Թուրք պաշտոնատար անձինք Բուրսայում ոսկի են որոնում հայկական տան տակ. Hürriyet Daily News
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ` արևմտյան Բուրսա նահանգի փոքրիկ գյուղը դարձավ գանձեր որոնելու ժամանակակից պատմության կենտրոն, ուր պաշտոնատար անձինք փնտրում են քեմալական շարժումից հետո երկիրը լքած հայ ընտանիքների ոսկիները և անձնական այլ իրեր:
Չինովնիկները ստեղծել են հնագետի գլխավորությամբ մի հանձնաժողով` հողափորման աշխատանքներ կատարելու համար Կերամետ գյուղում`տներից մեկի տակ, ուր համարվում է, որ թաղված են հայ ընտանիքների արժեքավոր իրերը:
«Հնագույն գյուղի պատմությունների համաձայն, շատ հայ ընտանիքներ արմատ են ձգել Կերամետ գյուղում: Քեմալական շարժումից հետո նրանք բոլորն էլ գաղթել են` բացառությամբ մեկից: Գյուղում մնացած ընտանիքը, ըստ երևույթին, ասել է, որ այն հայերը, որոնք փախել են, իրեց ոսկին և մյուս իրերը թաքցրել են իրենց տան տակ»,- ասել է տան ներկայիս սեփականատեր Էֆքան Արըն:
Նա հավելել է. «Այդ լուրը շրջանառվում է բազում տարիներ: Դրա համար էլ, երբ մուհտարը (գյուղի ադմինիստրատոր) մտահոգվեց, որ այդ հին տունը կարող է փլվել յուրաքանչյուր պահի և կարգադրեց ապամոնտաժել այն, մենք ցանկություն հայտնեցինք պեղումներ սկսելու թույլտվություն ստանալ»:
Սակայն այդպիսի թույլտվություն ստանալը հեշտ չէր, և այդ գործընթացը տևեց ավելի քան մեկ տարի: Պեղումները մեկնարկեցին նոյեմբերի 1-ին, դրանք իրականացվում են Ժանդարմերիայի ուժերի դիտարկման ներքո և օրինական հենքով կարող են տևել մեկ ամիս:
Հայտնաբերվելիք ոսկին պետք է բաժանվի պետության և տան սեփականատիրոջ միջև, իսկ հնագույն իրերը պետք է տրվեն պետական գանձարանին` համաձայն օրենքների: Գյուղը հարկադրաբար լքած հայ ընտանիքների մասին տեղեկություններից ու լուրերից հայտնի չէ, թե արդյոք նրանց հաջողվե՞լ է անվնաս ավարտել իրենց վտանգավոր ուղևորությունը:
Սակայն Կերամետ գյուղի պատմությունը, որի անունը նշանակում է «հրաշք», կարող է մի օր լույս սփռել Անատոլիայում նրանց պատմության ու նրանց կյանքի վրա: