես Սուրբ գրքում մանրամասնորեն նկարագրված են այն մթերքները, որոնք կարելի է ուտել, և նաև` ճիշտ սնվելու կանոնները։
Ըստ Ն. Ադոնցի (Հայաստանի պատմություն, Երևան, 1972թ.)` Ք. ա. մոտ 25-րդ դարում Փոքր Հայքին սահմանակից Կեսարիա քաղաքից Աքքադ են տարվել մի քանի բույսեր, որոնցից մեկը` tittu-ն, նույնացվել է թզի հետ։ Մեզ համար կարևոր է, որ «ti» արմատը համապատասխանում է խաղողի կամ թզի կորիզին` «թին»-ին։ Արդյո՞ք 4500 տարի առաջ հայերին հայտնի էր թինի, նույնիսկ այսօրվա չափանիշներով, առանձնահատուկ քիմիական բաղադրության և բուժիչ հատկությունների մասին։
Խաղողի սերմի յուղը
Սերմերը պարունակում են մինչև 20 տոկոս թանձր ճարպայուղ, դաբաղանյութեր, վանիլին, մոտ 0,8 տոկոս լեցիտին, որն ունի խոլեստերինի մակարդակը կարգավորող ազդեցություն և նպաստում է ճարպերի յուրացմանը։ Պարունակում է ենթացիանիդիններ, որոնք շատ օգտակար են սիրտ-անոթային համակարգին։
Սերմից ստացված յուղամզվածքն ամրացնում է անոթների պատերը, վերականգնում է արյունաբեր երակների առաձգականությունը, վերացնում է ոտքերի այտուցվածությունը և կանխարգելում թրոմբների առաջացումը։
Յուղամզվածքն ի զորու է հասնել ամենամանր մազանոթներին. այն պարունակում է զգալի քանակությամբ քլորոֆիլ, որն ունի մաքրող հատկություն։ Պաշտպանում է ուղեղն արյան զեղումից. որոշ հետազոտողներ կարծում են, որ խաղողի սերմը կարող է օգտակար լինել Պարկինսոնի հիվանդության բուժման ընթացքում։
Խաղողի յուղը համարվում է աչքերի առողջությունը պահպանող լավագույն միջոցներից մեկը, իջեցնում է լարվածությունը, պահպանում է աչքերի ցանցաթաղանթը քայքայումից, երևույթ, որ հաճախ դառնում է կուրության պատճառ։
Որոշ հետազոտողներ հայտնաբերել են, որ խաղողի սերմի (նաև այլ մասերի) մեջ պարունակվող հզոր հակաօքսիդանտ հատկություն ունեցող ռեսվերատրոլ ֆլավոնային նյութն ունի նաև կանացի հորմոններին բնորոշ ազդեցություն։
Մեծ թիվ են կազմում խաղողի կեղևի, պտղամսի, կորիզի և կանաչ մասերի հակաուռուցքային հատկությունների ուսումնասիրությանը նվիրված հետազոտական աշխատանքները։ Կան բազմաթիվ հաղորդագրություններ խաղողի սերմից ստացված մզվածքների կանխարգելիչ ազդեցության մասին` մաշկի, թոքերի, կրծքագեղձի, ստամոքսի և այլ օրգանների ուռուցքներ առաջացնող, քաղցկեղածին բջիջների աճի վրա։
Ընդամենը չորս տարի առաջ պարզվել է, որ խաղողի սերմը կարող է մեծապես նպաստել արյան քաղցկեղի (լեյկոզ, միելոմա) բուժմանը, քանի որ կանխարգելում և նույնիսկ ոչնչացնում քաղցկեղածին բջիջները։ Ուսումնասիրությունը կատարվել է Կենտուկկի նահանգի Լեքսինգթոն քաղաքում, պրոֆեսոր Շիի (Xianglin Shi) ղեկավարությամբ։ Տարածվել է հաղորդագրություն. (www.medcurs. ru/news/30454.html). «Խաղողի սերմը պարունակում է նյութեր, որոնք առաջացնում են որոշ տեսակի քաղցկեղածին բջիջների ապոպտոզ-ինքնասպանություն»։
Ներկայացվել են համոզիչ ապացույցներ, որ սերմից ստացված մզվածքի ներարկումն ակտիվացնում է JNK սպիտակուցը, ինչի հետևանքով տեղի են ունենում մոլեկուլների վերափոխումներ, և ստեղծվում է միջավայր, որում անհնարին է քաղցկեղի բջիջների գոյությունը։ Նկարագրված գործընթացն անվտանգ է օրգանիզմի առողջ բջիջների համար։
Կարևոր է իմանալ, որ սպիտակ հատապտղի սերմում ավելի շատ ճարպայուղ է պարունակվում։ Սերմի յուղային մզվածքը ստացվում է սառը մամլման կամ ջերմային մշակման եղանակով։ Առաջին դեպքում նույն քանակի հումքից ավելի քիչ յուղ է ստացվում, սակայն լավ են պահպանվում օգտակար նյութերը։ Յուղում պարունակվող ճարպաթթուներից գերակշռում են օմեգա-6 (60-75 տոկոս) և Օմեգա-9 (20-25 տոկոս) ճարպաթթուները։ Օմեգա-3 ճարպաթթուները չնչին (մոտ` մեկ) տոկոս են կազմում։ Խաղողի յուղը խորհուրդ է տրվում լցնել կտավատի յուղի վրա, որպեսզի ավելանա դրա պահպանման ժամկետը։
Խաղողի սերմի յուղամզվածքը կարելի է ստանալ նաև տնային պայմաններում։
- Չորացրեք խաղողի սերմը, խառնեք եգիպտացորենի ձեթի հետ (1։1), 72 ժամ թրմեք ջրային բաղնիքի վրա, որի ջերմաստիճանը կարող է տատանվել 50-60C-ի սահմաններում։ Հաճախակի խառնեք։ Սզվածքը խառնելուց հետո ավելացրեք դդմի յուղ (1։2), որը կարող եք գնել դեղատնից կամ պատրաստել տնային պայմաններում։ Խմեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ` դիմադրողականության անկման, աթերոսկլերոզի, տեսողության թուլացման դեմ։
Վարիկոզ. 50 մլ յուղամզվածքի մեջ լուծեք 10-ական կաթիլ նոճու և կիտրոնի եթերային յուղեր (կարելի է փոխարինել պատրինջի, գիհու, դաղձի, հարզրեվարդի յուղերով)։ Մերսեք լայնացած երակներին, օգտակար է նաև ցելյուլիտի դեպքում։
Հավկուրություն. Այս զարմանալի ուտեստը լավացնում է «գիշերային» տեսողությունը։ Աղացեք դեղնենու փշապտուղը (տե՛ս Ջ. Սահակյան, «Դեղնենի», «168 Ժամ», 26.09. 2013թ.)։ Փոշիացրեք խաղողի սերմը։ Խառնեք 100-ական գ բրինձ և դեղնենի, կես թ/գ խաղողի սերմի փոշի, պատրաստեք շիլա։ Այդ չափաբաժինը կերեք օրը մեջ, ընդամենը 10-15 անգամ։
Շաքարային դիաբետ. Կես թ/գ փոշիացրած խաղողի սերմը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։
Խորհուրդ է տրվում խաղողի սերմի զտված յուղն օգտագործել քացախի հետ, համեմել աղցանները, իսկ մերսումները կատարել չզտված յուղով։
Խաղողի սերմի յուղը մեծ կիրառություն ունի գեղարարության մեջ. քանի որ պիտանի է ցանկացած մաշկի և մազերի խնամքի համար։
Կնճիռներ. Անձեռոցիկն ընկղմեք յուղամզվածքի մեջ, դրեք թրջոց, հանեք 20 րոպեից, կատարեք օրը 1-2 անգամ։
Կոպերի խնամք. Խառնեք հավասար քանակի խաղողի և ավոկադոյի յուղերը, լուծեք 1-2-ական կաթիլ վարդի և սանդալի (կամ սոճու) եթերային յուղեր։
Մշակեք կոպերը` օրը 1-2 անգամ։
Մաշկի առաձգականությունը վերականգնող (ձգվածության դեմ). 2 թ/գ խաղողի յուղի մեջ լուծեք 2 կաթիլ հազրեվարդի և 1-ական կաթիլ նարդոսի, դաղձի և մեխակի եթերային յուղեր (անհրաժեշտության դեպքում կարելի է ավելացնել ևս 1-ական կաթիլ)։ Մշակեք մաշկը` օրը 1-2 անգամ։
Մազարմատներն ամրացնող. Գլուխը լվանալուց կես ժամ առաջ ներմերսեք խաղողի յուղը մազարմատներին։
Գեղարարական նպատակներով կիրառվում է նաև խաղողի փոշիացրած սերմը.
Ճարպոտ մաշկ. 1 թ/գ կիտրոնի հյութը խառնեք 4 ճ/գ սպիտակ խաղողի սերմի փոշու հետ։ 10 րոպեից լվացեք սառը ջրով։
Սկրաբ. Խառնեք սերմի փոշի և մեղր (1։1)։ Բարակ շերտով քսեք մաքուր դեմքին (ճիշտ է` լողանալուց հետո), 5 րոպեից լվացեք սառը ջրով։
Խաղողի հյութ և գինի
Կան գիտնականներ, ովքեր կարծում են, որ մոտ 10.000 տարի առաջ պատմական Հայաստանի տարածքում արդեն գինի են խմել (Я.Кибал, Специи и пряности, Прага, 1986г.)։
Եվրոպայում խաղողի մշակությամբ առաջինը սկսել են զբաղվել հույները, իսկ Ք. ա. 7-րդ դարում` նաև այժմյան Իտալիայում և Ֆրանսիայում։ Հռոմում գինու արտադրությունը և օգտագործումը ստացել են աներևակայելի մեծ ծավալներ։ Որոշ գիտնականներ կարծում են, որ գինին այդ հզոր կայսրության կործանման պատճառ է դարձել, քանի որ վարակված է եղել սնդիկի գոլորշիներով, ի դեպ` Իտալիան այդ տարրի պաշարների չափով աշխարհում 2-րդ տեղն է զբաղեցնում։ (Ջ. Սահակյան, «168 Ժամ», 06.08. 2013թ.)։
Խաղողի գինու օգտակար հատկությունները հայտնի են գրեթե բոլորին (իհարկե, խիստ չափավոր խմելու դեպքում), ժամանակի ընթացքում նույնիսկ ձևավորվել են բժշկության առանձին ճյուղեր` ամպելոթերապիան (խաղողաբուժություն), որն առավել մեծ զարգացում է ապրում Շվեյցարիայում, և էնոթերապիան (գինեբուժություն)։
Գինու օգտակարությանը նպաստում է խաղողի վազի բոլոր մասերը` չանչերը, պտղամիսը և կեղևը), սերմը։ Հատապտղի բաղադրությունը և բուժիչ հատկությունները կախված են գույնից, օրինակ.
- բաց կանաչ հյութը բարձրացնում դիմադրողականությունը և առույգացնում,
- մանուշակագույնը կարող է նաև կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղը, լավացնում է ուղեղի աշխատանքը, պաշտպանում է աչքերը վաղաժամ ծերացումից,
- մուգ կարմրագույնն ունի հակավարակային և հակաբակտերիալ ազդեցություն,
- բոլոր մուգ գույնի պտուղներն օգտակար են պլևրիտի, բրոնխիտի, թոքերի տուբերկուլյոզի դեպքում։
- Պտղակեղևը պարունակում է բուսամոմ, ստերիններ, եթերային յուղեր, անտոցիաններ և այլն։ Ունի հակաօքսիդանտ, դիմադրողականությունը խթանող, հակասկլերոտիկ, հակաուռուցքային, հակաբորբոքային հատկություն։
Խաղողի պտղի բացառիկ առանձնահատկություններից է այն, որ բարձրացնում է ազոտի օքսիդի պարունակությունն արյան մեջ, ինչի շնորհիվ կարգավորվում է օրգանիզմի թթվաալկալային հավասարակշռությունը, ամրանում է սրտամկանը։ Ազոտի օքսիդը (NO) ունի բազմաթիվ այլ օգտակար հատկություններ։
Բարենպաստ է կալիումի և նատրիումի հարաբերակցությունը (K։NA=200 մգ։20 մգ=10), ինչի շնորհիվ կարգավորվում է օրգանիզմի աղաջրային հավասարակշռությունը։
Խաղողի 100 գ պտղում պարունակվում է 0,4-06 գ սպիտակուց, բազմաթիվ ամինաթթուներ, 17,5 գ (հայաստանյան տեսակներում` մինչև 22 գ) ածխաջրեր (գլյուկոզա, ֆրուկտոզա, 0,6 գ բջջանք, 0,2-1,5 գ պեկտին), շատ է խնձորաթթուն (մոտ 0,8 գ), կան բազմաթիվ այլ օրգնական թթուներ (0,5 գ և ավելի)։
Պտուղը պարունակում է նաև գալիումաթթու, ֆլավոններ (կվերցետին և այլ) գլիկոզիդներ (դելֆինին և այլ), բույսին բնորոշ այլ նյութեր (ֆլուբաֆեն, էնին, ֆլաբոֆեններ. տես, Ջ.Հովհաննիսյան, Կանաչ դեղատուփ):
Խաղողն աչքի է ընկնում նաև միկրո և մակրո տարրերի և վիտամինների բազմազանությամբ, պարունակում է նույնիսկ (բուսական մթերքներում հազվադեպ հանդիպող) B12 վիտամին։
Ստորև ներկայացնում ենք 200 մլ խաղողի հյութում պարունակվող օգտակար նյութերի տոկոսային չափ` ըստ մարդու օրգանիզմի 1-օրյա պահանջարկը բավարարող նորմերի համեմատության` կալիում-11,6 տոկոս, կալցիում-3,5 տոկոս, մագնիում-5,7 տոկոս, ֆոսֆոր-3,3 տոկոս (այս թվերը վկայում են այն մասին, որ խաղողն ամրացնում է ոսկորները), երկաթ-8,2 տոկոս, պղինձ-9,6 տոկոս, մարգանեց-10 տոկոս, մոլիբդեն-12,9 տոկոս, քրոմ-12 տոկոս, սելեն-10,7 տոկոս, յոդ-0,64 տոկոս, ցինկ-1,3 տոկոս։
Վիտամիններ` C-9,3 տոկոս, B1-5,3 տոկոս, B2-2տոկոս, PP (նիացին)-2,2 տոկոս, B6 (պիրիդոքսին)-8,5 տոկոս, բիոտին-4,8 տոկոս, ֆոլիաթթու-18 տոկոս, E-8,9 տոկոս, K-0,67 տոկոս, ենթավիտամին A-1,0 տոկոս։
Պտղի չանչերը պարունակում են հակաուռուցքային հատկություն ունեցող նյութեր (տե՛ս Ջ. Սահակյան, «168 Ժամ», 03.10.2013թ.):
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: