Ադրբեջանի պաշտպանության նախարարը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Անդրեյ Ռուզինսկու հայտարարության վրա
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձանական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի շուրջ տիրող իրավիճակը:
Հասանովը համանախագահների ուշադրությունն է հրավիրել Հայաստանում Ռուսաստանի 102-րդ բազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու՝ ոչ վաղ անցյալում արած այն հայտարարության վրա, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղում, ապա ռուսական ռազմաբազան կարող է ներգրավվել դրանում:
Հասանովը պարզաբանում է պահանջել այդ հայտարարության կապակցությամբ՝ ընդգծելով այդ հայտարարությանը պաշտոնապես արձագանքելու կարևորությունը: