Նիկոլ Փաշինյան. Կառավարության հրաժարականը համարում եմ անհրաժեշտ

Հատված parliamentmonitoring.am-ին տված ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից:

– Նոյեմբերի 15-ի արտահերթ նիստի տապալումից հետո  խորհրդարանական 4 ուժերը որոշել են շարունակել պայքարը` ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրման, ու չի բացառվում` էլի արտահերթ նախաձեռնեն: Կարծում եք` այս ամենը արդյունք կտա՞:

– Այն, ինչ առաջարկվում է մեր ներկայացրած նախագծով (պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը հետաձգել մեկ տարով), իրականում համարժեք է կառավարության հրաժարականի պահանջին, որովհետև կառավարությունը, համակարգը բավական երկար ժամանակ պատրաստվել է դրան, իր բոլոր հաշվարկներն ու նախապատրաստություններն արել ըստ այդմ, 2014 թվականի բյուջեն էլ կառուցված է կուտակային կենսաթոշակների համակարգի հաշվարկով:

Այն խղճուկ տնտեսական աճը, որ կանխատեսել են պետական բյուջեի նախագծում, մեծ մասամբ կապված է այս համակարգի ներդրման հույսերի հետ: Ներդրումները Հայաստանում նվազում են, կառավարությունը չգիտի ինչպես լուծել այդ հարցը եւ որոշել է գնալ կարճ ճանապարհով. օրենքի ուժով  գումարներ կորզել քաղաքացիներից, մեր տնտեսության խորքային պրոբլեմները էլի ու էլի քողարկելու, թաքցնելու համար:

Հիմա՝ իրատեսակա՞ն է արդյոք կուտակային պարտադիր կենսաթոշակի համակարգի հետաձգում ակնկալելը. եթե խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է պաշտոնանկ անել կառավարությանը, իրատեսական է, եթե ոչ, ուրեմն, իրատեսական չէ:

– Եթե նորից արտահերթ նիստի համար ստորագրահավաք կազմակերպվի,  կմասնակցե՞ք:

– Իհարկե, որովհետև կառավարության հրաժարականին կողմ եմ, ավելին՝ դա համարում եմ անհրաժեշտ:  Իսկ եթե խոսում ենք պահանջատեր քաղաքացիների հետ, ես անձամբ նախընտրում եմ որևէ խոստում չտալ, որովհետև շատ կարևոր եմ համարում, որ ցանկացած խոստում իրականանա, իսկ այս դեպքում՝ համակարգը երկար տարիներ ընթացել է մի ուղղությամբ, եւ մի ամսում դժվար կլինի այն կանգնեցնել, որքան էլ մենք դեմ ենք տեղի ունեցողին: Կանգնեցնելու տարբերակը վերը արդեն շարադրեցի:

«168 ժամ» պարբերականին տված հարցազրույցում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, ի վերջո, բացատրեց, որ իր առանձնատունը կառուցում է իր բարեկամ Ալբերտ Բոյաջյանի փողերով: Այս բացատրությունը բավակա՞ ն է, որպեսզի Դուք այլևս նրան չհարցնեք առանձնատան մասին:

– Իհարկե, ոչ: Ես խորհրդակցել եմ ֆինանսիստների հետ, ու Իշխան Զաքարյանի պատասխանները բազմաթիվ այլ հարցեր են առաջ բերում: Այս պահի արդյունքներից, ամեն դեպքում, դժգոհ չեմ, որովհետև հասանք նրան, որ Իշխան Զաքարյանը բացեց խաղաքարտերը ու ի ցույց դրեց մի ֆինանսական շղթա, որ լրջագույն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում եւ որի վերաբերյալ ես շարունակելու եմ հարցեր բարձրացնել:

– Ի դեպ` օրենքների մասին: Parliamentmonitoring.am-ի վիճակագրության համաձայն` ԱԺ-ում ընդունվող օրենքների 86-87%-ի հեղինակը կառավարությունն է: Մեծամասնության ներկայացուցիչները ասում են, որ այդպես է բոլոր երկրներում: Դուք սա օրինաչա՞փ եք համարում:

– Կառավարությունը բոլոր երկրներում միշտ էլ առաջինն է օրենքներ գրելու գործում, որովհետև կառավարման ընթացքում առաջինն է տեսնում փոփոխությունների անհրաժեշտությունը: Կարող էր ակտիվ լինել նաև ընդդիմությունը, բայց երբ Սահմանադրությամբ սահմանվող արտահերթն է տապալվում մեծամասնության ջանքով, օրենք գրելը դառնում է անիմաստ: Կառավարությունը դրական եզրակացություն չի տալիս, նախագիծը օրակարգ չի մտնում: Կառավարության օրենսդրական գործունեության մեջ անտրամաբանականն այն է, որ իր նախաձեռնությամբ փոխված նույն օրենքի նույն հադվածը էլի, էլի ու էլի է փոխվում, ինչը նշանակում է, որ գործադիրը մեծ հաշվով ռազմավարություն չունի ու չգիտի, թե ինչ պետք է անել երկարաժամկետ իմաստով եւ կայացնում է այսրոպեական որոշումներ: Եթե ինչ-որ հարցերում ռազմավարության նման ինչ-որ բան կա, դա արդեն օրենքի ուժով քաղաքացիներից գումարներ կորզելու աշխատաոճն է:

– Չունե՞ք զգացողություն, որ արդար չէ, երբ որոշ պատգամավորներ շատ հաճախ են գնում գործուղումների, Դուք` ոչ:

– Կարծում եք` եթե ես ուզենամ մեկնել որևէ գործուղման, չե՞մ կարող:

– Պատվիրակությունները ԱԺ նախագահն է կազմավորում:

– Այսինքն, եթե ուզենամ, որ ինձ ընդգրկի պատվիրակության կազմում, ինքը չի՞ ընդգրկի: Ասացի արդեն, որ ինձ համար ամենակարևորն այն է, որ իմ արած-չարածի համար կարողանամ հաշվետու լինել հանրությանը: Եթե պիտի գնամ Բուրկինա Ֆասո, ուրեմն պիտի ունենամ հիմնավորումը, որպեսզի եթե Դուք հարցնեք, կարողանամ համոզիչ կերպով բացատրել, թե ինչով էի զբաղված Բուրկիա Ֆասոյում, այդ ի՞նչ կարևոր գործ էի անում այնտեղ: Եթե չունեմ այդ հարցի պատասխանը, համոզված եղեք, չեմ գնա Բուրկինա Ֆասո:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս