
«Որևէ իրավիճակում Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա». Գ. Սահակյան

«Չկարգավորված մտքերի արդյունք են, որ քաղբանտարկյալներ կարող են լինել։ Քաղբանտարկյալները նրանք են, ովքեր քաղաքական ֆորմատներ են փոխում, բայց մեր երկրում այդ խնդիրը չկա՝ քաղաքական շրջադարձերի նպատակ չկա»: Այսպես է պատասխանել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների այն դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ արդեն քրեական գործ է հարուցվել Շանթ Հարությունյանի նկատմամբ՝ մտավախություն չունե՞ք, որ «քաղբանտարկյալ» տերմինը կրկին կմտնի շրջանառության մեջ:
Ըստ նրա՝ մարդիկ մտածում են, որ հենց խոսում են իշխանության դեմ, քաղաքական գործիչներ են, իսկ հենց օրենքը կիրառվում է նրանց նկատմամբ, ուրեմն քաղբանտարկյալ են. «Այդպես չի լինում, արդեն ծիծաղելի է «քաղբանտարկյալ» հասկացությունը»։
Ինչ վերաբերում է կարծիքներին, թե ժողովուրդն արդեն հոգնել է գործող իշխանությունից, դրա համար էլ նման քայլի է դիմում, ՀՀԿ խմբակցության ղեկավարը չհամաձայնեց: Հարցին՝ ո՞ր պարագայում Սերժ Սարգսյանը հրաժարական կտա, Գ․Սահակյանը պատասխանեց․ «Որևէ իրավիճակում Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա։ Սովորական ժողովրդավարական ձև է հրաժարական պահանջելը։ Կան հրաժարական պահանջողներ, բայց այդ պահանջնողներից յուրաքանչյուրն իր ստվերային կողմն ունի՝ իբրև թե ընդդիմություն ենք, ավելին կարող ենք անել։ Ես դեռևս չեմ տեսել որևէ քաղաքական թիմ, որը կարող է ավելին անել՝ հատկապես, երբ այսօրվա ընդդիմության շարքերում նախկին իշխանության ներկայացուցիչներն են»։