Գալուստ Սահակյան. Տանք էդ երկար լեզուն, ավելի երկարացնենք, էնքան, որ ծավալներով գնա ու գա, ճոճվի…

ԱԺ-ում ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի մասին խոսելիս, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե իրենք երկար տարիներ հետևում են ՎՊ գործունեությանը ու «հանուն ճշմարտության պետք է արձանագրեն», որ Իշխան Զաքարյանի հրապարակած բացահայտումները լուրջ աշխատանք են, լուրջ փաստեր են բացահայտում չարաշահումների, պետական բյուջեի մսխումների մասին:

«Շնորհիվ ՎՊ զեկույցների՝ մենք կարողացանք տալ պետական միջոցների թալանի ամփոփ պատկերը, որ տարեկան թալանվում են մոտ կես մլրդ պետական միջոցներ, բայց ՎՊ զեկույցներից հեռացվել են այնպիսի արտահայտություններ, որոնք կարող են ընդհանրական, քանակական գնահատականներ տալ: Մեզ համար ակնհայտ է, որ իշխող մեծամասնության ճնշումների պատճառով, Դուք՝ պարոն Զաքարյան, հրաժարվել եք այնպիսի եզրակացությունների հրապարակումից, որոնք կարող են ընդդիմության բերանը երկար լեզու դնել»:

Ըստ նրա՝ Իշխան Զաքարյանի թեկնածությունը ներկայացված է Սերժ Սարգսյանի կողմից, ում քայլերն ամենևին էլ կոռուպցիայի դեմ պայքարին չեն ուղղված. «Իմ հարցում նշված օլիգարխներին հարկեր տալու ողղությամբ օրինակ քայլ չի արվում: Նշելով ռեժիմի կողմից ապօրինաբար հովանավորվող Սամվել Ալեքսանյանի, Բարսեղ Բեգլարյանի, Գագիկ Խաչատրյանի անունները, ես մոռացա տալ նաև Սերժ Սարգսյանի եղբար Ալեքսանդր Սարգսյանի (հիմա վստահ չեմ՝ Ալեքսա՞նդր, թե՞ Սաշիկ) և նրա փեսա Միքայել Մինասյանի անունները»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ անդրադարձավ Լևոն Զուրաբյանի հայտարարությանը՝ նշելով.

«Պարզվում է, որ ընդդիմությունը երկար լեզու է ուզում: Տանք էդ երկար լեզուն, ավելի երկարացնենք, էնքան, որ ծավալներով գնա ու գա, ճոճվի… մարդկանց անուններ են թվարկում, թե իբրև ամեն ինչ գիտեմ: Գիտե՞ս, այ տղա ջան, տուր դատարան, փաստեր ունե՞ս՝ խոսի: Էս պոպուլիզմի ամբիոն չի, ստեղ լուրջ մարդիկ են, և մի մտածեք, որ էն դաշտն է, անտեղի դաշտ է, դուք էլ ջուր չունեք՝ գաք մտածեք էս դաշտի ջրվորն եք:

Բերել էսպես ցնորամիտ, իրոնիայով խոսակցություններ… մի հատ փորձի, տես մի սեղանի մոտ նստե՞լ էիր: Որ գյուղապետ լինեիր՝ գայիր Աժ, կտեսնեիր, որ պայքարը բարդ է, իսկ իրական մարտիկները մենք ենք»:

Խոսելով ՎՊ թեկնածուի քննարկումների մասին, նա նշեց, թե խնդիր է դարձել ընդդիմության գործիչների համար, ասել Սերժ Սարգսյան, առանց մտածելու, որ դա ինստիտուտ է. «Ամենադուխով ընդդիմությունն է, որ ասում է Սերժ Սարգսյան, նշանակում է, որ տվել ու անցել ա: Երանի թե էս համակագը չփլուզվի, որովհետև եթե փլուզվեց, հլա տեսեք՝ ինչ մակարդակներ են գալիս էս համակարգը տնօրինելու»:

Գալուստ Սահակյանը շեշտեց նաև, թե Իշխան Զաքարյանը կարճ ժամանակում կառույցը ամրացրել է, ապա շեշտեց, թե իրենք չեն կարծում, որ Զաքարյանը պետք է ամեն ինչ միանգամից վերացնի: «Մենք պետք է ուրախանանք, որ քննադատություն կա, վերլուծություն կա, ինչքան խորացված լուրջ աշխատանք, այնքան բացթողում, այնպես չէ, որ սրբեր են»: Նա շեշտեց նաև, թե վերահսկիչ պալատը որևէ ուժի ամրագրված չէ, ինչն էլ ապացուցում է անկախությունը.

«Ես չեմ հասկանում մտահոգությունը, որ հանկարծ Պ-ն պետք է ուսումնասիրություններ կատարի ու վախենա մեզանից, բացահատումները չանի: Հանրապետականը աջակցում ու սատարում է, որ բացահայտումները մշտապես լինեն՝ սա է մեր դրսևորման ձևը: Հիմա զարմացել եք դուք ձեզ վրա, որ կառույցը կարողանում է և ճնշումներին դիմանալ, և պատասխանել: 800 միլիարդի խնդիր եք ասում, բայց ասել ենք, որ հնարավոր է կոռուպցիա ու ես չեմ էլ կարծում, որ ՎՊ-ն ճնշումների զոհ է գնացել: Հոռետեսի նկրտումներով փորձում են ասել՝ էհ, խեղճ Իշխան Զաքարյան, ամբիոնից էլ նման բաներ չի ասի: Բայց անդրդվելի է, ասելու է, որևէ մեկը շահագրգիռ չէ, որ չասի»:

Տեսանյութեր

Լրահոս