Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք պատերազմ մղելուն. Ադրբեջանի պաշտպանության նախարար

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նորանշնակ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն անդրադարձել է զինված ուժերի խնդիրներին. «Այսօր մի շարք հարցերում հին կանոնադրությունները խոչընդոտներ են հարուցում մեզ:

Այդ պատճառով էլ ժամանակակից մարտեր մղելու ուսուցման, մարտական նախապատրաստության կազմակերպման հարցերում մենք առաջնորդվում ենք այնպիսի փաստաթղթերով, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափորոշիչներին: Դրա հետ կապված՝ անհրաժեշտ է փոփոխություններ անել մի շարք փաստաթղթերում:

Զինված ուժերի ներկա և ապագա կառուցման հարցը հետաքրքրում է հասարակությանը: Հայաստանի հետ պատերազմական վիճակը խնդիրը դարձնում է ավելի այժմեական Ադրբեջանի համար: ՆԱՏՕ-ի Գործընկերության անհատական ծրագրին (PARP) մասնակցող Ադրբեջանը պետք է համապատասխանի ՆԱՏՕ-ի մի շարք չափորոշիչների:

Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է ամբողջովին հրաժարվենք մեր զինված ուժերում առկա ռազմական տեխնիկայից ու սպառազինությունից: Ռազմագիտության զարգացումը նախատեսում է մի քանի պայմանի կատարում:

Առաջինն ու ամենագլխավորը զինված կառույցի առջև դրված առաջադրանքների ակնթարթային ու պարտադիր կատարման անհրաժեշտությունն է: Այդ նպատակով ուսումնասիրվում են վերջին շրջանում տեղի ունեցած զինված հակամարտությունները, մղված ռազմական գործողությունները:

Այդ նույն պատճառներով անհրաժեշտ է մանրամասն վերլուծել Իրաքում, Աֆղանստանում, Ռուսաստանի հարավում իրականացված գործողությունները և մեր պայմաններում դրանց փորձի կիրառման հնարավորությունը: Որպես զինվորական մարդ՝ ցանկանում եմ ասել, որ մենք պետք է մշտապես պատրաստ լինենք պատերազմ մղելուն:

Մենք անձնակազմին զօրուգիշեր ուսուցանում ենք ռազմական գործողություններ վարել Լեռնային Ղարաբաղին համապատասխան լեռնային պայմաններում, լեռնային տեղանքում»:

Հասանովն ընդգծել է, որ դեմ է բացառապես պրոֆեսիոնալ վարձկաններից ռազմական այս կամ այն կառույց ձեևավորելուն՝ ընդգծելով, որ վարձկանի համար քիչ դեր չի խաղում նյութական բարեկեցությունը, որով և ամեն ինչ ասված է:

20603_src

Տեսանյութեր

Լրահոս