
Չինաստանը մեղմացնում է «մեկ ընտանիք – մեկ երեխա» քաղաքականությունը

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Չինաստանի իշխանությունները որոշել են մեղմացնել ծնելիության սահմանափակման նորման, որն ընտանիքների մեծ մասին թույլ էր տալիս ունենալ միայն մեկ երեխա: Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը ծնելիության կարգավորման քաղաքականություն է վարում դեռևս 1970-ական թվականներից՝ զսպելու համար բնակչության բուռն աճը:
Մոտ ապագայում Չինաստանում ընտանիքներին կթույլատրվի ունենալ երկու երեխա՝ պայմանով, որ ծնողներից մեկը հանդիսանա իր ընտանիքի միակ զավակը: Բացի այդ, «մեկ ընտանիք – մեկ երեխա» քաղաքականությունն արդեն գրեթե չի տարածվում գյուղացիների ու էթնիկ փոքրամասնությունների վրա:
Ծնելիության կարգավորման քաղաքականության մեղմացման մասին որոշում է ընդունվել Չինաստանի Կոմկուսի ղեկավարության խորհրդաժողովում: Դրանում նաև որոշվել է վերացնել աշխատանքային ճամբարները՝ նախատեսված վերադաստիարակման համար:
Աշխատանքային ճամբարների ցանցը ստեղծվել է մոտ 50 տարի առաջ, և ներկա դրությամբ դրանցում պահվում է մի քանի հազար մարդ: Ոստիկանական հանձնաժողովներն իրավունք ունեն իրավախախտներին մի քանի տարով ուղարկել ուղղիչ աշխատանքների ճամբարներ՝ առանց դատական գործընթացի անցկացման:
Չինաստանի բնակչության աճն աստիճանաբար դանդաղում է, և մինչև 2050 թվականը երկրի բնակչության մեկ քառորդից ավելին կազմելու են ավելի քան 65 տարեկան մարդիկ: