Վթարի դեպքի առիթով հարուցված քրեական գործում կասկածյալներ և մեղադրյալներ դեռևս չեն ներգրավվել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևան-Եղվարդ ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին իրար էին բախվել «ՎԱԶ-21214» և «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաները: «ՎԱԶ-21214»-ի վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը` Էդգար Հակոբյանը, մահացել էր:
Հոկտեմբերի 21-ին հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է մեկ այլ ուղևոր` Էդվարդ Հակոբյանը:
Ավտովթարի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նաև դերասան Վարդան Պետրոսյանը: ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով):
168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ հարուցված քրեական գործով կասկածյալներ և մեղադրյալներ չկան. «Նշանակվել է փորձաքննություն: Երբ գա փորձաքննության եզրակացությունը, պարզ կլինի»:
Արմեն Մալխասյանն ասաց նաև, որ դեպքի հանգամանքների հետ կապված մանրամասներ կարող են հայտնել միայն այն ժամանակ, երբ կստացվի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: «Քրեական գործը հարուցվել է փաստի առթիվ, կան զոհեր: Երբ որ կլինի փորձաքննության եզրակացությունը, այդ ժամանակ արդեն որոշակի բան կունենանք ասելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մալխասյանը: