Մեղադրվում է մանկապարտեզին կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու մեջ
Քրեական վերաքննիչ դատարանում նոյեմբերի 25-ին կշարունակվի կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու գործով բողոքի քննությունը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որպես անհատ ձեռնարկատեր մատակարարման պայմանագիր է կնքել Ջանֆիդա գյուղի մանկապարտեզի տնօրենի հետ: Պայմանագրով Ա. Հակոբյանը պարտավորվել է մանկապարտեզին մատակարարել սննդամթերք, այդ թվում՝ կարագ: Ըստ մեղադրանքի՝ կարագի փոխարեն մանկապարտեզին Ա. Հակոբյանը մատակարարել է 6999.060 դրամ արժողությամբ 406.700կգ սփրեդ: Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել սպառողներին խաբելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մաս):
Ըստ datalex-ի՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ա. Հակոբյանին մեղավոր է ճանաչել: Նա առաջին ատյանի դատարանի վճռով՝ դատապարտվել է տուգանքի 400.000 դրամի չափով: Դատարանը որոշել է նաև Ա. Հակոյանի նտեսությունից և դրամական միջոցներից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 82.440 դրամ գումար՝ որպես փորձաքննությունների վրա ծախսված արժեք: Առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան: Ամբաստանյալը պահանջել է հռչակել իր անմեղությունը և կայացնել արդարացման դատական ակտ:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: