
Առաջիկա տարիներին Ասիայում կհաճախակիանան խաղաղօվկիանոսյան թայֆունները. չինացի գիտնականներ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չինացի օդերևութաբանները կանխատեսում են, որ առաջիկա տարիներին Ասիայում կհաճախակիանան խաղաղօվկիանոսյան թայֆունները, որոնք կդառնան առավել ուժգին և կործանիչ:
Գիտնականների խոսքերով՝ սովորաբար թայֆունների սեզոնը տևում է մայիսից մինչև հոկտեմբեր, մինչդեռ այս տարի այն երկարել է: Մասնագետների համար անակնկալ է հանդիսացել նոյեմբերին «Հայան» գերթայֆունի առաջացումը, որը մարդկային մեծ զոհեր և խոշոր ավերածություններ է պատճառել Ֆիլիպիններում՝ գործնականում երկրի երեսից ջնջելով Տակլոբան քաղաքը:
Օդերևութաբանական դիտարկումների մեկնարկից սկսած՝ այդ թայֆունը դարձել է ամենաուժգինը, նրա կենտրոնական հատվածում քամու արագությունը հասել է 315 կմ/ժամի: Փորձագետներն այդ ամենի համար մեղադրում են գլոբալ տաքացմանը, քանի որ թայֆունների էներգիան կապված է օվկիանոսի ջերմաստիճանի հետ. որքան տաք է ջուրը, այնքան ուժգին է փոթորիկը:
Տարեկան Ասիայում գրանցվում է միջինը 25-26 արևադարձային ցիկլոն: «Հայանը» հանդիսացավ այս տարվա թվով 30-րդ թայֆունը, և հնարավոր է՝ ոչ վերջինը: Խաղաղօվկիանոսյան թայֆուններից առավելապես տուժում են Ֆիլիպինները, Թայվանը, Չինաստանը, Վիետնամը, Կորեական թերակղզին ու Ճապոնիան:
Թայֆունների հետազոտման համար չինացի մասնագետները Խաղաղ օվկիանոսի ջրատարածությունում տեղադրել են մեծ թվով չափիչ սարքեր, որոնք պարզում են քամիների ուղղվածությունը և չափում են ջրի ու օդի ջերմաստիճանը: