Դավիթ Սարգսյանը՝ ռիսկեր առաջացնող ներքաղաքական անկայունությունների մասին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում 2014թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հարցրել էր՝ ի՞նչ է նշանակում բյուջեում տրված ձևակերպումը, թե ներքաղաքական անկայունությունները կարող են առաջացնել ռիսկեր տնտեսական աճի ապահովման համար:

«Կարո՞ղ եք բացատրել՝ այդ ի՞նչ կարգի ներքաղաքական անկայունություններ է կանխատեսում գործող կառավարությունը և քանի՞ տոկոսն է հավանական համարում անկայունությունների տեղի ունենալը ՀՀ-ում»,- հարցրել էր Ն. Փաշինյանը: 168.am-ը ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ներքաղաքական անկայանությունների մասին է խոսքը:

Ի պատասխան Դավիթ Սարգսյանն ասաց. «Բյուջեի մաս կա, որը կոչվում է ռիսկեր ու որտեղ կառավարությունը նկարագրում է հնարավոր իրադարձությունները, որոնք կարող են ազդել բյուջեի կատարողականի վրա: Դրանք արտաքին ու ներքին իրադարձություններն են, որոնք քաղաքական են ու տնտեսական: Դրանք կարող է լինեն, օրինակ, արտաքին մետաղի գները համաշխարհային շուկայում, տրանսֆերտների ծավալի փոփոխությունը, ՌԴ-ում, Չինաստանում տնտեսական աճը և այլն»:

Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք Մաքսային միությանն անդամակցելու հեռանկարը և՞ս արտաքին անկայունությունների շարքում է: Ի պատասխան նախարարը հավաստիացրեց, թե Մաքսային միությանն անդամակցությունը մինչև 2014թ. «նեյտրալ անկայունության աստիճան ունի» ՀՀ տնտեսության վրա:

«Այս պահի դրությամբ տեղի են ունենում քննարկումներ, թե ի՞նչ չափով և ի՞նչ ժամակատահատվածում Մաքսային միության անդամակցությունը մեզ վրա կազդի և ի՞նչ ուղղությամբ այդ ազդեցությունը կլինի: Գնահատականները ֆիքսելու առումով ցույց են տալիս, որ այդ գնահատականները նեյտրալ կլինեն 2014-ի համար, բայց սա վերջնական գնահատականը չի. այս պահին շուրջ 10-12 համապատասխան խմբեր կան, որոնք ոլորտ առ ոլորտ քննարկումներ են անում»,- մասնավորեցրեց նա:

Տեսանյութեր

Լրահոս