Բաժիններ՝

«Նաիրիտը» սպասում է Հովիկ Աբրահամյանին

«ՀՀ Ազգային ժողովը, հաշվի առնելով «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերության մասնավորեցման և ստանձնած վարկային պարտավորությունների վերաբերյալ հանրային լուրջ հնչեղություն ունեցող բազմաթիվ հրապարակումները, անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու փաստը, ինչպես նաև` նկատի ունենալով հանրապետության սոցիալ տնտեսական վիճակի վրա ընկերության զգալի դերակատարությունը և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 73-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածներով, որոշում է ստեղծել «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով»…

Այս որոշումը դեռևս իրականություն չէ, բայց Հովիկ Աբրահամյանի թեթև ձեռքով կարող է մոտ ապագայում իրողություն դառնալ: Որոշման նախագիծն անցյալ տարի ԱԺ քննարկմանն էր ներկայացրել ՀՅԴ խմբակցությունը, ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովը սեպտեմբերի սկզբին դրական եզրակացություն էր տվել դրան: Իսկ նման դեպքերը, երբ մշտական հանձնաժողովներից որևէ մեկը ընդդիմադիր ուժի ներկայացրած որևէ նախագծի դրական եզրակացություն է տալիս, հաճախ չի լինում: Ներկայումս այն ԱԺ մեծ օրակարգում սպասում է իր հերթին:

«Հիմնական խնդիրը «Նաիրիտի» ապագայի հարցն է, որովհետև գործարանը արդյունաբերության լոկոմոտիվային ձեռնարկություններից է և մեզ համար կարևոր է թե´ քիմիայի զարգացման ու թե´ տնտեսության զարգացման ու աշխատատեղերի ստեղծման առումով: Մենք, որպես երկիր, վերջապես պետք է կողմնորոշվենք՝ ուզո՞ւմ ենք «Նաիրիտը», թե՞ ոչ: Եթե ուզում ենք, ապա ինչ պետք է անել և ինչու չի արվել մինչև հիմա ու, բնականաբար, պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության»,- 168.am-ին ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Հանձնաժողովը, եթե իհարկե ի վերջո այն ստեղծվի, ուսումնասիրելու է «Նաիրիտի» մասնավորեցման գործընթացը, ՀՀ կառավարության և գնորդի ստանձնած պարտավորություններն (ըստ կատարման ժամանակացույցի) ու դրանց փաստացի կատարման վիճակը, մասնավորեցումից մինչև այժմ ընկերության բաժնետերերի փոփոխության, կախյալ կամ դուստր ընկերությունների ձևավորման գործընթացը և նպատակները, «Նաիրիտի» շուրջ դրա բաժնետերերի, ինչպես նաև կախյալ կամ դուստր ընկերությունների կողմից ստանձնած վարկային պարտավորությունները և դրանց օգտագործման ուղղությունները, գործարանի վերագործարկման համար ընկերության ստանձնած վարկային պարտավորությունները և դրանց օգտագործման արդյունավետությունը, ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը և կառավարման արդյունավետությունը, և այլն:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս