Ողջամիտ ներողություն և հակառակը

Աժ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում երեկ քննարկվում էր լրատվամիջոցների կողմից զրպարտանքի ու վիրավորանքի համար նախատեսվող հատուցման չափը նվազեցնելու վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագիծը:

Ըստ նախագծի համահեղինակ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի` պետք է նվազեցնել «Քաղաքացիական օրենսգրքում» ողջամիտ հատուցման չափը` համարելով, որ այդ տուգանքների մեծությունը ստիպում է լրատվամիջոցին փակվել, սնանկանալ:

Նա շեշտեց, որ իրենք օրենքի սկզբունքը փոխելու մտադրություն չունեն, և մարդու պատիվը վիրավորելու կամ զրպարտելու համար լրատվամիջոցը պետք է պատիժ կրի: «Մենք դրա դեմ ոչինչ չունենք»,- ասաց Արամ Մանուկյանը:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ հիշեցրեց, որ կան դեպքեր, երբ վիրավորում կամ զրպարտում է ֆիզիկական կամ իրավաբանական անձը, այլ ոչ թե` լրատվամիջոցները: Արամ Մանուկյանն էլ ի պատասխան` ասաց, թե այդ հարցն այլ օրենքով է կարգավորվում, և իրենք խոսում են միայն այն դեպքերի մասին, որոնք ԶԼՄ-ների միջոցով են հրապարակվել: Տուգանքի չափը համարժեք դարձնելու համար ՀԱԿ խմբակցության նախագծով առաջարկվում է «1000-ապատիկի» բառերը փոխարինել «100-ապատիկի» բառերով կամ սահմանել տուգանքի այլ` ավելի նվազագույն չափ:

Կարդացեք նաև

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն էլ նշեց, թե զրպարտության պարագայում գուցե նախագիծը կիրառելի լինի, բայց վիրավորանքի դեպքում «մի փոքր անհասկանալի է»: «Ես այստեղ նկատեցի, որ զրպարտողը կամ վիրավորողը դատարանում ազատվում է պատասխանատվությունից, թե աղբյուրը բացահայտվում է. ինձ համար սա անհասկանալի է:

Օրինակ, ես ինչ-որ մեկին ասում եմ` հիմար, ինչի համար ինձ պատասխանատվության են ուզում ենթարկել, բայց ես ասում եմ, որ ես քեզ չէի ասում հիմար, որ ինչ-որ մեկը, ասենք` Պողոսը, ինձ ասել է, որ դու հիմար ես: Հիմա տեղեկատվության աղբյուրի բացահայտման տրամաբանությունը ես չեմ հասկանում: Քաղաքացիական իրավունքում վիրավորանքն ու զրպարտանքը միշտ անձի պատվի ու արժանապատվության հետ են կապված, ուստի, եթե դու հրապարակայնորեն վիրավորում ես, ապա այլևս ի՞նչ նշանակություն ունի` ով է հանդիսանում այդ վիրավորանքի աղբյուրը»,- հետաքրքրվեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Արամ Մանուկյանն էլ նկատեց, թե տվյալ պարագայում պատասխանատվությունն իր վրա է վերցնում տեղեկատվության աղբյուրը` բացատրելով. «Այսինքն, եթե Դուք իմ ասածը հիմք եք ընդունում` մամուլում տպելու, և ես դա հիմնավորում եմ, ապա այդ դեպքում պատասխանատվությունն ընկնում է իմ վրա, այլ ոչ թե մամուլի»:

Դավիթ Հարությունյանն էլ հակառակը պնդեց` նշելով, թե այդ դեպքում ներողություն խնդրելը պետք է համարել հիմք, որովհետև հակառակ դեպքում, եթե անձը ցանկություն չունենա ներողություն խնդրել, ապա միայն այդ դեպքում անհրաժեշտ կլինի դատական գործընթաց սկսել.

«Թեև, ասում եմ` ներողությունը խնդրելը կարող է հիմք հանդիսանալ վարույթը կարճելու: Դուք գիշերները ձեր բարձին կարող եք պատմել` ինչ ուզում եք, բայց ոչ հրապարակայնացնել դա, հասկացեք: Օրինակ` դուք կարծիք ունեք, որ պետք է փայտը վերցնեք, մեկի գլուխը ջարդեք, բայց, իհարկե, չեք ջարդում, քանի որ միգուցե ձեզ կհամոզեն, որ իրեն դեռ պետք է բուժել կամ ինչ-որ բանով օգնել»: Դավիթ Հարությունյանը շեշտեց, թե զրպարտանքի կամ վիրավորանքի համար ողջամիտ պատիժը պետք է լինի ցավոտ և միաժամանակ շոշափելի, որպեսզի այն կրի կանխարգելիչ նշանակություն` միաժամանակ չդառնալով լրատվամիջոցի փակման առիթ: Որպեսզի լրատվամիջոցը զրկվի դատարանի միջոցով տվյալ իրավական կամ ֆիզիկական անձին ներողություն հայցելու պատասխանատվությունից, ՀԱԿ-ն առաջարկում է բացահայտել ինֆորմացիայի աղբյուրը:

Սակայն ՀՀԿ-ականները սրան էլ համաձայն չեն: Մասնավորապես, Դավիթ Հարությունյանն ասաց, թե դրանով փորձ է արվում հարցն այլ ուղղությամբ տանել: Լևոն Զուրաբյանն էլ հարակից զեկուցող, ՀՀ Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանին դիմելով` խնդրեց պարզաբանել իր կողմից բերված օրինակը. «Ասենք, մարդիկ հավաքվել են միտինգ են իրականացնում` «Սերժիկ, հեռացիր» կարգախոսով: Հիմա չեք կարող, չէ՞, մարդկանց ստիպել անցկացնել մեկ այլ`«Կեցցե Սերժիկը» կարգախոսով հանրահավաք: Եթե դուք սահմանափակում եք իրավունքը, ես դա հասկանում եմ, կարող եք սահմանափակել մարդու ազատ կարծիք հայտնելու իրավունքը, բայց այդ սահմանափակումը նշանակում է, որ օրենքի ուժով չի տրվում որոշ բաներ չասել, բայց դա չի նշանակում, որ օրենքի ուժով կարող եք պարտադրել ինչ-որ բաներ ասել: Հիմա կարող եք նույն հաջողությամբ նորմ մտցնել` պարտադրում ենք զղջալ, ծնկի իջնել… մարդը կարող է իր կամքով սա անել, բայց դուք նաև կարող եք պարտադրել դա անել: Սա կատարյալ աբսուրդ է: Ինչո՞ւ եք ժպտում, պարոն Հարությունյան, Ձեր դուրը եկա՞վ, հա՞»: Դավիթ Հարությունյանն էլ արձագանքեց. «Ձեր մտքի թռիչքն ինձ դուր եկավ»:

Շարունակելով` ՀԱԿ խմբակցության ղեկավարը մեջբերեց Սահմանադրության 27-րդ հոդվածի այն հատվածը, որ արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվել իր կարծիքից կամ փոխել այն, ապա շեշտեց. «Սա կոնկրետ, ինտերատիվ պնդում է, որը 43-րդ հոդվածով չի կարող սահմանափակվել»: Լևոն Զուրաբյանը հիշեցրեց նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ կապված նման միջադեպը, երբ թերթի տեղեկությունների համաձայն ՌԴ գլխավոր դատախազությունը «սև ցուցակ» ունի հայաստանյան այն պաշտոնյաների, օլիգարխների, ովքեր կապ ունեն հանցագործությունների հետ: «Նյութում տրվեցին շատ կոնկրետ անուններ, և երեքը` Լևոն Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանը և Սամվել Ալեքսանյանը, հայցով դիմեցին դատարան:

Թեև ՀԺ-ն մի քանի օր հետո բացահայտեց, որ այդ տեղեկություններն իրենց հայտնել էր Սմբատ Կարախանյանը, ով հետագա հարցազրույցում ավելի խիստ բաներ հնչեցրեց, թերթի վրա դրեցին 6 մլն դրամի տուգանք, որի հետևանքով` քիչ էր մնում փակվեր այն: Ի՞նչ է փոխվել հիմա այս առումով»:

Մուրադյանն էլ պատասխանեց, թե իր համար Զուրաբյանի արված համեմատություններն անհասկանալի էին. «Օրենքի ուժով մեր սահմանադրությունը կարող է պարտադրել անձանց անել ինչ-որ բաներ: Ինչ վերաբերում է, թե օրենքի պարտադրանքից արդյոք պաշտպանվա՞ծ է Սահմանադրության 27-րդ հոդվածի առաջին մասը, ես ասացի, որ ոչ, որովհետև 43-րդ հոդվածի տրամաբանությամբ բացառություններ կան. կան իրավունքներ, որ սահմանափակման ենթարկված չեն, օրինակ` արժանապատվության իրավունքը:

Կարծիքը փոխելու իրավունքը կարող է սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է, բայց անձին չեն ստիպում կարծիքից հրաժարվել, այլ ասում են, որ, եթե դու հրապարակայնորեն վիրավորել ես մեկ այլ անձի արժանապատվությունը, դրա համար ներողություն խնդրի:

Ներողություն խնդրելուց անձը կարող է հրաժարվել և կրել սահմանված պատասխանատվությունը, լավագույն դեպքում տուգանքի տեսքով: Ի՞նչն է այստեղ անհասկանալի: Հակառակ դեպքում, թե չլինի այդ բարոյական հատվածը, ինքը հարյուր անգամ կվիրավորի մեկ այլ անձի, անընդհատ կվճարի դրա համար»: Գրիգոր Մուրադյանը ՀԺ թերթի օրինակի առնչությամբ այդպես էլ հստակ պատասխան չտվեց: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ նկատեց. «Բառախաղ ենք անում. ստացվում է` իմ մտքում մնում ա իմ կարծիքը, բայց ես ընդունում եմ հակառակ տեսակետ: Հասկացեք` կարծիքը փոխել երբեք չի կարելի: Կարծիքի արտահայտման դրսևորումները պետք է սահմանափակել`ասենք տուգանելով»:

Դավիթ Հարությունյանն էլ հավաստիացրեց, թե ՀԱԿ օրինագծում «օգտակարության հատիկ» չկա, ապա նշեց, թե «ներողություն» բառի իմաստն ամենևին կարծիքը փոխելու հետ առնչություն չունի.

«Ներողության այն ձևը, որը սահմանում է դատարանը, վերաբերում է նրան, որ անձը ներողություն է խնդրում ուրիշի իրավունքը ոտնահարելու համար, ոչ ավելին»: Իսկ ինչ վերաբերում է գումարային հատվածին, ապա Հարությունյանը կարծիք հայտնեց, որ ժամանակակից աշխարհում պատժամիջոցի չափը չի սահմանափակվում, բայց մեզանում «անսահմանափակ սահմանը» կարող է սխալ կիրառվել դատարանի կողմից: «Դրա համար մենք գտնում ենք որոշակի թիվ, որը ըստ մեզ` ողջամիտ է, հակառակ դեպքում վերին սահման չպետք է լիներ»,- ավելացրեց նա: Լևոն Զուրաբյանն էլ հավելեց, թե օրինագիծն ունի մեկ կարևոր նպատակ` ապահովել երկրում խոսքի ազատության բոլոր անհրաժեշտ երաշխիքները:

«Մենք համարում ենք, որ մամուլը, լրատվամիջոցները պետք է ունենան իրավունք` ասելու այն, անգամ, եթե դա մեզ ձեռնտու չէ, անգամ, եթե սահմաններն անցնում են, ի՞նչ կա: Հատկապես հանրային ֆիգուրների նկատմամբ կատարած պնդումները, զրպարտությունը, վիրավորանքը նույն օրենքին չեն ենթարկվում, ինչ մասնավոր անձանց դեպքում, ինչը և գործում է դեմոկրատական երկրներում, որովհետև հասկանում են, որ, եթե վիրավորում են, ճիշտ վարվելաոճը ոչ թե այն է, որ գնաս պատժամիջոցի ենթարկես լրատվամիջոցը, փակել տաս այն, այլ հրապարակայնորեն ներկայացնես քո կարծիքը, ապացուցես, որ դա այդպես չէ: Երբ կրիմինալ պատժամիջոցներ կային, լրատվամիջոցները, փաստորեն, ավելի ազատ էին, իսկ հիմա լրատվամիջոցները սկսել են իրենց զգալ ավելի կաշկանդված: Ստացվում է, այն լրատվամիջոցները, որոնք ունեն հովանավորություն, կարող են անխնա, անսահմանափակ վիրավորել ընդդիմությանը, զրպարտել տարբեր հասարակական գործիչներին, որովհետև ծայրահեղ դեպքում, եթե դատարանները չսպասարկեն իրենց շահերը, նրանք միշտ կարող են իրենց թույլ տալ ուղղակի վճարելով պրծնել բոլոր պատժամիջոցներից: Նրանք, ովքեր ունեն օլիգարխ իրենց հետևում, կարող են վիրավորել, իսկ անկախները, որոնք առօրյա ծախսերն են հազիվ փակում, այդ իրավունքը չունեն, կաշկանդված են»,- հիմնավորեց Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը կոչ արեց նաև հետևել «իրավանաբությունը տրամաբանություն է» սկզբունքին, ապա հետաքրքրվեց. «Հիմա ես պարզ հարց եմ տալիս. եթե ունեմ կարծիք, որը կարող է դատապարտելի լինել, սխալական, անօրինական, որ ես համարում եմ, որ Դուք, պարոն Հարությունյան, գնել եք ձեր դիպլոմը: Ես համարում եմ, դա իմ կարծիքն է, դուք դրան արժանի եք, ես որևէ դեպքում ձեզնից ներողություն չեմ խնդրի իմ կարծիքի համար: Այդ դեպքում ո՞նց կարող է որևէ դատարան ստիպել ինձ փոխել այդ կարծիքը և ներողություն խնդրել, ես այս համոզմունքն ունեմ: Պարզ տրամաբանություն է` կարծիքս սա է, ոչ մեկն ինձ չի կարող պարտադրել փոխել այն, ես չեմ ուզում փոխել, համարում եմ, որ պետք է չփոխեմ ոչ մի պարագայում»:

Ի պատասխան` ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն էլ նկատեց. «Խոսքի ազատության իրավունքը Սահմանադրության 27-րդ հոդվածով է ամրագրված, ամրագրված է նաև Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, որը հստակ տարբերակում է կարծիք ունենալու և կարծիք արտահայտելու ազատությունը: իսկ ներողությունը որպես բարոյական հատուցման ձև է ընդունված»: Արամ Մանուկյանն էլ հստակեցրեց, թե իրենք դեմ են «ներողություն» պարտադրելու դրույթին: «Օրենքով պարտադրել որևէ բան, չես կարող, պետք չէ պարտադրել ասել, թե զղջում է, սիրում է կամ ատում է: Եթե մարդը կամավոր ներեղություն է խնդրում, կարելի է տուգանքը նվազեցնել, բայց եթե չի խնդրում, պետք չէ պարտադրանքով ներողություն խնդրել»,- եզրափակեց նա:
«168 Ժամ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս