Բաժիններ՝

Մաքսային միությունը Հայաստանի տնտեսության համար «հնարավորությունների նոր պատուհան» է. Տիգրան Սարգսյան

Ուկրաինական Сегодня թերթին տված հարցազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Մաքսային միությանը (ՄՄ) Հայաստանի անդամակցության խնդրին. «ՄՄ-ը Հայաստանի տնտեսության համար «հնարավորությունների նոր պատուհան» է:

Իմ կարծիքով հաջողությամբ են ավարտվել տևական բանակցություններն ու հետազոտությունները, և մենք հնարավորություն ենք ստացել հայտ ներկայացնել ՄՄ-ին անդամակցելու համար: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՄՄ-ի հետ ընդհանուր սահմանի բացակայությունն այն հարցն է, որը պահանջում է լուրջ հետազոտություն և բոլոր կողմերի ու դեմերի ըմբռնում:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերն ու ներդրողն է, իսկ Հայաստանում արտադրվող արտադրանքը հիմնականում իրացվում է ռուսական շուկայում:

Եվ ակնհայտ է, որ եվրասիական տիրույթում ինտեգրացիոն գործընթացներից մեկուսանալը կհանգեցնի մրցունակության կորստյան, ավելին՝ կարող է հանգեցնել մեր համագործակցության համար որոշակի սահմանափակումների առաջացման, ինչը կխանգարի մեր ռազմավարական, գործընկերային հարաբերություններին ՀԱՊԿ-ում:

Հետխորհրդային տիրույթի փոխհարաբերություններում «սառեցված» է վիթխարի պոտենցիալ, և հայկական ձեռնարկությունները մեծապես շահագրգռված են նրանում, որ ՄՄ-ի շուկան մեզ համար լինի առավելագույնս մատչելի: ՄՄ-ի երկրների հետ ինտեգրման առավելբարձր մակարդակը, այդ թվում նաև առևտրի ոլորտում տեխնիկական արգելքների վերացումը, բնականաբանար կխթանի տնտեսական աճ Հայաստանում:

Սակայն կան որոշակի ռիսկեր. ՄՄ-ում սակագները ավելի քան կրկնակի գերազանցում են երրորդ երկրների հետ մեր մաքսատուրքերը: Մենք կբախվենք որոշակի բարդությունների: Սակայն ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ Հայաստանը շահում է ՄՄ-ին ու Միասնական տնտեսական տիրույթին (ՄՏՏ) անդամակցելուց:

Հայաստանը՝ որպես ՄՄ-ի և ՄՏՏ-ի անդամակցության թեկնածու, մշակում է օրենսդրության և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրագործման ներդաշնակության ծրագիր: ՄՄ-ին անդամակցելուց հետո մենք կդառնանք որոշումների ընդունման լիիրավ մասնակից և կելնենք ՄՄ-ի երկրների ընդհանուր շահերից»:

Պատասխանելով ԵՄ-ի ու ՄՄ-ի միջև ընտրություն կատարելու հարցում Ղարաբաղյան հակամարտության դերակատարության մասին հարցին՝ Տիգրան Սարգսյանը հայտարարել է. «Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր ճակատագիրը: Լեռնային Ղարաբաղը մեզ համար ունի հիմնարար նշանակություն, դրա համար էլ մեր բոլոր պլանները կառուցվում են՝ հաշվի առնելով այն, որ ԼՂՀ-ի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա ազատ ապրել և արարել իր հողում:

Եվ ամեն դեպքում ես ԼՂ-ի խնդիրը չէի շաղկապի տնտեսական ինտեգրման ընտրության հետ: Գոյություն ունեն արմատական հարցեր՝ կապված նրա հետ, թե ինչպիսի դիրք ունի Հայաստանն այդ տարածաշրջանում, թե ինչպես է նա տեսնում իր ապագան, ինչպես է Հայաստանը կառուցել իր ներքաղաքական ու արտաքին քաղաքական փոխհարաբերությունները:

Այս բոլորը համալիր, բարդագույն հարցեր են: Անվտանգության հարցերը, տնտեսական բարեկեցությունը, զարգացման քաղաքական, մշակութատրամաբանական վեկտորը հանգեցնում են նրան, որ Ռուսաստանի և Մաքսային միության մյուս երկրների հետ ռազմավարական գործընկերությունը բխում են մեր ժողովրդի կենսական շահերից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս