Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի զեկուցողները Հայաստանի վերաբերյալ զեկույց կպատրաստեն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի հարցով զեկուցողներ, Կոնգրեսի դիտարկման հանձնաժողովի անդամներ Նայջել Մերմագենին եւ Լյուդմիլա Սֆիրլոգային, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: Պատվիրակությունը Հայաստանում է` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային համապատասխան` տարածքային ժողովրդավարության եւ ապակենտրոնացման հարցում ստանձնած պարտավորությունների կատարման զեկույցի պատրաստման համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով:
Փոխվարչապետը նշել է, որ հայկական կողմը պատրաստակամ է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել առաքելությանը եւ պատասխանել է նաեւ պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանում ապակենտրոնացման, տեղական ժողովրդավարության, համայնքների կարողությունների զարգացման խնդիրներին, վարչատարածքային բարեփոխումներին:
Պատասխանելով համայնքների ֆինանսական կարողությունների մեծացման մասին հարցին, փոխվարչապետը նկատել է, որ այս խնդիրը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Վերջին տարիներին ուշադրությունը սեւեռված է եղել տեղերում վարչարարության բարելավմանը: Որպես օրինակ նա նշել է, որ 2007թ. հավաքագրված սեփական եկամուտների ընդհանուր ծավալը կազմում էր 16-17 մլրդ դրամ, մինչդեռ այս տարին կավարտվի գրեթե կրկնակի ցուցանիշով: «Հիմա մեզ համար ամենահիմնական խնդիրը պետության կողմից համայնքներին տրամադրվող ֆինանսական աջակցությունն ավելի նպատակային եւ ավելի հասցեական դարձնելն է: Այդ պատճառով էլ մշակվել է ֆինանսական համահարթեցման մասին օրենքի նոր նախագիծը, որի լրամշակման ուղղությամբ աշխատում ենք նաեւ եվրոպացի փորձագետների հետ»,-նշել է Ա. Գեւորգյանը: Նա միաժամանակ նկատել է, որ ավելացվել է նաեւ համայնքներին պետության կողմից համահարթեցման նպատակով հատկացվող դոտացիաների ծավալը. 2007թ. 18 միլիարդի փոխարեն այս տարի համայնքներին կհատկացվի շուրջ 36 մլրդ դրամ: Պատասխանելով համայնքներում մարդկային ռեսուրսի զարգացման մասին հարցին, Ա. Գեւորգյանը նշել է, որ ձեւավորվել եւ արդեն գործում է համայնքային ծառայության ինստիտուտը, որի հիմքերը Խարտիան ստորագրելու պահին` 2002թ-ին, անգամ դրված չէին, պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստումներ եւ ուսուցումներ ինչպես համայնքային ծառայողների, այնպես էլ համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների համար:
Փոխվարչապետը տեղեկություններ է ներկայացրել նաեւ վարչատարածքային բարեփոխումների իրականացման սկզբունքների մասին: Նա նաեւ ադրադարձել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի՝ տեղական ժողովրդավարությանը վերաբերող հատվածին` նշելով, որ մի քանի շաբաթ առաջ ԵԽ ներկայացուցիչների մասնակցությամբ ղեկավար կոմիտեի նիստում որոշվել են իրականացվելիք աշխատանքների ուղղությունները: Դրանք վերաբերելու են վարչատարածքային բարեփոխումների, ֆինանսական ապակենտրոնացման հետագա քայլերի օժանդակությանը, համայնքների կարողությունների զարգացմանը:
Զեկուցողները տեղեկացրել են, որ այցից հետո կպատրաստեն զեկույցի եւ առաջարկությունների նախագիծ, որոնք կներկայացվեն Կոնգրեսի դիտարկման հանձնաժողովին, Կոնգրեսի լիագումար նիստում այն նախատեսվում է քննարկել 2014թ. մարտին: Զեկույցի նախագիծը նախապես կներկայացվի նաեւ հայկական կողմին` առաջարկություններ ստանալու նպատակով: