Հայկական իշխանության ուկրաինական «սփոփանքը»

Երկու օր է` Հայաստանի իշխանական շրջանակներում իսկական ցնծություն է տիրում՝ կապված Ուկրաինայի իշխանությունների՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման գործընթացը դադարեցնելու որոշման հետ: Իշխանության շատ ներկայացուցիչներ մասնավոր զրույցներում չեն թաքցնում իրենց ոգևորությունը, որի հիմքում ընկած է ուկրաինացիների անհաջողությամբ սեփական անկարողությունը մխիթարելու մոլորությունը:

Այդ մխիթարանքի իմաստն այն է, որ անգամ 46 միլիոն բնակչություն ունեցող Ուկրաինան չկարողացավ դիմակայել Ռուսաստանի ճնշմանը և ավելի խայտառակ կերպով հետ կանգնեց Եվրոպայի հետ ասոցիացումից, քան անհամեմատ ավելի փոքր ու աղքատ Հայաստանը, որը ասոցիացումից հրաժարվեց ոչ թե` վիլնյուսյան գագաթաժողովից ընդամենը մեկ շաբաթ, այլ` ամբողջ 3 ամիս առաջ:

Ուրիշի խեղճությամբ սեփական խեղճությունն ու ստրկությունն արդարացնելն անգամ կենցաղային մակարդակում թուլություն նշան է: Պետության պարագայում՝ առավել ևս: Հատկապես, որ մեր խեղճության արդարացումը զուգակցվում է Ռուսաստանի հզորության ճանաչման և դրան խոնարհվելու միջոցով: Իրականում Ուկրաինայի հետ տեղի ունեցածը մեզ պետք է ոչ թե ոգևորի, այլ հերթական մտահոգության առիթը դառնա, քանի որ Եվրոպայի հանդեպ այս «հաղթարշավից» հետո Ռուսաստանը դառնալու է ավելի սանձարձակ, ինչն առաջին հերթին` արտահայվելու է Հայաստանի հետ հարաբերություններում:

Ինչ վերաբերում է Ուկրաինային, չնայած վերջինիս իշխանությունը շատ ավելի ամոթալի կերպով հրաժարվեց ԵՄ-ի հետ ասոցիացումից, սակայն քաղաքական ուժերն ու հասարակության որոշակի հատվածը համարժեք արձագանքեցին՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելով Ուկրաինան ռուսական լծի տակ վերադարձնելու իշխանական որոշմանը: Ի տարբերություն Հայաստանի, որտեղ հիմնական ընդդիմադիր ուժերը, բացահայտ կամ թաքնված, շատ ավելի ջերմեռանդորեն պաշտպանեցին Մաքսային Միությանն անդամագրվելու որոշումը, քան այդ որոշումը կայացրած իշխանությունը:

Տեսանյութեր

Լրահոս