Հովիկ Աբրահամյանի խոստումը չի կատարվի

Երկուշաբթի օրն ԱԺ քառօրյայի մեկնարկի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հերթական անգամ բարձրացրեց արդեն 10 տարի ԱԺ քառօրյայի օրակարգ ընդգրկված և այդպես էլ խորհրդարանի կողմից չքննարկված և չվավերացված «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիայի հարցը:

Այս կոնվենցիան վավերացնելու վերաբերյալ հարցը բարձրացրել է նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Պատասխանելով Արամ Մանուկյանի հարցին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ասաց, որ նկատի ունենալով քառօրյայի ծանրաբեռնվածությունը, իրենք չեն կարող այն քննարկել այս քառօրյայում, բայց խոստացավ դա անել հաջորդի ժամանակ:

Ըստ ամենայնի, ԱԺ նախագահի խոստումը չի իրականանա նաև հաջորդ քառօրյայի ժամանակ, քանի որ, մեր տեղեկություններով` նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է առաջիկայում կոնվենցիան խորհրդարանի քառօրյա նիստերի օրակարգից հանելու մասին հրամանագիր ստորագրել: Ինչո՞ւ է ընդդիմությունն այսպես համառորեն պահանջում վավերացնել այս կոնվենցիան, իսկ իշխանությունը նույն համառությամբ, արդեն 10 տարի շարունակ, հետաձգում դրա վավերացումը, իսկ հիմա էլ մտադիր են այն ընդհանրապես հանել խորհրդարանի օրակարգից: Իշխանությունն այս կոնվենցիան չվավերացնելու իր հիմնավորումներն ունի, իսկ ընդդիմությունն` իրենը:

«Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան ստորագրվել է 1983թ. նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում: Կոնվենցիան վերաբերում է դիտավորությամբ կատարված հանցագործություններից տուժածներին և զոհերին դրամական փոխհատուցում տրամադրելուն: Իհարկե, երկրների ազգային օրենսդրությունները նախատեսում են հանցագործության հեղինակի կողմից` դրա զոհին փոխհատուցման վճարում: Բայց ո՞վ պետք է վճարի, եթե հայտնի չէ հանցագործության հեղինակը, կամ նա ի վիճակի չէ համարժեք վճարում կատարել:

Կարդացեք նաև

Ըստ կոնվենցիայի, եթե հանցագործության հեղինակը բավարար չափով փոխհատուցում չի վճարել կամ ի վիճակի չէ վճարել այդ փոխհատուցումն` անհայտ լինելու կամ անվճարունակ լինելու պարագայում, ապա պետությունն ինքն է պարտավորվում վճարել այդ փոխհատուցումը: Կոնվենցիայի 2-րդ հոդվածի երկրորդ կետն ասում է. «Փոխհատուցումը պետք է վճարվի, եթե նույնիսկ հանցագործը չի կարող հետապնդվել և ենթարկվել պատասխանատվության»: Ըստ այս կոնվենցիայի` բռնության զոհերի փոխհատուցումը վճարում է այն երկիրը, որի տարածքում տեղի է ունեցել հանցագործությունը: Կոնվենցիայի 4-րդ հոդվածում նշվում է, որ փոխհատուցումը պետք է ներառի եկամտի կորստի, հոսպիտալացման և բժշկական, թաղման ծախսերը:

Իշխանությունները համոզված են, որ, եթե այս կոնվենցիան վավերացվի, ապա բազմաթիվ ադրբեջանցիներ, ովքեր 1988-90թթ. հեռացել են Հայաստանից, կարող են դիմել Եվրոպական դատարան և Հայաստանից փոխհատուցում պահանջել իրենց առողջության և եկամտի կորստի դիմաց: «Հայաստանի համար դա բազմամիլիոնանոց ծախս է, որը մենք ի վիճակի չենք անելու, և ընդհանրապես ինչ իմաստ ունի վավերացնել մի կոնվենցիա, որը միայն ադրբեջանցիներին է ձեռնտու»,- ասում է մեր զրուցակիցներից մեկը՝ իշխանություններից:

Բայց արդյո՞ք միայն նախկին հայաստանաբնակ ադրբեջանցիները կարող են օգտագործել այս կոնվենցիան` պետությունից փոխհատուցում ստանալու համար: 2008թ. մարտի 1-ի դեպքերի արդյունքում` սպանվել է 10 մարդ, հարյուրավորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այդ հանցագործությունների հեղինակները հայտնի չեն. իրավապահ մարմիններն այդպես էլ չեն կարողանում գտնել սպանությունների հեղինակներին:

Մարտի 1-ի իրադարձությունները քննող խորհրդարանական հանձնաժողովն իր եզրակացության մեջ նշել է, որ Ոստիկանությունը ոչ համարժեք ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Եթե այս կոնվենցիան վավերացվի, ապա մարտի 1-ի զոհերի հարազատները և տուժածները ևս իրավունք կստանան դիմելու փոխհատուցում ստանալու համար: Եվ ոչ միայն նրանք. Հայաստանում անընդհատ Ոստիկանության և ցուցարարների միջև տեղի են ունենում բախումներ, որոնց հետևանքով լինում են տուժածներ: Այս կոնվենցիայի վավերացման դեպքում նրանք բոլորը կարող են դիմել դատարաններ և փոխհատուցում պահանջել. եթե հայաստանյան դատարանները նրանց մերժեն, ապա կարող են հասնել Եվրոպա, որտեղ փոխհատուցման չափն անհամեմատ ավելի մեծ կլինի:

«Այս կոնվենցիան Հայաստանի նման երկրների համար չի: Սա այն եվրոպական երկրներում կարող է գործել, որտեղ թե՛ ցուցարարները և թե՛ Ոստիկանությունը գործում են օրենքի շրջանակներում: Դրա համար էլ տրամաբանական է, որ այն Հայաստանի խորհրդարանը չվավերացնի, ինչպես չի վավերացնում 2009թ. նոյեմբերի 10-ի հայ-թուրքական արձանագրությունները, որոնք նախագահի հրամանագրով հանվել են խորհրդարանի քառօրյա նիստերի օրակարգից, բայց մնացել են խորհրդարանի օրակարգում»,- ասում է մեր զրուցակիցը:

Իսկ ինչո՞ւ այս կոնվենցիան մինչև այժմ չի հանվել ԱԺ օրակարգից, ինչո՞ւ է իշխանությունն անընդհատ հայտարարում, որ` այս քառօրյայում չենք վավերացնի, բայց կվավերացնենք հաջորդում:

Ի՞նչ տարբերություն… այն հիմա՞ է հանվում օրակարգից, թե՞ 20 օր հետո: Հայաստանի իշխանություններն այժմ խուսափում են անել որևէ բան, որը կարող է դիտվել` որպես հակաեվրոպական կամ եվրոպական արժեքներին հակասող: Հայաստանում չեն ցանկանում Վիլնյուսի Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովից առաջ եվրոպացիների դժգոհությունը հարուցող ինչ-որ բան անել, իսկ գագաթաժողովից հետո դա կանեն առանց որևէ բարդույթի:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս