Վուշի սերմի ալյուրը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և գեղեցկացնում
Բուժիչ նամակներ
Ով թեկուզ մեկ անգամ տեսել է վուշի ծաղկած դաշտը, անշուշտ, չի մոռանա այդ հորիզոնի հետ միախառնված, կապույտ ծովը հիշեցնող տեսարանը։ Հայտնի են վուշից ստացված մանվածքի բուժիչ հատկությունները, վերջերս կարդացինք վուշի սերմից ստացվող յուղի հակաուռուցքային հատկությունների մասին («168 Ժամ», 25.08.2013թ.)։ Այդ հրապարակման մեջ նկարագրված էր Ջոաննա Բադվիգի պարզ, սակայն հրաշալի արդյունքներ տվող դեղատոմսը. … Առավոտյան ուտել 100 գ կաթնաշոռի և 1 ճ/գ վուշի յուղի խառնուրդ, վարսակի շիլայի, տանձի կամ խնձորի քերուկի, ընկուզեղենի հետ։ Ժողովրդական հայտնի ասացվածքը խրատում է.
«Լավ քարոզիչը նա է ով հետևում է իր քարոզներին»։ Բադվիգին անհնարին է չհավատալ, քանի որ նա ապրեց 95 տարի։ 1970թ. ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ տիկին Նեկտարի հետ։ Հետագայում իմացա, որ նա ծնվել է 1900 թ. Զմյուռնիայի մոտակայքում, իսկ նրա մայրը երկար տարիներ աշխատել է դեղատանը։ Ինձ զարմացրեց, որ 70 տարեկան կնոջ մաշկի վրա չկային կնճիռներ։ Նրա իրական տարիքն անհնար էր գուշակել։
Տիկին Նեկտարն ապրեց 88 տարի, հանկարծամահ եղավ երկրաշարժից 2 ամիս առաջ, իր ծննդյան օրը։ Իր կենդանության օրոք, մեր հանդիպումներից մեկի ժամանակ նա պատմեց վուշի օգտակար հատկությունների մասին։ Տիկինը գիտեր, որ վուշի յուղը լավ է յուրացվում կաթնամթերքի հետ, սակայն ուներ երկու էական առարկություն.
- վուշի յուղը բավականին տհաճ համ ունի,
- սառը մամլման եղանակով ստացված յուղը շատ արագ է փչանում։
Տիկին Նեկտարն օգտագործում էր վուշի սերմի ալյուրը և վուշից պատրաստված սպիտակեղեն։ Նա աղում էր վուշի սերմը սրճաղացով և ուտում թարմ վիճակում։
Վուշի ալյուրի օգտակար հատկությունները
Վուշի ալյուրը պարունակում է մեծ քանակությամբ բուսական սպիտակուցներ, կենսաբանորեն ակտիվ չհագեցած ճարպային թթուներ, այդ թվում` նաև Օմեգա-3 և Օմեգա-6, օրգանական թթուներ, ֆերմենտներ, լորձ, գլիկոզիդ լինամարին (lin=վուշ), ոչ մեծ քանակությամբ ածխաջրեր, կարոտինային նյութեր, B խմբի վիտամիններ, այդ թվում` նաև լիտրիլ (B17), որն ունի հակաուռուցքային հատկություն։
Ալյուրը պարունակում է հակաօքսիդանտ հատկություններ ունեցող նյութերի խումբ` «լինգաններ», որոնք կանխարգելում են քաղցկեղային բջիջների զարգացումը։ Վուշի ալյուրն ունի բարերար ազդեցություն աղեստամոքսային համակարգի վրա։ Այլյուրի մեջ պարունակվող լորձանյութերն ունեն պարուրող հատկություն, ինչի շնորհիվ «պեղվում են» կղանքի քարացած կուտակումները` աղիների պատերի վրայից։ Հայտնի է, որ աղիների օգտակար միկրոֆլորան հանդիսանում է մարդու օրգանիզմի բարձր դիմադրողականության գրավականը։
Հոգնաները և լուծողական հատկություն ունեցող դեղորայքը բացասաբար են ազդում աղիքային միկրոֆլորայի վրա։
Օրգանիզմի մաքրում. Կարևոր է պարզորոշ գիտակցել, որ մաքուր աղեստամոքսային համակարգը նպաստում է օրգանիզմի բոլոր օրգանների մաքրմանը և բնականոն աշխատանքին, իսկ մաշկը դառնում է ավելի հարթ և առաձգական։
- Յոթ օր` նախաճաշին կերեք 2-ական թ/գ ալյուր` 50 մլ մածունի հետ (տիկին Նեկտարը թթվեցնում էր կաթը և ուտում տակի նստվածքը)։ Հաջորդ շաբաթվա ընթացքում կրկնապատկեք, իսկ երրորդ շաբաթը եռապատկեք չափաբաժինը (4 թ/գ և 6 թ/գ)։ Կատարեք 4-ական ամիս ընդմիջումներով։
- Վուշի ալյուրն ունի նաև հակաալերգեն ազդեցություն, ինչը կարող է շատ կարևոր լինել, եթե երեխան ունի անհատական անընկալություն կաթնամթերքի նկատմամբ (լուծ, մաշկային ցան)։
- Վուշի սերմը և ալյուրն ունեն նաև երիկամների քարերը լուծող հատկություն.
- 20 գ վուշի ալյուրը լցրեք 2 լ եռացող ջրի մեջ, եփեք 30-40 վայրկյան։ Խմեք 100-ական մլ` յուրաքանչյուր 2 ժամը մեկ։
Բուժման ընթացքը պետք է վերահսկվի բժշկի կողմից։
Շաքարային դիաբետ. 10 գ վուշի ալյուրը լցրեք 500 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 200-ական մլ` նախաճաշից կես ժամ և ընթրիքից 2 ժամ առաջ։
Նման բուժումն արդյունավետ է ոչ միայն 2-րդ, այլ երբեմն նույնիսկ առաջին տեսակի շաքարախտի դեպքում, այսինքն` ոչ միայն բարձրանում է հյուսվածքների զգայունությունն ինսուլինի հանդեպ, այլ նաև խթանվում է դրա արտադրությունը ենթաստամոքսային գեղձում։
Վուշի ալյուրը մեծապես նպաստում է էնդոկրին համակարգի բնականոն աշխատանքին և, ինչը շատ կարևոր է, կանխարգելում է շագանակագեղձի և կրծքագեղձի ուռուցքների առաջացումը և զարգացումը։
Խորհուրդ։ Ավելացրեք 2-4 թ/գ վուշի ալյուր ուտեստների մեջ։
Օրը 1 անգամ կերեք 2 թ/գ ալյուրի և ցածր յուղայնությամբ կաթնաշոռի (մածունի, կեֆիրի) խառնուրդ, որն ունի նիհարեցնող հատկություն։ Խառնուրդն ուտելուց կես ժամ առաջ խմեք 200 մլ զտված ջուր, իսկ ուտելուց հետո խմեք 1 թ/գ թանթրվենի սևի օշարակ։ Ծակոտկեն մաշկ. 1 ճ/գ սերմը եփեք 200 մլ ջրով, մինչև ստացվի շիլայանման զանգված, լցրեք թանզիֆի վրա, գոլ (40-50 C) վիճակում տեղադրեք դեմքին։
Շրթունքների խնամք. Թեփոտվելու դեպքում մշակեք վուշի սերմի խիտ եփուկով։
Հ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից։