Միայն Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերությունը ՌԴ-ին հնարավորություն կտա ուժեղացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում. Коммерсантъ

Ռուսական Коммерсантъ թերթում հրապարակվել է Ռուսաստանի գազային քաղաքականության վերաբերյալ Էռնեստ Սուլթանովի հոդվածը, որում նշված է. «1970-ական թվականներին նավթի միջին գինը, նախորդ տասնամյակների հետ համեմատ, աճել է ավելի քան 10 անգամ: Ընդ որում, ԽՍՀՄ-ի համար դրա դրական ազդեցությունն ավելի մեծ էր, քան նավթ արտահանող այլ երկրների պարագայում էր:

Բանն այն է, որ այն ժամանակ, երբ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) անդամ երկրները նվազեցրել էին համաշխարհային շուկա նավթի մատակարարումները, ԽՍՀՄ-ն արել էր ընդհակառակը (1970 թվականի 285 միլիոն տոննայից մինչև 1979 թվականին 527 միլիոն տոննա):

Նավթի արտահանումից ստացված եկամուտների աճը շատ բանով ապահովեց 1970-ական թվականներին և 1980-ական թվականների սկզբներին ԽՍՀՄ-ի սոցիալ-քաղաքական կայունությունը: 1980-ական թվականների վերջին համաշխարհային շուկայում գրանցվեց ածխաջրածնային հումքի գնի ավելի քան կրկնակի անկում, ինչը ԽՍՀՄ-ում հանգեցրեց թե՛ սոցիալական, թե՛ նաև քաղաքական անկայունության:

1990-ական թվականներին էներգետիկ շուկայում իրավիճակը, հաշվի առնելով ինֆլյացիան, ավելի վատթարացավ անգամ նախորդ տասնամյակի հետ համեմատ: Փաստացիորեն 1970-ական թվականների իրավիճակը կրկնվեց ճիշտ հակառակ կերպ. Ռուսաստանը ոչ միայն կորուստներ կրեց գնի, այլև՝ ծավալի հարցում, որը գործնականում նվազեց երկու անգամ (մինչև 305 միլիոն տոննայի)՝ համեմատած 1987 թվականի գագաթնակետի (569 միլիոն տոննա) հետ:

1999 թվականից սկսած, այսինքն երբ Ռուսաստանի վարչապետ դարձավ Վլադիմիր Պուտինը, նավթի գները սկսեցին վերստին աճել: Ընդ որում, 1990-ական թվականների երկրորդ կեսի հետ համեմատ՝ 2000-ական թվականներին նավթի գինն աճեց ավելի քան 4-5 անգամ:

Միաժամանակ վերականգնվեց նաև նավթի արտադրությունը (տարեկան մինչև 480-490 միլիոն տոննայի): Իսկ 2003-2013 թվականներին նավթի համաշխարհային արդյունահանման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը 8.9 տոկոսից աճեց մինչև ավելի քան 13 տոկոսի:

Ընդ որում, չնայած Ռուսաստանի համար նավթային ոլորտի ոսկյա նոր ժամանակաշրջանին՝ բաց մնաց այն հարցը, թե ինչպես խուսափել էներգակիրների գնի պոտենցիալ նվազումից: Բանն այն է, որ Մոսկվան չունի գործուն գործիքներ՝ վերահսկելու համար նավթի արտադրության նվազեցումը կամ աճը:

Օրինակ, ի տարբերություն Ռուսաստանի, նավթային մեկ այլ առաջնորդ Սաուդյան Արաբիան ունի հզորությունների պաշար, որը նրան հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում կարճ ժամանակահատվածում ընդլայնել կամ նվազեցնել նավթի արդյունահանումն օրական մի քանի միլիոն բարելով (ռուս քաղաքագետները կարծում են, որ ամերիկյան ԿՀՎ-ի դրդմամբ՝ Սաուդյան Արաբիան 1980-ական թվականների երկրորդ կեսին կտրուկ մեծացրեց նավթի մատակարարումները համաշխարհային շուկա, ինչը հանգեցրեց նավթի համաշխարհային գնի վեցակի նվազմանը և ԽՍՀՄ-ին տնտեսական կոմայի մեջ դնելուն (վերջին հաշվով ԽՍՀՄի փլուզմանը), ինչն իրականացվեց ԽՍՀՄ-ի կողմից Աֆղանստան ներխուժելուց հետո և 1980-1988 թվականների Իրանա-իրաքյան պատերազմի (նավթով հարուստ երկրներ) ընթացքում – 168.am):

Բացի այդ, Էր-Ռիյադի գնային դիրքորոշումը կարող է էականորեն ուժեղացվել OPEC-ի հաշվին, որում թագավորությունը խաղում է էական դեր: Ի տարբերություն նավթային շուկայի, 2000-ական թվականներին գազային շուկայում գերիշխեցին խողովակաշարային և ոչ թե լցանավային մատակարարումները: Խողովակաշարի առկայությունն իր հերթին պարտավորեցնում է թե՛ մատակարարին, թե՛ նաև գնորդին:

Ի հավելումն՝ Ռուսաստանը հանդիսանում է գազային շուկայի անխոս առաջնորդ՝ թե՛ ապացուցված պաշարների, թե՛ նաև արդյունահանման տեսանկյունից (2013 թվականի արդյունքներով նա առաջին տեղը կզիջի ԱՄՆ-ին՝ կապված թերթաքարային հեղափոխության հետ): Մինչդեռ նավթի պաշարներով Ռուսաստանն աշխարհում զբաղեցնում է միայն 9-րդ տեղը:

Բացի այդ, գազային շուկայում Մոսկվայի առանցքային մրցակիցները շատ ավելի են ենթարկված աշխարհաքաղաքական ռիսկերի. նույն Իրանը գտնվում է միջազգային պատժամիջոցների ներքո՝ կապված իր միջուկային ծրագրի հետ:

Հետևաբար, ավելի մեծ կայունություն հաստատելու համար Ռուսաստանի ղեկավարությունը 2000-ական թվականներին շեշտը դրեց գազի վրա՝ որպես իր միջազգային ազդեցության ամրապնդման գլխավոր գործիք, որովհետև Մոսկվայի համար առավել հեշտ է ազդել հենց գազի գլոբալ շուկայի վրա:

Ընդ որում, ի հայտ եկավ գեոտնտեսական հարցը. ո՞ր ուղղությամբ մղել արտահանման հիմնական հոսքերը: 1990-ական թվականներին և 2000-ական թվականների սկզբներին Մոսկվան ուներ արտահանման ռազմավարության ստեղծման մի քանի այլընտրանք:

Օրինակ, տվյալ ժամանակ ռուսական նավթային մի շարք ընկերություններ սկսել էին լցանավային մատակարարումներն ԱՄՆ-ին ու միաժամանակ երկաթուղային մատակարարումները Չինաստանին: Սակայն գազի արտահանման համար հիմնական ուղղություն ընտրվեց եվրոպական ուղղությունը: Դա մասնակիորեն կապված է աշխարհաքաղաքական սովորույթի հետ:

Բանն այն է, որ Մոսկվան նաև «Սառը պատերազմի» ժամանակ է փորձել իր կողմ գրավել Արևմտյան Եվրոպային, այդ թվում նաև էներգակիրների օգնությամբ: Ընդ որում, եվրոպական տարբերակի օգտին է խոսում միանգամից մի քանի գործոն:

Մեծ դեր խաղացին Վլադիմիր Պուտինի և եվրոպական մի շարք առաջնորդների (Իսպանիայի վարչապետ Խոսե Մարիա Անսար, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնի, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակ, Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդեր) միջև ձևավորված անձնական լավ հարաբերությունները:

Այդ պլանում ցուցադրական է, որ «Հյուսիսային հոսք» գազատարի համար հիմնական շուկա պետք է դառնա Գերմանիան, իսկ «Հարավային հոսք» գազատարի համար՝ Իտալիան: Ընդ որում, եթե «Հյուսիսային հոսքը» քաղաքական կարիերայի ավարտից հետո գլխավորել է Գերհարդ Շրյոդերը, ապա «Հարավային հոսք» գազատարի նախագծում գերիշխում է իտալական մենեջմենթը:

Ջորջ Բուշ-կրտսերի ժամանակ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը հավելյալ պայմաններ ստեղծեց մի կողմից Մոսկվայի, իսկ մյուս կողմից եվրոպական հիմնական մայրաքաղաքների՝ Բեռլինի ու Փարիզի միջև դաշինքի համար: Ընդ որում, չնայած Ռուսաստանի հետ էներգետիկ գործընկերության հարցում Եվրահանձնաժողովի զուսպ դիրքորոշմանը՝ 2000-ական թվականների սկզբներին Բրյուսելը չի ունեցել իրական այլընտրանք:

«Հարավային հոսք» գազատարի հետ մրցակցող Nabucco գազատարի նախագիծը, որը պետք է Եվրոպա գազ հասցներ Մերձավոր Արևելքից, Կենտրոնական Ասիայից ու Հարավային Կովկասից, ձգձգվում էր հումքի բազայի բացակայության պատճառով: Այդ ռազմավարության շրջանակներում Ռուսաստանը եվրոպական առավել մոտ երկրների առանցքային ընկերություններին թուլատրեց մասնակցել իր տարածքում նախագծերի իրագործմանը:

Դա մասնավորապես վերաբերում է իտալական Eni և Enel, գերմանական E.On ու ֆրանսիական Total ընկերություններին, որոնք ստացան մի շարք ակտիվներ, այդ թվում նաև Ռուսաստանում արդյունահանման իրավունք: Միաժամանակ ռուսական ընկերությունները ձեռք բերեցին վերամշակման ու վաճառքի ակտիվներ ԵՄ-ի տարածքում:

Սակայն ռուսական էներգետիկ ռազմավարության առանցքային տարրը դարձավ երկու գազամուղերի նախագծերի գործարկումը: «Հարավային» և «Հյուսիսային» հոսքերի ընդհանուր թողունակությունը (հաշվի առնելով նախագծային հզորությունը՝ ներառյալ «Հյուսիսային հոսքի» երրորդ ու չորրորդ ճյուղերը) կազմում է տարեկան մոտ 120 միլիարդ խորանարդ մետր, ինչը 4 անգամ գերազանցում է կյանքի չկոչված Nabucco նախագծին, կամ էլ 12 անգամ ավելին է՝ համեմատած նրանից (Nabucco-ից) մնացած TAP («Անդրադրիատիկ» գազատար) նախագիծը, որի ռեսուրսային բազան գտնվում է Կասպիցում:

Մոսկվան նաև հուսով էր, որ էներգետիկան կդառնա տնտեսական գործընկերության հիմքը՝ ներառյալ նաև բարձրտեխնոլոգիական ոլորտի համագործակցությունը: Ռուսական պետական կորպորացիաներն ակտիվորեն սկսեցին համագործակցել գործընկերների հետ, ինչն առաջին հերթին վերաբերում է Գերմանիային, Իտալիային ու Ֆրանսիային:

Չնայած այդ բոլոր փորձերին՝ էներգետիկ ոլորտում չստացվեց ռազմավարական համագործակցություն: ԵՄ-ը զգալի զգուշավորությամբ վերաբերվեց Ռուսաստանի չափազանց մեծ ազդեցության տակ ընկնելու հեռանկարին: Օրինակ, մինչև 2020 թվականը խողովակաշարային բոլոր նախաձեռնությունների ամբողջովին իրագործումը պետք է ԵՄ-ում ռուսական գազի բաժնեմասը մեծացնի մինչև 30 տոկոսի:

Սակայն հեղուկացված գազի շուկայի ընդլայնման և Ամերիկայում ու Ավստրալիայում թերթաքարային հեղափոխության պայմաններում կտրուկ նվազել է Ռուսաստանից օբյեկտիվ կախվածությունը: Դրա համար էլ եվրոպական Nabucco գազատարի նախագիծը հանգիստ փակեցին հենց այն ժամանակ, երբ ի հայտ եկավ ԱՄՆ-ից ու Կանդայից դեպի ԵՄ գազի արտահանման իրական հեռանկարը:

Բացի այդ, Մոսկվան զրկվել է իր անհատական հաղթաթղթերից. ներկայիս Եվրոպայում ղեկավար դիրքերում այլևս չկան Վլադիմիր Պուտինի «հին ընկերները», և անգամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգալիորեն նվազեցրել է ԵՄ-ի գործընկերների հետ շփումներում Ռուսաստանի գործողություններին իր աջակցությունը:

Դրանով իսկ Մոսկվան բախվեց ռազմական գործընկերություն կառուցելու հարցում Եվրոպայի ցանկություն չունենալու հետ: «Հյուսիսային» ու «Հարավային» հոսք գազատարների նախագծերն ամեն գնով (այդ թվում նաև Ուկրաինայի ու Բելառուսի հետ գազային պատերազմների հաշվին) իրագործելու փորձերն ավելի շուտ հանգեցրեին պատասխան պաշտպանական արձագանքի:

Եվրահանձնաժողովը 2012 թվականին սկսեց հակամենատիրական հետաքննություն անցկացնել «Գազպրոմի» նկատմամբ: Բացի այդ, սահմանափակվեց համաեվրոպական ցանցում արդեն իսկ գործարկված «Հյուսիսային հոսքի» գազը: Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) նույնպես հանդիսացել է Եվրոպայի հանդեպ Մոսկվայի քաղաքականության տարր:

«Արևելյան բլոկի» ստեղծումը հնարավորություն տվեց չինական շուկային ավելի ամուր կապել ՇՀԿ-ի մեջ մտնող Կենտրոնական Ասիայի նավթագազային երկրներին՝ Ղազախստանին ու Ուզբեկստանին՝ դրանով իսկ ռուսական արտահանման համար վերացնելով արևմտյան ուղղությամբ պոտենցիալ մրցակցին: Մոսկվան նույն ռազմավարությունն էր կիրառում նաև Թուրքմենստանի հետ հարաբերություններում:

Ինչ վերաբերում է բուն չինական շուկային, ապա Մոսկվան 2000-ական թվականների ընթացքում քանիցս բաց է թողել այնտեղ ամրապնդվելու հնարավորությունը: Բանն այն է, որ ընդհուպ մինչև 2008 թվականը Չինաստանի տնտեսական աճի տեմպերը կազմում էին տարեկան մոտ 12 տոկոս, ինչը նշանակում է նաև էներգակիրների պահանջի մեծացում:

Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ Պեկինը չափազանց ցավագին էր ընդունել մատակարարումների խզման սպառնալիքը: Հենց այդ շրջանում առաջին անգամ հայտնվեցին սոմալեցի ծովահենները, իսկ Իրանի արտահանման հնարավորությունները սկսեցին սահմանափակել նոր պատժամիջոցներով:

Հետևաբար, Պեկինը մեծապես շահագրգռված էր Մոսկվայի հետ դաշինք կնքելու պլանում: Այնուամենայնիվ, Ռուսաստանին ձեռնտու չեղան Չինաստանի առաջարկած գները, և դրա համար էլ բանակցություններն անցկացվեցին առանց հատուկ շտապողականության՝ թեև դեռևս 2006 թվականին Վլադիմիր Պուտինի չինական այցի ժամանակ համաձայնագիր ստորագրվեց Ռուսաստանից երկու գազամուղի կառուցման մասին:

Չինաստանի հետ կապված նախագծերի իրագործումը մեկնարկեց համաշխարհային ճգնաժամի սկսվելուց հետո, երբ արդեն Մոսկվան էր շահագրգռված Պեկինի ֆինանսական ռեսուրսներով: Արդյունքում, «Ռոսնեֆտը» և «Տրանսնեֆտը» ստացան 25 միլիարդ դոլարի աննախադեպ վարկ՝ նավթի մատակարարման գրավի դիմաց, սակայն պարտվեցին գնի հարցում:

Այսօր այլևս չի հաջողվի չինական գազային շուկա մուտք գործել նույն կերպ, ինչպես որ 2000-ական թվականներին էր: Չինաստանի տնտեսական աճի տեմպերը զգալի ցածր են՝ համեմատած 2000-ական թվականների հետ: Սակայն գլխավորն այն է, որ Պեկինը շատ քայլեր է գործել՝ Թուրքմենստանից կառուցելով խողովակաշար և կառուցելով հեղուկացված գազի ընդունման բազմաթիվ տերմինալներ:

Այդպիսով, ռուսական ընկերությունների կողմից չինական շուկա մուտք գործելը լինելու է արդեն Պեկինի պայմաններով: Փաստացիորեն, Մոսկվային այդպես էլ չհաջողվեց իրականացնել սեփական էներգետիկ քաղաքականություն՝ հենված վերջնական սպառողների հետ հարաբերությունների վրա:

Էներգետիկ շուկայում իր երկարաժամկետ շահերի ապահովումն անհնար է դառնում առանց հիմնական արտադրողների թվում ազդեցության մեծացման: Մերձավոր Արևելքում գոյություն ունեցող Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Իրան եռանկյունում գործնականում բացակայում է արմատական առաջընթացի հնարավորությունը, քանի դեռ նրա կողմերից մեկը չի դառնա արտաքին ուժեղ խաղացող:

Ներկայումս այդպիսի խաղացող է ԱՄՆ-ը, սակայն Վաշինգտոնը փորձում է միաժամանակ խաղալ այդ բոլոր երեք երկրների հետ, ինչի համար էլ աստիճանաբար կորցնում է վստահությունն անգամ բարյացակամ դաշնակիցների մոտ, ինչպիսիք են Անկարան ու Էր-Ռիյադը, ինչն ակնառու է WikiLeaks-ի փաստաթղթերից:

Ընդ որում, Մոսկվայի համար ներկայումս առավել իրատեսական է երևում Թուրքիայի հետ դաշինքը: Ի տարբերություն Մոսկվայի մյուս գործընկերների՝ Թուրքիայի համար էներգետիկ ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ (Ռուսաստանին է բաժին ընկնում Թուրքիա ներկրվող գազի 60-65 տոկոսը – 168.am): Առանց համաձայնեցված քաղաքականության, կարող են տուժել թե՛ մեկ, թե՛ մյուս շահերը:

Թուրքիայի տնտեսական աճի դանդաղումն անխուսափելիորեն ազդում է նաև ռուսական էներգակիրների ներկրման վրա: Վերջին տարիներին ստեղծվել է հենց այդպիսի իրավիճակ: Մյուս կողմից էլ ռուսական արտահանման վերակողմնորոշումը կարող է սահմանափակել թուրքական տնտեսության զարգացումը:

Քաղաքական պլանում Մոսկվան կարող է ստանալ ավելի մեծ դիվիդենդներ Անկարայի հետ հարաբերություններից: Բանն այն է, որ միայն Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանին հնարավորություն կտա ուժեղացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Հարավային Կովկասն ունի նման գործընկերության փորձ:

20-րդ դարի սկզբում «Կարմիր Անատոլիան» (քեմալական Թուրքիան) համաձայնության եկավ բոլշևիկյան Ռուսաստանի հետ Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցության գոտի անցնելու վերաբերյալ՝ որոշակի տարածքային զիջումների ու ռազմական-նյութական օգնության դիմաց (Մոսկվայի (16.03.1921) ու Կարսի (13.10.1921) պայմանագրեր – 168.am):

2008 թվականին Վրաստանում պատերազմի ժամանակ Թուրքիան (սևծովյան նեղուցներով) անցնելու հնարավորություն չընձեռեց ՆԱՏՕ-ի նավերին՝ ընդհուպ մինչև հակամարտության ավարտ (1936 թվականի հունիսի 22-հուլիսի 21-ի Մոնտրեի կոնվենցիայով էականորեն սահմանափակվում են Բոսֆոր ու Դարդանել նեղուցներով անցնող ոչ սևծովյան երկրների ռազմանավերի ջրատարողությունը և Սև ծովում մնալու ժամկետը – 168.am):

Ռազմավարական տեսանկյունից Մոսկվայի ու Անկարայի միությունը փաստացիորեն հնարավորություն կտա ավելի լավ վերահսկել եվրոպական շուկա հումքի մատակարարման հավելյալ աղբյուրները: Թուրքիան հնարավորություն է ստանում վերածվել իրական էներգետիկ հանգույցի՝ էներգակիրների վաճառքով, և ոչ թե լինել պարզապես տարանցիկ երկիր, ինչպես որ ներկայումս է (նկատի է առնվում սեփական տարածքով Եվրոպա անցնող էներգակիրների համար Թուրքիայի կողմից նոր սակագներ սահմանելու, այդ էներգակիրները ԵՄ-ին վերավաճառելու, Թուրքիայի կողմից ԵՄ-ին էներգետիկ շանտաժի ենթարկելու հնարավորությունը, ինչը կարող է պետք գալ ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցությունն ապահովելու համար – 168.am):

Մոսվկայի համար Թուրքիայի հետ միությունն իր հերթին հնարավորություն է տալիս ավելի էականորեն ազդել ԵՄ-ի շուկաների վրա: Այդ հողի վրա կարելի կլինի իրականացնել բազմաթիվ այլ նախագծեր. լոգիստիկ նախագծերից (Արևելյան Ասիայից Եվրոպա տարանցիկ միջանցք) մինչև քաղաքական, օրինակ Կենտրոնական Ասիայի իսլամական չափավոր կուսակցություններին համատեղ աջակցում՝ ի հակակշիռ արմատականների:

Ճիշտ է, գործընկերությունը բարդացնում են մի շարք կարևոր գործոններ: Դրանցից առաջինը շրջակա երկրների հետ սեփական խաղն առաջ տանելու Թուրքիայի ձգտումն է: Այսպես, Թուրքիան երկար ժամանակ (Սև ծովում) իր բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) «Հարավային հոսք» գազատարի կառուցման շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններն օգտագործել է որպես ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու լծակ՝ կապված իր եվրոպական ինտեգրման հարցի հետ:

Անկարան միաժամանակ չհրաժարվեց Nabucco և TAP նախագծերին աջակցելուց (Թուրքիան անգամ ներկայումս («Շահ Դենիզ» կոնսորցիումի կողմից TAP-ի օգտին ընտրություն կատարելուց հետ) հնարավոր է համարում Nabucco West գազատարի նախագծի իրագործումը` ըստ էության դառնալով ռուս-եվրոպական գազային մրցակցության («Հարավային հոսք» և Nabucco, TAP) իրական հաղթողը, քանի որ այդ բոլոր նախագծերը չեն շրջանցում իր տարածքը – 168.am):

Երկրորդ հարցը Հայաստանի խնդիրն է, ով Ռուսաստանի համար հանդիսանում է Հարավային Կովկասում առանցքային գործընկեր (և անգամ Մաքսային միությանն անդամակցելու հավանական թեկնածու): Երրորդ խնդիրն առնչվում է Կենտրոնական Ասիայում ազդեցության համար մրցակցությանը:

Եվ վերջապես, տվյալ ուղղությամբ Ռուսաստանի գլխավոր մարտահրավերը եվրոպական շուկայի գրավչության երկարաժամկետ անկումն է, ուր Ռուսաստանն առանց այդ էլ ունի ավելորդ հզորություններ՝ արտահանման համար: Տնտեսության ու բյուջեի եկամուտների անկման պայմաններում Ռուսաստանիը կարիք կունենա եկամուտների նոր աղբյուրների փնտրտուքի, այսինքն իր հումքի վաճառքի նոր շուկաների: Ազատ տեղեր դեռ կան Արևելյան Ասիայում՝ չնայած այդ շուկաները ներկայումս առաջարկում են առավել պակաս շահավետ պայմաններ, քան՝ Եվրոպան»:

Տեսանյութեր

Լրահոս