Որոշողը կորոշի
Շաբաթ օրը Ժնևում Իրանի ու «Վեցյակի» միջև իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը կարող է միանգամայն նոր իրավիճակ ստեղծել մեր տարածաշրջանում՝ ուղղակիորեն առնչվելով Հայաստանին: Իհարկե, նոյեմբերի 24-ի պայմանավորվածությունը դեռևս համարվում է ընդամենը առաջին քայլն իրանական խնդրի լուծման հարցում, սակայն այն արդեն իսկ աննախադեպ կարելի է համարել միջազգային հանրության ու մեր հարևան երկրի միջև, մեղմ ասած, խնդրահարույց հարաբերություններում: Պատահական չէ, որ արդեն իսկ այդ պայմանավորվածությանը հաջորդել են Իրանի նկատմամբ որոշակի պատժամիջոցների վերացման, իրանական ակտիվների ապասառեցման քայլեր: Ակնհայտ է, որ մեր անմիջական հարևան երկրի և միջազգային հանրության, մասնավորապես` Արևմուտքի հարաբերությունների նորմալացումը Հայաստանի համար կարող է լուրջ հնարավորություններ ստեղծել ինչպես` քաղաքական, այնպես էլ առաջին հերթին, տնտեսական իմաստով:
Խոսքը վերաբերում է ինչպես Իրանը՝ որպես հայկական ապրանքների փոխադրման տարանցիկ ճանապարհ օգտագործելու, այնպես էլ` իրանական ապրանքների համար տարանցիկ երկիր դառնալու, և, ամենակարևորը` Իրանի հետ արդեն իսկ գոյություն ունեցող էներգետիկ հարաբերությունները խորացնելու հնավորություններին: Բոլոր այս հեռանկարներն, իհարկե, չափազանց դրական են Հայաստանի համար:
Սակայն, հաշվի առնելով հատկապես վերջին ամիսների իրադարձությունները, ամենակարևոր հարցը դառնում է այն, թե ո՞վ է տնօրինելու իրանական խնդրի լուծման պոտենցիալ հնարավորությունները: Այդ հարցի պատասխանն ակնհայտ է, եթե հաշվի առնենք, որ Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ իրանական գազի ներմուծումն ու տարանցումը, կարող էր դառնալ Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածությունը, էապես նվազեցնելու հնարավարություն: Այնպես որ, որոշողը լինելու է ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանի իշխանությունը, որին սեպտեմբերի 3-ից հետո ՀՀ իշխանությունները դե ֆակտո հանձնել են այլ երկրների հետ հարաբերություններում Հայաստանին վերաբերող որոշումներ կայացնելու իրավունքը: Ու ամենևին պատահական չէ, որ մինչ մեր տարածաշրջանում կարևորագույն իրադարձություններ են տեղի ունենում, ՀՀ իշխանություններն ընդամենը պատրաստվում են Վլադիմիր Պուտինի ընդունելությանը:
Իսկ նա այցելելու է ոչ թե Հայաստան, այլ Մաքսային միության տարածքներից մեկը, որը սահմանակից է Թուրքիային ու Իրանին: