Մանվել Բադալյան. Ես չեմ վախենում ու ասել եմ, որ պաշտոնյաները համարժեք վարձատրություն չէին ստանում
«Քաղծառայողները շատ վաղուց էին սպասում աշխատավարձերի բարձրացման մասին լուրին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: «Փառք Աստծո, այս տարի նման հնարավորություն կունենանք: Կբարձրանա մոտ 8000 քաղաքացիական ծառայողի աշխատավարձ, նրանց միջին աշխատավարձը 120 հազար դրամից կդառնա 240-250 հազար դրամ»:
Ինչ վերաբերում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձին, ապա Մանվել Բադալյանն ասաց. «Ես չեմ վախենում ու ասել եմ, որ պետական պաշտոնյաները համարժեք վարձատրություն չէին ստանում: Մենք վաղուց պիտի այս քայլին գնացած լինեինք, որովհետև այս քայլով շատ խնդիրներ կլուծեինք: Նախկինում տնտեսական խնդիրներ չկային, ես կցանկանայի, որ է՛լ ավելի բարձրանար: Արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար բավարար չէր»:
Բադալյանի համոզմամբ, պատգամավորի աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի փոխնախարարի աշխատավարձից, որովհետև երկրի օրենսդիր մարմինն է: Հարցին, թե նա գո՞հ է իր աշխատավարձից, Բադալյանը բացասական պատասխանեց տվեց՝ ասելով, թե դժգոհ է։ Նրա խոսքով՝ այս օրինագծի ընդունումից հետո իր աշխատավարձը 300.000 դրամից կդառնա 650.000 դրամ: Չնայած սրան, ըստ նրա, սա այն աշխատավարձը չէ, որը համապատասխան է իր կատարած աշխատանքին. «Իմ աշխատանքի ծավալն ու պատասխանատվությունը ավելի բարձր եմ գնահատում, քան կլինի»: