Հանրային խորհրդում հերթական անգամ քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի հետագա ճակատագիրը
Հոկտեմբերի 31-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ, որի օրակարգային գլխավոր հարցը հերթական անգամ եղել է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հետագա ճակատագիրը:
Նիստը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Հարցի քննարկմանը մասնակցել են ոչ միայն խորհրդի անդամներն ու այն ենթահանձնաժողովների նախագահները, որտեղ հարցը դրվել է քննարկման, այլև ՀԽ հրավերով` նաև ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, օդանավակայանի ենթակառուցվածքների տնօրեն Լուկաս Մոնսալոն, օդանավակայանի տեխնիկական տնօրեն Աշոտ Միրզոյանը, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը:
Վազգեն Մանուկյանը նախ հիշեցրել է, որ քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով հարցը քննարկել, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելը առավել հասկանալի լինեն հանրության և ոլորտի այլ մասնագետների տեսակետները: Հարցը քննարկման էր դրվել ՀԽ համապատասխան ենթահանձնաժողովներում (քաղաքաշինության և ճարտարապետության, օդային տրանսպորտի քաղաքականության, մշակույթի, ազգային արժեքների), տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովում, և կառույցը քանդելու վերաբերյալ բացասական որոշումներ էին կայացվել, միաժամանակ ներկայացվել էին առաջարկներ դրա պահպանման, հետագա օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ:
Հետագա առավել խորքային ու համակողմանի քննարկումների համար անհրաժեշտություն էր առաջացել օդանավակայանի ղեկավարության կողմից ստանալ և ուսումնասիրել որոշակի փաստաթղթեր` մասնավորապես ընկերության մաստեր-պլանը, որից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել լսել քաղավիացիայի գլխավոր վարչության և օդանավակայանի ղեկավարության տեսակետը, որի նպատակով էլ գումարվել էր ՀԽ փոքր խորհրդի նիստ:
Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը հայտնել է, որ իրենց կողմից Հանրային խորհուրդ դիմելը պայմանավորված է եղել գործընթացը թափանցիկ իրականացնելու և հանրության տեսակետը լսելու հանգամանքով:
Օդանավակայանի գլխավոր տնօրենի խոսքով` երբ 2002 թվականին կառավարության և ընկերության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր, նախևառաջ կառավարության առջև հարց է դրվել` ստեղծել նո՞ր ուղևորային համալիր, թե՞ վերակառուցել հինը: Կառավարությունը կողմ է եղել նորի կառուցմանը: Կառուցվել է երկուսուկես միլիոն ուղևորափոխադրումների համար նախատեսված համալիր` չնայած որ ուղևորների թիվն այդ ժամանակ եղել է 600-700 հազար: Այժմ, ըստ Մարսելով Վենդեի, նոր ուղևորային համալիրն ընդլայնելու խնդիր է առաջացել, քանի որ ոլորտը, մասնավորապես բաց երկնքի քաղաքականությամբ պայմանավորված, զարգանալու միտում ունի, և օդանավակայանը պետք է պատրաստ լինի դրան:
Գլխավոր տնօրենը նաև հայտնել է, որ 2002-ին իրենց կողմից հրավիրվել են արտասահմանյան մասնագետներ, որոնք ուսումնասիրություններ են կատարել հին ուղևորային համալիրում և փաստել, որ անգամ այդ ժամանակ կառույցի շինարարությունը չի համապատասխանել որոշակի չափանիշների, այդ պատճառով էլ արագ հայտնվել է նման վատ վիճակում: Վենդեն, սակայն, չի հստակեցրել, թե ինչ կազմակերպությունների մասին է խոսքը:
Նա նաև ընդգծել է, որ հին ուղևորային համալիրն այլևս հնարավոր չէ ծառայեցնել իր նպատակին, և առավել նպատակահարմար է նոր մասնաշենքի ընդլայնումը:
Հարցին, թե ինչու է օդանավակայանի ընդլայնումն իրականացվելու հատկապես հին համալիրի ուղղությամբ, պարզաբանվել է, թե հակառակ դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոխելու օդանավակայանի ողջ կառուցվածքը, ինչը մեծ ծախսերի հետ է կապված:
Նաև նշվել է, որ հին ուղևորային համալիրի տարածքն անհրաժեշտ է միայն որպես նոր օդանավակայանի շարունակություն կառուցելու և օգտագործելու նպատակով, և կլոր շենքը քանդելու դեպքում որևէ այլ նշանակության կառույց այնտեղ չի նախատեսվում:
Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը հայտնել է, որ հին ուղևորային համալիրը քանդելը կարժենա մոտ երկու միլիոն դոլլար, իսկ ամրացնելը` տասից տասներկու` միաժամանակ նշելով, որ ամրացնելու պարագայում էլ հնարավոր չի լինի ամբողջությամբ պահպանել նախկին տեսքը: ՀԽ նախագահի հարցին ի պատասխան` նա ասել է, որ օդանավակայանի զարգացման այլընտրանքային տարբերակներ ֆինանսական հաշվարկների տեսանկյունից չեն արվել, սակայն նշել է, որ իրենց կողմից միակ իրատեսական տարբերակը այս պահին համարվում է զարգացումը դեպի հին ուղևորային համալիր:
Սեյսմոլոգ Զավեն Խլղաթյանը Հանրային խորհրդին տեղեկացրել է, որ իրենց կողմից 2011 թվականին իրականացվել են շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ, և պարզվել է, որ շենքը լուրջ վնասվածքներ ունի: Սեյսմիկ իրավիճակի վերլուծությունը նույնպես մտահոգվելու տեղիք է տվել: Միաժամանակ, ՀԽ անդամների հարցին ի պատասխան, սեյսմոլոգը հայտնել է, որ շենքը կարող է դիմանալ մինչև ութ բալ ուժգնությամբ երկրաշարժին:
Իր հերթին ՀԽ քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը, որը միաժամանակ «Հայնախագիծ» ընկերության տնօրենն է, հայտնել է, որ շենքը հնարավոր է ամրացնել, և որ ժամանակին իրենց կողմից առաջարկվել է շենքի ամրացման վեց տարբերակ:
Այնուամենայնիվ, որոշ հարցեր կրկին անպատասխան են մնացել, օրինակ թե շենքը պահպանելը որքան ծախս կպահանջի կամ պահպանման դեպքում ինչ նպատակի կարող է ծառայել և այլն:
ՀԽ կողմից հնչել է տեսակետ, որ անհրաժեշտ է ուսումնասիրել շենքի պատմամշակութային կարգավիճակը, և եթե համապատասխան կառույցի կողմից որոշվի, որ այն հուշարձան է, ապա պետք է կրկին ներառվի պատմամշակութային հուշարձանների ցանկում, որի դեպքում իրավիճակը նոր լուծումներ կպահանջի:
Արտյոմ Մովսեսյանը, սակայն, փաստել է, որ այսօր կառույցը պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված չէ, ուստի կառավարությունն ազատ է որոշում կայացնելու հարցում, հատկապես որ կառավարության գլխավոր նպատակը ողևորների քանակն ավելացնելն ու ոլորտը զարգացնելն է:
Վազգեն Մանուկյանը հակադարձել է` նշելով, որ եթե անգամ կառույցը ներառված չէ պատմամշակութային հուշարձանների ցանկում, այնուամենայնիվ հանրության կողմից այն ընկալվում է որպես հուշարձան, և հենց այդ հանգամանքն հաշվի առնելով էլ կառավարությունը դիմել է Հանրային խորհուրդ` կազմակերպելու հանրային քննարկումներ և լսելու հանրության կարծիքը:
Արտյոմ Մովսեսյանը հորդորել է զերծ մնալ կարծրատիպային մտածողությունից, մտածել առաջընթացի մասին և առաջնորդվել նորօրյա չափանիշներով, ինչին ի պատասխան` Մանուկյանն ասել է, որ Հանրային խորհրդի համար ընդունելի են այն լուծումները, որոնք կապահովեն առաջընթաց` միաժամանակ պահպանելով հանրային արժեքները:
Ամփոփելով նիստը` Մանուկյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին քննարկմանը մասնակցելու համար` միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ քննարկման ընթացքում հնչած որոշ տեսակետների և թվերի վերաբերյալ չկան փաստաթղթային հիմնավորումներ:
Որոշվել է, որ Հանրային խորհուրդն աշխատանքային կարգով (անհրաժեշտ տեղեկատվության համար գրավոր դիմելով նաև քաղավիացիայի գլխավոր վարչության և օդանավակայանի ղեկավարությանը), կքննարկի ձեռք բերված փաստաթղթերն ու ողջ տեղեկատվությունը, որի հիման վրա առաջիկա օրերին կգումարի ՀԽ լիագումար նիստ և կկայացնի որոշում:
ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու