Բաժիններ՝

Հայաստանն ու Ուրուգվայը կխորացնեն համագործակցությունը սպորտի և զբոսաշրջության ոլորտներում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի հայազգի նախարար Լիլիամ Քեշիշյանի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանն ու Ուրուգվայն ունեն քաղաքական փոխըմբռնման բարձր մակարդակ, մասնավորապես, կարևորելով Ուրուգվայի կողմից՝ աշխարհում առաջինը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու փաստը: «Ուրախ ենք, որ մեր հայրենակցուհին բարձր պաշտոն է զբաղեցնում մեր բարեկամ երկրում և լիահույս, որ Ձեր այցը նոր խթան կհանդիսանա հարաբերությունների զարգացման համար: Սպորտի բնագավառում ունենք բավական լավ ավանդույթներ, իսկ զբոսաշրջության բնագավառում՝ դեռևս չիրացված մեծ ներուժ: Ձեր այցը հնարավորություն կտա բացահայտել համագործակցության նոր ուղղություններ և գործիքներ, որոնք կխթանեն նշված ոլորտներում կապերի ընդլայնումը», – ողջույնի խոսքում ասել է Տիգրան Սարգսյանը:
Հյուրը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, կիսվել տպավորություններով Հայաստան այցի վերաբերյալ: Իրենց հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ՀՀ վարչապետին են ներկայացրել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարի հետ հանդիպումների արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանն ու Լիլիամ Քեշիշյանը քննարկել են սպորտի ու զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները և փորձի փոխանակման հնարավորությունները, կարևորել երկու երկրների միջև վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Կողմերը բարձր են գնահատել Ուրուգվայի հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: ՀՀ կառավարության ղեկավարը տիկին Քեշիշյանի միջոցով ջերմ ողջույններ է փոխանցել Ուրուգվայի ղեկավարությանը:
Հանդիպմանը հաջորդել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության կողմից՝ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս