Բաժիններ՝

Հայկական վիճակագրության «հրաշքների» շարքից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 1.118.693  ՀՀ քաղաքացի, ժամանել՝  996.492 քաղաքացի։ Մեկնողների և ժամանողների հաշվեկշիռը բացասական է՝ –122.191։ Այսինքն՝ նշված ժամանակահատվածում Հայաստանից անվերադարձ մեկնել են 122 հազար հոգի։

Նույն ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին 9 ամիսներին ծնվել է 30.477 երեխա, մահացել՝ 20.268 մարդ։ Բնական հավելաճը կազմել է 10.209 մարդ։

Հիմա համադրենք այս ցուցանիշները։

Ստացվում է՝ Հայաստանի բնակչության իրական թիվը այս տարվա ընթաքում միգրացիայի պատճառով նվազել է 122.191-ով, և միևնույն ժամանակ՝ բնական աճի միջոցով ավելացել 10.209-ով։ Պարզ թվաբանությամբ ստանում ենք, որ ՀՀ բնակչության իրական թիվը տարվա ընթացքում պակասել է 111.982-ով։

Հիմա բացում ենք կրկին նույն ԱՎԾ-ի մեկ այլ զեկույց, որտեղ արտացոլվում է ՀՀ մշտական բնակչության թիվը։ Այնտեղ գրված է, որ մշտական բնակչության թիվը 2013թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ 3.017.000 է։ Հիմա ետ ենք գնում և վերհիշում նույն ԱՎԾ-ի հայտարարած թիվը՝ հունվարի 1-ի դրությամբ՝ 3.026.900։ Ստացվում է, որ ըստ ԱՎԾ-ի՝ մշտական բնակչության թիվը տարվա ընթացքում պակասել է ընդամենը 9900 մարդով։

Զգո՞ւմ եք տարբերությունը։ Մի դեպքում բնակչության թիվը պակասում է 111.982-ով, մյուս դեպքում՝ 9.900-ով։ Նույն կառույցի տվյալներով և նույն ժամանակահատվածի համար։

Իհարկե, հիմա կհնչեն պարզաբանումներ, որ մշտական բնակչության թիվը իրական կամ առկա բնակչության թվից տարբերվում է, այլ մեթոդաբանությամբ է հաշվարկվում և այլն։

Սակայն այդպես էլ չենք լսի խելքը գլխին մի պարզաբանում, թե ինչի՞ համար ընդհանրապես հրապարակվում մշտական բնակչության թվաքանակը (այն էլ՝ տարվա մեջ մի քանի անգամ), եթե այն իրականության հետ նույնքան կապ ունի, որքան մենք՝ այլմոլորակայինների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս