Բաքվում սովորական նվերը երկու կիլոգրամ խավիարն է. Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» շուրջ The Guardian-ի անդրադարձը

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ European Azerbaijan Society (Teas) կազմակերպությունը բազավորված է Լոնդոի Մեյֆեր բացառիկ շրջանում և կազմակերպում է բոլոր կուսակցությունների քաղաքական գործիչների համար հացկերույթներ:

Այն, իբրև թե, անկախ առևտրային կազմակերպություն է, որը Ներկայացուցիչների պալատի և Եվրախորհրդարանի անդամներին, ինչպես նաև չինովնիկներին կանոնավորապես ուղարկում է հետխորհրդային երկիր (Ադրբեջան), ուր նրանց ընդունում են ճոխ հյուրանոցներում:

Իրազեկ աղբյուրը թերթին հայտնել է հետևյալը. «Դա իսկական հանգիստ է՝ բազմաթիվ արժեքավոր նվերներով: Հիմնականում նվիրում են մետաքսե թանկարժեք գորգեր, ոսկյա և արծաթյա զարդեր, ալկոհոլ, սև խավիար և գումար: Բաքվում սովորական նվերը երկու կիլոգրամ խավիարն է»:

Իրավապաշտպանների մոտ հարցեր են առաջանում՝ կապված այդ կազմակերպության կողմից «սև խավիարի դիվանագիտության» օգտագործման հետ՝ բարելավելու համար աշխարհի ամենաբռնակալական երկրներից մեկի իմիջն այն ժամանակ, երբ երկրի վրա կախված է (նախագահական) ընտրությունների արդյունքները կեղծելու և անկախ լրագրողների ու ընդդիմադիր կուսակցությունների հետ խիստ վերաբերմունքի մեղադրանքը:

Կազմակերպությանն անվանում են ադրբեջանական ընտրանու «խոսափող», որին (ընտրանուն) է պատկանում երկրի նավթարդյունաբերության ու հանքարդյունաբերության ոլորտի զգալի մասը: Ընկերության նախագահը Տալե Հեյդարովն է: Բրիտանական պարբերականը նրան բնութագրում է հետևյալ կերպ.

«Լոնդոնում բնակվող Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քամալադդին Հեյդարովի որդին, որը մտնում է նախագահ Իլհամ Ալիևի մերձակա շրջապատի մեջ և որին Ադրբեջանում հաճախ որակում են որպես ամենակարող մարդ»:

European Azerbaijan Society-ն ամուր կապեր ունի Վեսթմինսթերում (բրիտանական խորհրդարան), նա քարտուղարային աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանի գործերով խորհրդարանական խմբին և համառորեն զարգացնում է հարաբերությունները քաղաքական բոլոր ճամբարների քաղաքական գործիչների հետ՝ պատգամավորների համար կազմակերպելով շքեղ ընդունելություններ նրանց կուսակցությունների ամենամյա կոնֆերանսների ժամանակ:

Փաստաթղթերի համաձայն, նա առնվազն 71.740 ֆունտ սթեռլինգ է վճարել պահպանողական պատգամավորներին՝ նրանց ադրբեջանական այցի ֆինանսավորման վրա, իսկ լիբերալ պատգամավորների այցի պարագայում ծախսել է առնվազն 9700 ֆունտ սթեռլինգ:

Թերթի պնդմամբ՝ European Azerbaijan Society-ն ազդեցություն ունի նաև բրիտանացի գործարարների շրջանում: Նախորդ ամիս նա կազմակերպել է առևտրային նշանակալից կոնֆերանս, ուր քարոզչություն է իրականացվել Ադրբեջանի կյանքին Բրիտանիայի մասնակցության օգտին:

Քննադատներն անում են հետևյալ հարցադրումը. մի՞գուցե Մեծ Բրիտանիան պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին, քան գազային հանքավայրերին:

Human Rights Watch կազմակերպությունը սեպտեմբերին հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը կիրառում է նպատակամղված, կոշտ ռազմավարություն՝ այլակարծությունը սահմանափակելու համար:

Սակայն Ադրբեջանի նախագահական ընտրություններում (այս տարվա հոկտեմբերի 9) դիտորդի դերում հանդես եկած բրիտանացի պատգամավորներն առարկում են: Օրինակ, պատգամավոր Մայք Հենքոքը հայտարարել է, որ ընտրություններում չի տեսել անգամ փոքրիկ թերություններ:

Թերթն ընդգծում է, որ Հենքոքի օգնականն ու սիրուհին ժամանակին ստացել է 3000 ֆունտ սթեռլինգ՝ European Azerbaijan Society-ի համար աշխատելու դիմաց: Հենքոքը հայտարարել է, որ դիտորդական առաքելությունը կիսում է իր դիրքորոշումը, իսկ իր օգնականի աշխատանքը ձևակերպված է խորհրդարանում և համապատասխանել է բոլոր կանոններին:

Տեսանյութեր

Լրահոս