Միքայել Շարաֆյան. «Կյանքում չէի պատկերացնի, որ երբևիցե հորս հետ միասին կհայտնվեմ նույն նկարահանման հրապարակում»
Ամերիկաբնակ հայազգի դիզայներ Միքայել Շարաֆյանին 168.am-ը բազմիցս անդրադարձել է: Պարզվում է, որ այս պահին Միքայելը, բացի զգեստների ձևավորմամբ զբաղվելուց, մասնակցում է ռեժիսոր Արթուր Բաբայանի «Հարսնացուն Վեգասից» ռոմանտիկ կատակերգության նկարահանումներին:
Մեզ հետ զրույցում դիզայները մանրամասն պատմել է ֆիլմում նկարահանվելու առաջարկի, սցենարի և դերասանական կազմի մասին:
– Միքայել, ինչպե՞ս ստացար «Հարսնացուն Վեգասից» ֆիլմում նկարահանվելու առաջարկը:
– Մի օր ինձ հետ է կապվում իմ լավ ընկեր, ռեժիսոր Արթուր Բաբայանը, ում հետ միասին ես որպես դիզայներ՝ աշխատել եմ 2 ֆիլմերի վրա: Նա երեք ամիս համառորեն զանգում էր, որ ես իմ համաձայնությունը տամ: Ասում էր, որ ես անպայման դերասանական ջիղ կունենամ. չէ՞ որ հայրս Հայաստանի վաստակավոր արտիստ Լևոն Շարաֆյանն է, իսկ պապս՝ Թիֆլիսի թատրոնի դերասան և բանաստեղծ Պահարեն (1895-1968): Որոշեցի ծնողներիս հետ խորհրդակցել: Նրանք ինձ ասացին, որ փորձեմ: Այսպես սկսվեցին իմ դերասանական առաջին քայլերը:
Անկեղծորեն ես մտադիր չէի նկարահանվել ֆիլմում, որովհետև ես ինձ դերասան չեմ համարում, նախևառաջ մասնագիտությամբ զգեստների ձևավորող եմ և արդեն ավելի քան 5 տարի աշխատում եմ այդ բնագավառում:
– Մի փոքր կպատմե՞ս ֆիլմի սցենարի մասին:
– Ինչպես արդեն գիտեք` ֆիլմը կոչվում է «Հարսնացուն Վեգասից»: Այն պատմում է մի երիտասարդ գյուղացի տղայի մասին, ում անունը Մկո է, և ով բնակվում է Հայաստանի մի խուլ գյուղում: Մկոյի ընկերը նրան նկար է նվիրում, որի վրա պատկերված է «showgirl», և ասում, որ նա բնակվում է Լաս Վեգասում: Շարունակությունը կտեսնեք ֆիլմում:
– Իսկ ովքե՞ր են խաղընկերներդ: Ֆիլմում ուրիշ հայեր խաղո՞ւմ են:
– Իմ խաղընկերուհին ամերիկյան դերասանուհի և պարուհի Շարլին Րոուզն (Charlene Rose) է: Ամենամեծ երջանկությունն այն է, որ ես նկարահանվում եմ հորս` Լևոն Շարաֆյանի, և Ալլա Թումանյանի հետ: Սա արդեն նրանց 11-րդ համագործակցությունն է: Այս ֆիլմում նրանք խաղում են իմ ծնողների դերում: Կյանքում չէի պատկերացնի, որ երբևիցե հորս հետ միասին կհայտնվեմ նույն նկարահանման հրապարակում:
Նշեմ, որ ֆիլմի 90%-ն անգլերեն լեզվով է:
– Որպես դերասան` սա քո առաջի՞ն փորձն է:
– Այո, սա իմ առաջին փորձն է, կարելի է ասել՝ դեբյուտը՝ որպես դերասան:
– Ի՞նչ ես կարծում` ինչպե՞ս է խաղդ ստացվում:
– Անկեղծորեն չգիտեմ՝ ինչպես է խաղս ստացվում, որովհետև ես կտրականապես հրաժարվել եմ որևէ կադր դիտել, վախենում եմ հիասթափվել: Արթուրի կարծիքով, ով շատ խիստ ռեժիսոր է, ամեն ինչ նորմալ է: Եթե որևէ բան չի հավանում, պահանջում է, որ ես կրկնեմ այնքան, մինչև իր ուզածն անեմ: Հիմնականում, ի զարմանս ինձ, 2 դուբլով ստացվում է: Հույսով եմ` հանդիսատեսն իմ խաղը շատ խիստ չի դատի:
– Ֆիլմը ե՞րբ պատրաստ կլինի: Հայաստանում ցուցադրվելո՞ւ է:
– Ֆիլմը երևի պատրաստ կլինի փետրվար ամսին, կամ էլ գարնանը: Սկզբում կցուցադրվի ԱՄՆ-ում, հետո նոր՝ Հայաստանում:
– Քեզ դո՞ւր է գալիս դերասանի աշխատանքը: Հնարավո՞ր է, որ սկսես ավելի հաճախ ֆիլմերում խաղալ:
– Մինչև ինքս ինձ էկրանին չտեսնեմ, վստահ չեմ, որ այդ գծով կշարունակեմ: Ես ամեն ինչին պրոֆեսիոնալ եմ մոտենում, և, եթե մի բան այն չէ, չեմ շարունակի: Հանդիսատեսը կորոշի:
– Ի՞նչ նորություններ կան ստեղծագործական առումով: Հագուստի դիզայնով շարունակո՞ւմ ես զբաղվել:
– Ես, իհարկե, միաժամանակ շարունակում եմ զբաղվել իմ մասնագիտությամբ: Միայն մյուս տարի 3 ֆիլմերի պրեմիերա է սպասվում, որոնց թվում է «Betrayal» («Դավաճանություն») ֆիլմը` Էրիկ Ռոբերտսի, Օլեգ Տակտարովի, Մարկո Խանի և Զաք Թոփալյանի մասնակցությամբ: