Բաժիններ՝

Հռոմում ձերբակալել են Դեդ Հասանի սպանության ենթադրյալ մասնակիցներին

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քրեական շրջանակներում «Դեդ Հասան» մականվամբ հայտնի Ասլան Ուսոյանի սպանության գործում տեղի է ունեցել շրջադարձային իրադարձություն: Հռոմի ծայրամասերում ձերբակալել են սպանության ենթադրյալ մասնակիցներին:

Ընդ որում, այն, որ Դեդ Հասանի սպանության հետքերը տանում են դեպի Իտալիա, հայտնի էր դարձել դեռևս հուլիսին: Նախօրեին տեղեկատվություն է հայտնվել Հռոմի արվարձանում քրեական հեղինակությունների ձերբակալման մասին, որոնց կասկածում են Ասլան Ուսոյանի սպանությանը մասնակցելու մեջ:

Իտալացի կարաբիներները դեռևս նախորդ շաբաթվա վերջին հատուկ գործողություն էին իրականացրել՝ ձերբակալելու համար այսպես կոչված «ռուսական մաֆիայի» 7 ներկայացուցչի: Իտալական ոստիկանությունը գործել է բելգիական ոստիկանության խնդրանքով, որն այդ 7 անձանց մեղադրում է Բելգիայի տարածքում «օրինաճանաչ» Դավիթ Օզմանովի դեմ մահափորձ կատարելու մեջ:

Ձերբակալվածների թվում են հայտնվել Գեորգի Գուրչիանին, Իրակլի Պիպիան և Ռոին Ուգլավան: Որոշակի տվյալներով՝ չի բացառվում, որ այդ անձինք մասնակից են Դեդ Հասանի սպանությանը: Նրանց կասկածում են 2012 թվականի սեպտեմբերին Իտալիայի տարածքում Դեդ Հասանի հակառակորդների «սխոդկային» մասնակցելու մեջ, ինչը ղեկավարել է Տարիել Օնիանին:

Վերջինս բանակցություններին մասնակցել է հեռախոսով, քանի որ Ռուսաստանում գտնվում է ազատազրկման մեջ: Օնիանին ասել է վերացրեք նրան, և կլուծվեն բոլոր հարցերը: Արդեն 2013 թվականի սկզբին Դեդ Հասանը սպանվեց Մոսկվայում:

Ավելի ուշ իտալացի իրավապահների տրամադրության տակ հայտնվեց մի ձայնագրություն, որում միմյանց հետ հեռախոսով խոսում են Օնիանին և Մերաբ Սուխումսկին: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Դեդ Հասանի սպանությունից անմիջապես անց:

Դրանում «քրեական գեներալները» ուրախություն են հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա իրենց բոլորի ծննդյան օրն է, և որ իրենք կատարել են 100 քայլ դեպի առաջ:

Հետաքրքիր է, որ 2013 թվականի սեպտեմբերին մայրաքաղաքում ձերբակալվել է ոմն Ուլֆան Թագիև: Ենթադրվում է, որ նա հանդիսանում է Ասլան Ուսոյանի հակառակորդ կլանի հաստիքային վարձու մարդասպան: Վարկածներից մեկի համաձայն, հենց Թագիևը կարող էր իրագործել հանցագործ աշխարհի թագավորի սպանությունը:

Մյուս վարկածի համաձայն, նա միայն իրականացրել է դիտարկում և վարձու մարդասպանին օգնել է չքանալ հանցագործության վայրից: Միևնույն ժամանակ Դեդ Հասանի սպանությունը կազմակերպելու գործով դեռ մեղադրանք չի ներկայացվել որևէ մեկի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս