Իլհամ Ալիևը մոտ ժամանակներս կմեկնի Ուկրաինա
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի փոխվարչապետ Կոնստանտին Գրիշչենկոն երեկ տեղի ունեցած առևտրային-տնտեսական համագործակցության հարցերով ուկրաինա-ադրբեջանական հանձնաժողովի նիստի արդյունքներով հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր է մոտ ժամանակներս այցելել Ուկրաինա:
Ընդ որում, Գրիշչենկոն չի հայտնել այցի ստույգ ժամկետը: Ոչ պաշտոնական տվյալներով, Իլհամ Ալիևը պլանավորել է Ուկրաինա այցելել նոյեմբերի 18-ին: Գրիշչենկոյի խոսքերով՝ Ուկրաինան ու Ադրբեջանը հեռանկարային են համարում Վրաստանում և Ուկրաինայում (Օդեսայի մարզ) գազի հեղուկացման տերմինալների կառուցումը, որով ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով կարող է հասցվել Ուկրաինա:
Հիշեցնենք, որ Թուրքիան մշտապես դեմ է եղել տվյալ նախագծի իրագործմանը, քանի որ դա խաղից դուրս է թողնում նրան: Մյուս կողմից էլ տվյալ նախագիծը շահավետ է Ադրբեջանի համար, քանի որ դա կնպաստի Թուրքիայից ունեցած տարանցիկ մեծ կախվածության նվազեցմանը: