100 մարդուց 99-ը հիմար է

Կամ` Ինչպես բռնել մոմը, որ ոչինչ բաց չթողնեք

Կա այսպիսի կազմակերպություն` «Միացյալ երիտասարդական լիգա» (այսուհետ` Լիգա): Այս կազմակերպությունը նախաձեռնել է աստվածահաճո մի առաքելություն (այդ մասին` քիչ անց): Երիտասարդներն ունեն չափազանց վստահելի աղբյուր, որը հնչում է այսպես. «ըստ մեզ տրամադրված տեղեկությունների»: Իսկ դա նշանակում է` ճշմարտություն, որը ենթակա չէ որևէ կասկածի կամ առարկության: Այդպես վստահ ժամանակին Անտոն Պավլովիչ Չեխովն էր ասում` ըստ իրեն հասած տվյալների` 100 մարդուց 99-ը հիմար է: Եվ որևէ մեկը մինչ այժմ չի վիճարկել այս ճշմարտությունը: Եվ այսպես, Լիգան շռայլորեն, առանց երկար-բարակ մտածելու` հրապարակ է հանում ցուցակներ` թոփ վերնագրերով:

Օրինակ` «Աղանդավոր հայ աստղերը»: Լիգան էթիկական բարդ խնդիր է դրել իր առաջ` առանց կարմրելու կարողանալ այնպես հմտորեն դիտել բանալու անցքից, որ երևա դռնից այն կողմ զարգացող ողջ սյուժեն, գործողությունների ողջ գամման: Միայն այս և ոչ մի այլ միջոցով է հնարավոր ջրի երես հանել բոլոր նրանց, ովքեր ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեն կամ հարում են այս կամ այն աղանդին: Կարճ ասած` պատռել մարդկանց դիմակները:

Այդպես հոկտեմբերի գեղեցիկ մի օր համացանցում հայտնվեց գուցե ոչ այնքան պատկառելի, սակայն երկար մի ցուցակ. շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, դերասաններ, որոնք, կրկնենք աղբյուրը, «ըստ մեզ (տես` Լիգային) տրամադրված տվյալների»` աղանդավորներ են: Բացահայտմանը հաջորդած շլացուցիչ էֆեկտը կարճ տևեց. ցուցակի գրեթե բոլոր անդամները զայրացած հերքեցին իրենց մասին տարածվող ստահոդ և վարկաբեկիչ լուրերը: Մասնավորապես` ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը ֆեյսբուքի իր էջում գրեց. «Լսեք, ա՛յ Միացյալ երիտասարդական լիգա, ա՛յ անբարոյականներ, այ ազգի թերմացք, դուք ամոթի զգացում ունե՞ք, ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս այսպիսի ակնհայտ կեղծիք ու սուտ տարածել: Դուք Աստված ունե՞ք, դուք սրբություն ունե՞քգ»: Արտիստը հայտնեց, որ ինքն ու իր ընտանիքը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ են, մկրտված են Հայ Առաքելական եկեղեցում:

Նույն բովանդակությամբ և զայրույթի նույն դոզայով գրառումներ կատարեցին նաև ցուցակի մյուս անդամները:

Գուցե թե Լիգան մոռացել էր քրիստոնեական պատգամներից, մասնավորապես, այս երկուսը` «Մի՛ դատիր», «Մի՛ ստիր»: Սակայն կազմակերպությունում հպարտ չեն, հեզ են, ինչպես ցանկացած ճշմարիտ քրիստոնյա: Եվ անմիջապես հայցեցին ցուցակում այնքան խնամքով զետեղված այդ մարդկանց ներողամտությունը` նկատելով, թե իրենց ապատեղեկատվություն են տրամադրել: Ներեցեք մեր հետաքրքրասիրությունը` իսկ ովքե՞ր են տրամադրում նման տեղեկատվություն:

Հեզությունն ու սկզբունքայնությունը, սակայն, տարբեր հասկացություններ են: Ավելի ուշ համացանցում հայտնվեց երգչուհիներից մեկի և իքս աղանդի ներկայացուցչի գաղտնալսած զրույցի ձայնագրությունը: Լիգայի անդամները երկար ձեռքեր ունեն. նրանց արխվում կան լուսանկարներ, տեսագրություններ և ձայնագրություններ, որոնք անհերքելի ապացույցներ են, այլ կերպ ասած` կոմպրոմատներ, և հարկ եղած դեպքում կներկայացվեն` ուր հարկն է:

