Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ. նրան կրկին թույլ չեն տվել տեսակցել կալանավորվածների հետ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Այդ մասին նա գրառում է  կատարել Ֆեյսբուքի իր էջում.

«Նոյեմբերի 9-ին, ժամը 22-ին, ինչպես խոստացել էի նույն օրն ավելի վաղ արված հայտարարության մեջ, այցելեցի «Նուբարաշեն» ՔԿՀ: Ինձ ՔԿՀ մուտք գործելու հնարավորություն չտրվեց: 22.40-ի մոտակայքում ՔԿՀ բակում ինձ մոտեցավ ՔԿՀ հերթափոխի պետը եւ պարզաբանեց, որ չի կարող նոյեմբերի 5-ի գործով անցնողներին տեսնելու հնարավորություն տալ, քանի որ նախաքննության մարմինը արգելանք է դրել նրանց տեսակցությունների վրա:

Պարոնին բացատրեցի, որ նույնիսկ այդ դեպքում դա չի կարող սահմանափակել ԱԺ պատգամավորի լիազորությունը, քանի որ օրենքը հստակ սահմանում է անարգել ՔԿՀ տարածք մուտք գործելու պատգամավորի լիազորությունը, եւ չկա որեւէ պաշտոնյա, որ իրավասու լինի սահմանափակել այն: «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 48-րդ հոդվածը ՔԿՀ մուտքի հնարավորության առումով ԱԺ պատգամավորին առաջնահերթություն է տալիս ՀՀ գլխավոր դատախազի, վերահսկող դատախազի, դատավորների, նույնիսկ արդարադատության նախարարի եւ Քրեակատարողական ծառայության պետի նկատմամբ: Պատգամավորին ՔԿՀ անարգել մուտքի եւ ելքի հնարավորություն չտալը նշանակում է, որ նման հնարավորություն չպիտի ունենան նաեւ ՀՀ գլխավոր դատախազը, Արդարադատության նախարարը, Քրեակատարողական ծառայության պետը: Նման բան լինել չի կարող, եւ դա հակասում է ՀՀ օրենսդրությանը:

Ելնելով վերը նշվածից՝ ՀՀ արդարադատության նախարարից պահանջում եմ անհապաղ ինձ հնարավորություն տալ այցելելու նոյեմբերի 5-ի գործի շրջանակներում կալանավորված անձանց: Նոյեմբերի 6-ի՝ Ձերբակալվածների վայր կատարած այցելությունից հետո նրանցից հատկապես մի քանիսի վիճակի կապակցությամբ ունեմ մտահոգություններ եւ այդ մտահոգությունները կարող են փարատվել միայն նրանց հետ զրույցից հետո:

Նաեւ մտահոգված եմ՝ տեսակցությունների եւ նամակագրության վրա նախաքննության մարմնի սահմանած արգելքի կապակցությամբ, ինչը նշանակում է, որ նոյեմբերի 5-ի գործով կալանավորված անձինք հարազատների հետ տեսակցելու եւ նամակագրության հնարավորություն չեն ունենալու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս