Ուկրաինայի որոշումը չի ազդի Վրաստանի եվրաինտեգրման վրա. Ալեքսի Պետրիաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի՝ եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է երեկ Ուկրաինայի կառավարության կայացրած որոշումը՝ կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախապատրաստական գործընթացը կասեցնելու հետ:

Պետրիաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի այդ որոշումը չի ազդի եվրաինտեգրման հարցում Վրաստանի իշխանությունների որոշման վրա. «Լավ կլինի, եթե Ուկրաինան նույնպես ներառվի եվրաինտեգրման գործընթացի մեջ: Սակայն մենք իսկապես շարունակում ենք խորացնել եվրաինտեգրման գործընթացը՝ մեր պլանի ու նշված առաջադրանքներին համապատասխան»:

Ակնկալվում է, որ Վրաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու է նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում: Դրանից հետո պլանավորված է տվյալ փաստաթուղթը ստորագրել 2014 թվականի սեպտեմբերին: Վիլնյուս մեկնող վրացական պատվիրակությունը գլխավորելու է նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Տեսանյութեր

Լրահոս