Սյուժեն այստեղ բաժանվում է. տակավին օրերս հասարակության քննարկմանը ներկայացվեցին արդեն Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր հայր Հակոբ աբեղա Գրիգորյանի ընտանեկան լուսանկարները: Լուսանկարներում աբեղան գուցե չափազանց քնքուշ վերաբերմունք էր դրսևորում մի երիտասարդի հանդեպ: Եվ Լիգայից հայտնեցին, որ աբեղան համասեռամոլ է, որ իրենց հայտնի է լուսանկարի մյուս երիտասարդի ով լինելը: Վերջինս ևս հայտնի է` որպես համասեռամոլ: Այս բացահայտման մեջ իր համեստ ներդրումն ունեցավ պատկառելի տարիքի մտավորականներից մեկը` հաստատելով սույն անհերքելի փաստը և նաև այն հանգամանքը, որ տարիքն ու իմաստնությունը միշտ չէ, որ միասին են գալիս. տարիքը հաճախ գալիս է միայնակ:

«Հայ Առաքելական եկեղեցի», «աբեղա», «համասեռամոլ», «մանկապիղծ» բառակույտի հարուցած աղմուկի մեջ խլացավ լուսանկարներում պատկերված երիտասարդի մոր խնդրանքը` հանել իր տղայի լուսանկարը, քանի որ նա այժմ ծառայում է հայոց բանակում: Իսկ նման բովանդակությամբ լուրերն ու լուսանկարները կարող են սարսափելի հետևանքներ ունենալ որդու համար: Սակայն Լիգան անդրդվելի է և հետևողական` պարզելու` այդ ի՞նչ կապ ունեն աբեղան և երիտասարդը, ի՞նչն է նրանց միավորում, ինչպես ընդունված է ասել, Պրուստի հանդեպ ընդհանուր սիրուց բացի:

Քրիստոնեությունը, որքան հասցրել եմ ընկալել, չի խրախուսում այլոց դատելը, մարդկանց անձնական տվյալները, լուսանկարները զարտուղի ճանապարհներով ձեռք գցելն ու հրապարակելը: Առհասարակ, գաղտնալսելը:

Դժվար է պատկերացնել այն հաջողությունը, որը Լիգան կունենար, եթե նրա երիտասարդ անդամները ծնված լինեին ինկվիզիցիայի շրջանում. քանի խարույկ կվառվեր հրապարակներում, և քանիսին կուղարկեին ինկվիզիցիայի հայտնի զնդաններ` տանջամահ լինելու: Լիգայի աշխատանքը խիստ գնահատելի կլիներ նաև 37 թվականին:

Այն ժամանակ էլ շարքային մարդիկ միմյանց գաղտնալսում, հետապնդում էին, միմյանց մասին տեղեկություններ էին ուղարկում` ուր հարկն է` հանուն ազնիվ ու արդար նպատակի` հասարակությունը «ժողովրդի թշնամիներից» մաքրելու: Այդ վեհ նպատակի համար որդիները հրաժարվում էին ծնողներից, միլիոնավոր մարդիկ աքսորվում էին` հավերժ մոռացվելու սիբիրներում:

Գուցե Լիգայի անդամները համոզված են, որ իրենք պայքարում են քայքայիչ աղանդների, անբարոյական հոգևորականների դեմ` հանուն նրա, որ քրիստոնեական արժեքներն անարգել թափանցեն մարդկանց հոգիները, աղանդները չքայքայեն մեր հասարակությունը, ինչպես անում են հիմա, որ ոչ մի բարոյազուրկ հոգևորական չլինի մեր եկեղեցում: Սակայն նրանց գործունեությունը, շատ հավանական է, հակառակ ազդեցությունն ունենա:

Քանի որ միջոցը, որով այս կազմակերպությունը գործում է, բոլոր ժամանակներում բնութագրվել է նույն բառով` ստորություն:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս