Բաժիններ՝

Վիլնյուսի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրից վերացվել է ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի հիշատակումը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը Վիլնյուսի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի նախագծից հանել է ԵՄ-ի մասին պայմանագրի հոդվածի հիշատակումը, որը նախատեսում էր եվրոպական արժեքները հարգող, եվրոպական յուրաքանչյուր երկրի կողմից ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն:

Այժմ տեքստում խոսք է գնում միայն նրա մասին, որ Վիլնյուսի գագաթաժողովի մասնակիցները հաստատում են եվրոպական ձգտումներն ու եվրոպական ընտրությունը և իրենց հավատարիմ լինելը կայուն և խոր ժողովրդավարություն կառուցելուն:

Նախագծի նախորդ տարբերակում նշված էր հետևյալը. «Գագաթաժողովը ճանաչում է յուրաքանչյուր մասնակից երկրի ինքնիշխան իրավունքը՝ հստակեցնել սեփական ձգտումները և ԵՄ-ի հետ հարաբերություններում վերջնական նպատակը, ինչպես նաև որոշել մնալ գործընկեր՝ համաձայն ԵՄ-ի մասին համաձայնագրի 8-րդ հոդվածի, կամ էլ իրականացնել սեփական եվրոպական ձգտումները՝ 49-րդ հոդվածին համապատասխան»:

Այժմ վերացվել է ԵՄ-ի մասին համաձայնագրի 49-րդ հոդվածի հիշատակումը, այդ հոդվածը կարևոր է թե՛ իրավական, թե՛ քաղաքական տեսանկյունից: Այդ հոդվածը նախատեսում է ԵՄ-ին անդամակցելու հայտի ներկայացման իրավունքի շնորհում եվրոպական յուրաքանչյուր պետության, որը հարգում և պարտավորվում է պահպանել հետևյալ արժեքները. մարդկային արժանապատվության, ազատությունների, ժողովրդավարության, հավասարության, իրավունքի գերակայության հարգանք և մարդու իրավունքների պահպանում:

Բացի այդ, այժմ «Արևելյան գործընկերության» վեց մասնակիցներն արդեն իսկ անվանվել են ոչ թե «պետություններ», այլ՝ «երկրներ»: Փորձագետներն այդ փոփոխությունները որակում են որպես հարված ԵՄ-ի այն երկրներին, որոնք հանդես են գալիս ԵՄ-ի ընդլայնման օգտին, ինչպիսիք են Լեհաստանն ու Շվեդիան,:

Փորձագետները դա միաժամանակ համարում են ԵՄ-ի այն երկրների հաղթանակ, որոնք թերահավատորեն են վերաբերվում ընդլայնմանը: Դա առաջին հերթին վերաբերվում է Գերմանիային, Ֆրանսիային, Նիդերլանդներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս