Բաժիններ՝

Տարոնը փախել է Երևանից

Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 14-16-ն այնտեղ գումարվող Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 33-րդ գլխավոր համաժողովին: Այս տարվա համաժողովին նախատեսված են քննարկումներ «Ֆրանկոֆոն տեղական դերակատարները. նրանց գործողությունը՝ հօգուտ հասարակական և համերաշխ տնտեսության» թեմայով։

Թե ինչով են առաջնորդվել այդ համաժողովի կազմակերպիչները՝ Տարոն Մարգարյանին հրավիրելով, դժվար է ասել: Համենայնդեպս, եթե նրանք տեղյակ լինեին, թե հենց այս օրերին ինչ իրավիճակ է տիրում Տարոն Մարգարյանի ղեկավարած Երևանում, հազիվ թե նման քայլի դիմեին: Տարոն Մարգարյանի մասնակցությունը «…հօգուտ հասարակական ու համերաշխ տնտեսության» խորագիրը կրող միջոցառմանն ուղղակի ծաղր է՝ ինչպես այդ միջոցառման կազմակերպիչների, այնպես էլ՝ մասնակիցների համար:

Քանի որ այն, ինչ Տարոնը հենց այս օրերին անում է Երևանում, իրականում ոտնձգություն է՝ ուղղված  մայրաքաղաքի տնտեսության ու Երևանի բնակիչների համերաշխ կյանքի դեմ:

Արդեն մի քանի օր է՝ Երևանի Փոքր կենտրոնը կաթվածահար վիճակում է, քանի որ Տարոն Մարգարյանը որոշել է ասֆալտապատել  մայրաքաղաքի ամենաասֆալտապատ փողոցները՝ Թումանյանը և Սայաթ-Նովան: Նորմալ ասֆալտը քերելու ու դրա փոխարեն նոր ասֆալտապատում իրականացնելու որևէ բանական բացատրություն, իհարկե, հնարավոր չէ: Ու միանգամայն բնական է, որ երևանցիների շրջանում այս օրերին ամենատարածված խոսակցությունն այն է, թե Փոքր կենտրոնի ասֆալտապատման համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 7.5 մլրդ դրամի որ մասն է «քերվել» թարմացվող ասֆալտի հետ միասին:

Ընդ որում, ասֆալտապատման այդ աշխատանքները կատարվում են աշխատանքային օրերի ամենածանրաբեռնված ժամերին, որպեսզի երևանցիները տեսնեն, թե ինչպես կարելի է նորմալ, տակավին վերջերս փռված ասֆալտը քերել ու նոր ասֆալտ փռել դրա փոխարեն: Այդ տեսարանին ականատես լինելու համար երևանցիները ստիպված են նյարդային ժամեր անցկացնել խցանված փողոցներում՝ այդ ընթացքում, բնականաբար, առաջին հերթին ու խորապես «հիշելով» Տարոն Մարգարյանին:

Այդ պայմաններում Տարոն Մարգարյանի համար ուղղակի կենսական անհրաժեշտություն է՝ բացակայել Երևանից՝ երևանցիների «հիշատակումներից»  գոնե ֆիզիկապես հեռու գտնվելու համար: Այնպես որ, Տարոնը Փարիզ է մեկնել ոչ թե ֆրանկոֆոն քաղաքապետերին իր ասֆալտապատման փորձը փոխանցելու, այլ ուղղակի Երևանից հեռու լինելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս