Յուրի Վարդանյանի որդուն կալանավորելու որոշումը չի բողոքարկվի
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու որոշումը չի բողոքարկվելու:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին այսօր հայտնել է Դ.Վարդանյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը: Նա պարզաբանել է , որ իր կողմից մեղադրյալի պաշտպանությունը ստանձնելու պահին արդեն սպառված է եղել որոշումը բողոքարկելու համար օրենքով սահմանված ժամկետը:
Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը) և 215 հոդվածի 2-րդ մասով (Մաքսանենգությունը):
Հոկտեմբերի 15-ին Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ հոկտեմբերի 16-ին հարուցված քրեական գործն ուղարկվել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթ: