
Սահմանադրական դատարանը՝ «բյուջետային տուժող». Պատուհանները փոխելու փող էլ չի հատկացվել

ՀՀ Սահմանադրական դատարանին 2014 թվականի հետական բյուջեի նախագծով ավելացումներ չեն նախատեսվել, ավելին՝ նվազել են։ Այս մասին այսօր 2014թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտնեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը։ Նա մանրամասնեց, որ ավելացումներն 80-85%-ով աշխատավարձերի բարձրացման մասով են նախատեսվել: Առուշան Հակոբյանը խնդրեց գործադիր մարմնին ի գիտություն ընդունել, որ Սահմանադրական դատարանի շենքը վերանորգման կարիք ունի, նշեց, որ 62, 2 մլն դրամ հատկացնելու դեպքում գոնե հնարավոր կլինի փոխել ՍԴ պատուհանները և նաև երկու ավտոմեքենա ձեռք բերել։ Երբ ՍԴ աշխատակազմի ղեկավարին հուշեցին, որ կառավարությունը առաջնային խնդիրներն է հաշվի առնում, նա այսպես արձագանքեց. «Ես ընդամենը հարցը բարձրացրեցի, եթե չեք նախատեսում, չեք նախատեսում»։ ՀՀ ԱԺ անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ արդյոք մեքենաները աշխատակազմի համա՞ր է խնդրում: Ի պատասխան՝ Առուշան Հակոբյանը նշեց, թե աշխատակազմը մեքենաներ չունի, փոխադրամիջոցի անրաժեշտություն ունեն դատավորները: Մարուքյանը շարունակեց հետաքրքվել՝ մեքենաները արտասահմանյան մակնիշի՞ եք խնդրում: Հակոբյանը դրական պատասխան տվեց: «Դե մաքսային միության մեջ ենք մտնում, հնարավոր է այլ բան ուզեք»,- կատակեց Մարուքյանը: