Շանթ Հարությունյանի մեղադրանքը հիմնված է քաղաքացիական հագուստով ոստիկանին հարվածելու հանգամանքի վրա
Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի հետևանքով կալանավորված «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը, ինչպես հայտնի է՝ հրաժարվել էր վճարովի պաշտպան ունենալու հնարավորութունից: Շանթ Հարությունյանի պաշտպանությունը կարճ ժամանակահատված իրականացրեց հանրային պաշտպան Գարիկ Մալխասյանը: Շանթ Հարությունյանը, սակայն, հրաժարվեց նաև հանրային պաշտպանի ծառայությունից:
168.am-ի հետ զրույցում Գարիկ Մալխասյանն այս առնչությամբ ասաց. «Ընթացակարգը հետևյալն է: Կոնկրետ դեպքում մեղադրյալը՝ Շանթ Հարությունյանը, իր դիրքորոշումը հստակ հայտնել էր հենց սկզբից, որ չի ցանկանում պաշտպան ունենալ: Այդ հրաժարումը չէր ընդունվել. կային հանգամանքներ՝ հոգեկան առողջության հետ կապված կասկածներ ուներ քննչական մարմինը: Այդ կասկածներն այս պահին ճշտվել են, արձանագրություն է կազմվել, Շանթ Հարությունյանը վերահաստատել է իր դիրքորոշումը, և հրաժարումն ընդունվել է»:
Գարիկ Մալխասյանի խոսքով՝ Շանթ Հարությունյանի հոգեկան առողջության հետ կապված կասկածների վերաբերյալ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն: Մինչև իր՝ որպես պաշտպանի լիազորությունների դադարեցումը, Գարիկ Մալխասյանը ծանոթացել է դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը:
«Նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն: Դատարանում պետք է քննարկվի միջնորդությունը»,- ասաց Գարիկ Մալխասյանը՝ նշելով, որ փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը ծանոթացել է այսօր. «Փորձաքննության կատարումը կախված է դատարանում այդ միջնորդությունը քննելուց: Դատարանի որոշմամբ պետք է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության դեպքում հիվանդանոց տեղավորվի անձը: Դա կայացվում է միայն դատարանի որոշմամբ: Երբ դատարանն այդ միջնորդությունը կքննարկի, դրանից հետո արդեն փորձաքննությունը կկատարվի»:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա դատարանի որոշմամբ կալանավորվել էր, սակայն հրաժարվել էր կլանքի որոշումը բողոքարկելուց: Գարիկ Մալխասյանի խոսքով՝ իրեն առաջադրված մեղադրանքի առնչությամբ Շանթ Հարությունյանը դիրքորոշում չի հայտնել:
«316-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքում, չեմ կարծում, որ նախաքննական մարմինը լուրջ ապացուցողական բազա ունի: Մեղադրանքը հիմնված է քաղաքացիական հագուստով ոստիկանին հարվածելու հանգամանքի վրա»,- ասաց Գ. Մալխասյանը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին հայտարարել էր, որ այցելել է նոյեմբերի 5-ի միջադեպի կապակցությամբ այն ժամանակ ձերբակալված 20 անձանց: Ըստ պատգամավորի՝ Շանթ Հարությունյանը իրեն տեղեկացրել էր, որ բռնություններ են եղել իր նկատմամբ. «Շանթ Հարությունյանն ինձ տեղեկացրեց, որ Կենտրոնի ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել անձամբ ՀՀ Ոստիկանության պետ Վ. Գասպարյանը եւ Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: Վերջինս նաեւ սպառնալիքներ է տեղացել Շանթ Հարությունյանի որդու հասցեին եւ նվաստացուցիչ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Ըստ Շանթ Հարությունյանի, մի խումբ ոստիկաններ այդ ընթացքում իր ձեռքերը բռնած են եղել:
Անձամբ Վ. Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին հայտարարեց նաև ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը: Ոստիկանները Վարդանյանի կրծքից պոկել են նաև պետական պարգևների արժանացածի կրծքանշանը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր պատգամավորը:
Նա ասվածի վերաբերյալ գրություն էր ուղարկել նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին:
Գարիկ Մալխասյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Շանթ Հարությունյանը խոսե՞լ է իր նկատմամբ կիրառված (ինչպես Ն. Փաշինյանն էր նշել) բռնությունների մասին: «Քանի որ Շանթ Հարությունյանի դիրքորոշումը պաշտպան ունենալու հետ կապված հստակ էր, չէր ուզում պաշտպան ունենալ, այդ հարցը քննարկվում է Հատուկ քննչական ծառայությունում, նյութերի նախապատրաստման ընթացքում ես մասնակցել եմ այդ բացատրությունների տալուն: Ընդհանրապես որևէ ցուցմունք, որևէ տեղեկատվություն չի հայտնել Շանթ Հարությունյանը: Ասել է, որ դրա մասին կխոսի հետգայում»,- ի պատասխան ասաց Գ. Մալխասյանը:
Գարիկ Մալխասյանը հայտնեց նաև, որ նախաքննական մարմինն արգելել է Շանթ Հարությունյանի տեսակցությունները: