«Հա շեշտում են՝ Յուրի Վարդանյանի որդին, Յուրի Վարդանյանի որդին… Մեկ ուրիշի որդին որ լիներ` չէին շեշտի, չէ՞» (տեսանյութ)

«Ես բացարձակապես խնդիր չունեմ իմ որդու հետ կապված: Ամեն ընտանիքում էլ երևի նման խոչընդոտներ, խնդիրներ, դեպքեր լինում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը` անդրադառնալով իր որդու հետ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի նկատմամբ, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը» և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «թմրամիջոցների մաքսանենգությունը»: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր երկամսյա կալանքը:

Հոկտեմբերի 16-ին հարուցված քրեական գործն ուղարկվել էր քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերի քննության վարչության վարույթ:

Յուրի Վարդանյանը մեզ հետ զրույցում հույս հայտեց, որ մարդիկ կհասկանան իրեն և անընդհատ իրեն չեն մեղադրի որդու քայլերի համար. «Եվ ես կուզենամ, որ յուրաքանչյուր հայ մարդ ըմբռնումով մոտենա այս ամենին: Իհարկե, ես որպես ծնող եմ ասում, ինձ համար սա շատ ցավալի է, անընդունելի է, որ նման դեպք իմ պահով կատարվեց, հնչեղություն ստացավ ամբողջ Հանրապետությունով, աշխարհով: Բայց խնդիր չունեմ նրա համար, շատ լավ գիտեմ իմ տղային, որ որևիցե լուրջ խնդիր չունի այդ ուղղությամբ: Այսօր ինքը այնտեղ է, որտեղ որ պետք է… այս պահին հետաքննություն է գնում և եթե խնդիր ունի` օրենքի սահմանված կարգով պատասխանատվություն կկրի»:

Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում այն տեսակետներին, թե կօգտագործեք Ձեր պաշտոնը նրան ազատ արձակելու համար, կմիջնորդեք դատական ընթացքին, նախարարը պատասխանեց. «Ես էդ առումով ոչ պաշտոնը կօգտագործեի, ոչ էլ Յուրի Վարդանյան իմ անունը, որովհետև եթե սխալ կա, սխալի պատասխանը պետք է նա տա, վերջը երեկվա 12 տարեկանը չի, որ խառնվեմ…»:

Յուրի Վարդանյանը վրդովմունքով արձանագրեց, թե լրատվամիջոցները այդ գործի առնչությամբ անընդհատ շեշտում են իր անունը` համարելով դա սխալ. «Անընդհատ շեշտում են Յուրի Վարդանյան, Յուրի Վարդանյան… հիմա որ այդ խնդիրը կա` ես ի՞նչ ասեմ: Մանավանդ` ընդդիմադիր թերթերը հա շեշտում են, թե Յուրի Վարդանյանի որդին, Յուրի Վարդանյանի որդին… Մեկ ուրիշի որդին որ լիներ` չէին շեշտի, չէ՞, էդ մասին»:

Դիտարկմանը, թե շեշտում են նաև, որ նման դեպքից հետո ճիշտ կլիներ հրաժարական ներկացնեիք, նախարարն այսպես արձագանքեց. «Եթե կարծեի ճիշտ է, հենա ես վաղուց արդեն հրաժարական կտայի»:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս