Արցախից արտագաղթ չկա
«Արցախում արտագաղթ չկա» հայտարարությունը անում են պարբերաբար:
Պաշտոնական տվյալներով՝ Արցախ եկածների թիվը միշտ գերազանցում է մեկնածներին:
Թվերը վերլուծում ու հրապարակում է ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմվելով ԼՂՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների բաժնի տվյալների վրա: Համենայն դեպս, մամուլի ասուլիսներին այդպես էր ասում ԱՎԾ նախկին նախագահ Մանուշ Մինասյանը:
Թե կոնկրետ ինչ մեթոդաբանությամբ է հաշվառվում եկածների և մեկնածների քանակը՝ ԱՎԾ-ից հրաժարվեցին պատասխանել:
«Մեկնածները անձնագրային բաժնի հաշվառումից հանվածներն են, եկածները` գրանցվածները»,- «Անալիտիկոնի» հետ զրույցում բացատրեց անձնագրային ու վիզաների բաժնի պետ, փոխգնդապետ Գարիկ Միրզոյանը:
Եթե Հայաստանում սահմանն երկու ուղղություններով հատած քաղաքացիների տարբերությունների հաշվառմամբ են որոշում արտագաղթածների քանակը, ապա Արցախում դա հնարավոր չէ իրականացնել:
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը համաձայն է, որ միգրացիայի վերլուծումն արձնագրային բաժնի հարց չէ, որովհետև ոչ բոլոր մեկնող-գնացողներն են հաշվառվում.«Անձնագրային բաժինը չի կարող իմանալ, դա պետք է իմանան վիճակագրական ծառայությունն ու տեղական ինքկառավարման մարմինները: Շատ գնացողներ հաշվառումից դուրս չեն գալիս, քանի որ հիմնականում գնում են արտագնա սեզոնային աշխատանքի»:
Ինչևիցե, անդրադառնանք համեմատաբար թարմ տվյալներին: 2012-ին հանրապետությունում պաշտոնապես հաշվառված եկողների թիվը կազմել է 907, մեկնողներինը՝ 574: 907-ից 850-ը ՀՀ-ից է եկել, 574-ից 538-ը ՀՀ է մեկնել:
Նրանք հիմնականում հաստատվում են Երևանում և երևանամերձ արվարձաններում:
Բադասյանն, այնուամենայնիվ, գտնում է, որ Արցախից մեկնածներն ավելի մեծ թիվ են կազմում. «Եթե ամեն մեկը նայի իր շրջապատին՝ կհամոզվի դրա մեջ: Արտագաղթը կարելի է նույնիսկ ազգային անվտանգության հարց դարձնել: Առաջիկայում առաջարկելու եմ արտագաղթի վերաբերյալ լսումներ կազմակերպել»:
Սակայն չպետք է մոռանալ, որ պատերազմից հետո Արցախը ազատագրված տարածքներում վերաբնակեցման ծրագիր է իրականացնում: Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանի՝ «Անալիտիկոնին» հաղորդած տվյալներով՝ ներկայումս շրջանում 10 038 մարդ է բնակվում: Իսկ Շահումյանի շրջանում, 2011 թվականի տվյալներով, 2900 մարդ: Ըստ Շահումյանի բնակիչ Ալեքսանդր Քանանյանի՝ իրականում շուրջ 2200-2500 հոգի բնակվելիս կլինի. «Պաշտոնական վիճակագրությունը ներառում է նաև նախորդ տարիների ընթացքում տարածքում հաշվառված և հետագայում այն լքած անձանց ևս»:
Պաշտոնական տվյալներով՝ 2012-ին ԼՂՀ տեղափոխված 414 վերաբնակչի համար օրենսդրությամբ սահմանված արտոնությունների տրամադրման նպատակով ծախսվել է 42 մլն 136 հազար դրամ: Ստացվում է՝ 2012 թվականին Ղարաբաղ եկածների 45, 64 տոկոսը վերաբնակիչներ են՝ վերաբնակչի կարգավիճակ են ստացել:
Միգուցե վերաբնակեցմա՞ն շնորհիվ է եկողների թիվը ավելի մեծ, քան գնացողներինը
«Քաշաթաղի շրջանում մի քանի սիրիահայ ընտանիքներ հաստատվել են, բայց գնացողներն էլ են շատ, հատկապես՝ երիտասարդությունը: Մարդիկ իրենց ապագան չեն կապում Արցախի հետ»,- ասում է Բադասյանը:
Մինչ սիրիական պատերազմն ու պատերազմի ընթացքում Քաշաթաղի շրջանում սիրիահայ 28 ընտանիք է հաստատվել՝ 74 հոգի:
«Երևի սիրիահայերի թիվը կավելանա նոր բնակարաններ կառուցելուց հետո»,- ասում է Ռոբերտ Մաթևոսյանը:
«Ազատ Հայրենիք» կուսակցության պատվերով Ահարոն Ադիբեկյանի՝ անցած տարվա մայիսին անցկացրած սոցիոլոգիական հետազոտության տվյալները տարբերվում են պաշտոնական վիճակագրությունից։ Ըստ հետազոտության՝ Արցախ ամեն տարի մոտավորապես 500-600 քաղաքացի է գալիս: Հարցին, թե ինչ մեթոդաբանությամբ է նման տվյալներ ստացել, սոցիոլոգը պատասխանել է. «Գոյություն ունի վիճակագրություն՝ 2007-ին ապրում էր մոտ 140 հազար մարդ, 5 տարի հետո՝ 145 հազար, հետևաբար տարեկան աճը՝ 1.000 հոգի։ Բայց դա գրանցվածներն են, իսկ իրականում կա արտագաղթ՝ դեպի Հայաստան և այլուր»:
Պետք է նշել, որ, այնուամենայնիվ, Արցախից Հայաստանի պես արտագաղթ չի նկատվում, համենայն դեպս՝ «անզեն» աչքով:
Մանրամասները կարդացեք այստեղ`