Կենտրոնի ոստիկանությունում Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն է գործադրել անձամբ Վլադիմիր Գասպարյանը. Ն. Փաշինյանի գրառումը
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հանդիպել է նոյեմբերի 5-ի միջադեպի կապակցությամբ ձերբակալված բոլոր 20 անձանց հետ.
«Այսօր այցելել եմ ձերբակալվածների պահման վայր եւ հանդիպել նոյեմբերի 5-ի միջադեպի կապակցությամբ ձերբակալված բոլոր 20 անձանց հետ:
Շանթ Հարությունյանն ինձ տեղեկացրեց, որ Կենտրոնի ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել անձամբ ՀՀ Ոստիկանության պետ Վ. Գասպարյանը եւ Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: Վերջինս նաեւ սպառնալիքներ է տեղացել Շանթ Հարությունյանի որդու հասցեին եւ նվաստացուցիչ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Ըստ Շանթ Հարությունյանի, մի խումբ ոստիկաններ այդ ընթացքում իր ձեռքերը բռնած են եղել:
Անձամբ Վ. Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին հայտարարեց նաեւ ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը: Ոստիկանները Վարդանյանի կրծքից պոկել են նաեւ պետական պարգեւների արժանացածի կրծքանշանը:
Որպես ԱԺ պատգամավոր պահանջում եմ այս հայտարարությունների կապակցությամբ պատշաճ քննության իրականացնել»: