Կամո Արեյան. Ո՞վ ասաց, որ տրանսպորտի գինը չպետք է թանկանա

Հասարակական տրանսպորտի ուղեվարձի հարցով զբաղվող հանձնաժողովը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի գնահատմամբ, աշխատում է ծանրաբեռնված, բաց և թափանցիկ: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Կամո Արեյանն ասաց, որ հանձնաժողովում հաշվարկներ են իրականացվում, և հավանաբար մեկ ամսից կամ մի քիչ ավելի ուշ, այն կավարտի իր աշխատանքները: Արեյանը հայտարարեց, թե տրանսպորտի սակագինը նույնը չի մնա՝ կթանկանա։ «Ո՞վ ասաց, որ տրանսպորտի գինը չպետք է թանկանա»,- զարմացավ փոխքաղաքապետը՝ ավելացնելով, որ այս տարիների ողջ տրամաբանությունը հանգեցնում է նրան, որ գործող սակագնով անհնար է տրանսպորտ շահագործել։

Նա նշեց, թե տրանսպորտի սակագնի բարձրացման դեպքում պարտադիր պետք է բարձրանա նաև սպասարկման որակը, որովհետև հանրությունը նման պահանջ ունի. «Պիտի վերանայվի երթուղային ցանցը, սպասարկման որակը, մեքենաների կահավորանքը, մաքրությունը, չվացուցակը և այլն: Այս հարցերը հանձնաժողովը նույնպես քննարկում է»,- հավաստիացրեց նա։

Կամո Արեյանը վստահեցրեց, որ շուկայում «բաց մրցութային հարաբերություններ են», ուստի բացառեց, որ մայրաքաղաքային տրանսպորտի ոլորտը տրվի մեկ մարմնի. «Մենաշնորհ չի կարելի թույլ տալ»:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կլինի, եթե հանրությունը սպասվող թանկացման դեմ կրկին բողոք կազմակերպի, Կամո Արեյանն ասաց, թե չկա մի երկիր ու քաղաք, որտեղ որևէ ապրանքի կամ ծառայության գնի «մազաչափ» թանկացումն անգամ ոգևորությամբ ընդունվի։ «Նրանք, ովքեր չեն ցանկանում վճարել, դրսևորում են քաղաքացիական էմոցիա: Երբ օրենքը սկսվեց կիրառվել, այդ էմոցիաները պետք է գնան»,- եզրափակեց նա։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս