Բաժիններ՝

Պատերազմները մեր աշխարհը դարձրել են ավելի անվտանգ և հարուստ. Յան Մորրիս

Գերմանական Handelsblatt պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Սթենֆորդի համալսարանի պատմաբան Յան Մորրիսը պատերազմները բաժանել է երկու մասի` օգտակար և վնասակար. «Օգտակար պատերազմներն այն պատերազմներն են, որոնք մեր աշխարհը դարձնում են ավելի մեծ, անվտանգ և բարեկեցիկ: Մինչև սառցադաշտային պատերազմն աշխարհում չեն եղել պատերազմներ:

Երկար ժամանակ մարդկության պատմությունը չի տեսել օգտակար պատերազմներ, և Չինաստանում Խան դինաստիայի ավարտը կամ Հռոմեական կայսրության փլուզումը հանդիսանում են դրա օրինակները: Վնասակար պատերազմներ մղող կայսրությունը դատապարտված է անհետացման: Ես եկա այն եզրակացության, որ մարդկության պատմության մեջ պատերազմները մշտապես հանդիսացել են շարժիչ ուժ:

Օգտակար շատ բաներ, որոնք ներկայումս ունենք մենք, հայտնվել են պատերազմների արդյունքում, ինչպիսիք են սոցիալական ապահովման համակարգը կամ ատամնաբույժների ծառայությունը: Իհարկե, դա հնչում է հակասական, սակայն փաստը նաև այն է, որ պատերազմները մեր աշխարհը դարձրել են ավելի անվտանգ և հարուստ:

Երբ զինված հակամարտության ժամանակ կողմերից մեկը հաղթել և ստրկացրել է մյուսին, ապա դա մշտապես նողկալի է թվում: Սակայն պատմությունը վկայում է, որ երբ հաղթող կողմը դարձել է ավելի մեծ, իսկ նրա մոտ կառավարման ձևը եղել է բավական ճկուն, ապա անմիջական հաղթողներին հաջորդած տիրակալները նախևառաջ ձգտել են օգնել պարտվածներին հարմարվել նրանց համար նոր պայմաններին:

Բնականաբար, այդ գործընթացը զբաղեցրել է տևական ժամանակ, սակայն հասարակությունը հայտնվել է շահողի դիրքում երկարատև հեռանկարում:
Իսկ որպեսզի հասարակությունն աճի, ապա նախ պետք է տեղի ունենա պատերազմ: Վերջին 10.000 տարիներին պատմությունը գործնականում ականատես չի եղել օրինակների, որ հասարակությունն աճի առանց նրա, որ դրան չնախորդեն պատերազմները:

Շատ հազվադեպ է եղել այնպես, որ կողմերից մեկը կամավոր կորցրել է անկախությունը, որպեսզի միանա մեկ այլ երկրի (կողմի): Այդ իմաստով ԵՄ-ը երջանիկ բացառություն է:
Քարե դարի հետ համեմատ` բռնի մահվան հավանականությունը նվազել է 19 տոկոսային կետով: Հնագիտական գտածոները վկայում են այն մասին, որ քարե դարում բռնի մահվան հավանականությունը կազմել է 10-20 տոկոս:

Այլ կերպ ասած, այն ժամանակ յուրաքանչյուր հինգերորդ մարդը մահացել է բռնի մահով: Այսօր դրա հավանականությունը կազմում է 0.7 տոկոս: Անգամ միջուկային զենքի ու ցեղասպանության ժամանակ բռնի մահվան հավանականությունը կազմել է մոտ 1 տոկոս: Դա շատ տպավորիչ է:

Վերջին 30 տարում դրա հավանականությունը կազմում է 0.7 տոկոս: Աշխարհը դարձել է առավել անվտանգ, քան նախկինում էր` թեկուզև դժվար է հավատալ դրան, երբ հեռուստացույցով հետևում ես նորություններին: Ես կարծում եմ, որ դրա պատճառը նախկին ժամանակների պատերազմներն են:

Երբևիցե իսկապես տեղի կունենա նոր մեծ պատերազմ, սակայն դրանից հետո ի հայտ կգա ոմն համաշխարհային կառավարություն, իսկ բռնի մահը կնվազի մինչև զրոյի: Մոտակա 40 տարիները կլինեն ամենավտանգավորը մարդկության ողջ պատմության ընթացքում: Դրա պատճառը բնական պաշարների աստիճանական սպառումն է: Բացի այդ, մեր զենքը գնալով դառնում է ավելի ու ավելի կործանիչ:

Աստիճանաբար նվազում է համայն աշխարհում խաղաղություն պահպանելու ԱՄՆ-ի պոտենցիալը: Միևնույն ժամանակ գնալով առավել կարևոր դեր է խաղում տեխնոլոգիական ինտեգրացիան: Եթե այն դառնա առավել ինտենսիվ, ապա մենք կարող ենք խուսափել բռնություն գործադրելուց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս