
Ասադը հայտնել է, թե ինչու են Թուրքիայի վարչապետն ու Կատարի էմիրը վրեժխնդիր լինում իրենից

Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ պատերազմի բոցը Սիրիայից կարող է տեղափոխվել Լիբանան. «Լիբանանցիները հասկանում են Սիրիական հակամարտության հետագա էսկալացիայի վտանգն ու խորքային խնդիրը:
Կատարը փորձում է ստանձնել տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության դիրիժորի դերը: Կատարի էմիրն ու Թուրքիայի վարչապետը 5 ժամ փորձել են համոզել ինձ 2011 թվականին նպաստել Լիբանանի վարչապետի պաշտոնին Սաադ Հարիրիի վերադարձին:
Սակայն ես հրաժարվեցի միջամտել Լիբանանի ներքին գործերին, և նրանք ինձնից վրեժխնդիր են լինում՝ իմ երկրում կատարելով հեղաշրջման փորձ: Էրդողանը շահագրգռված է, որ Սիրիայում իշխանության գան «Մուսուլման եղբայրները» և ամրապնդեն նրա դիրքերը տարածաշրջանում: Նա դեռ լրջորեն երազում է Օսմանյան կայսրության վերականգնման մասին:
Թուրքերը ցույց տվեցին, թե ինչպես են վարվում իրենց ցուցարարների հետ, նրանք վերջին տարիներին ահաբեկչության մեղադրանքով սպանել են հազարավոր քրդերի, և ընդ որում իրենց սահմանները բացել են, որպեսզի ահաբեկիչները ներթափանցեն Սիրիա: Մենք կարող ենք պնդել, որ Թուրքիան աջակցում է Սիրիայի տարածքում ահաբեկչությանը:
Ինչ վերաբերում է Կատարին, ապա նա իրավունք չունի ժողովրդավարության ու բարեփոխումների հարցում խորհուրդներ տալու, քանի որ նրա սեփական քաղաքացիները զրկված են մի շարք հարցերից: Մասնավորապես Կատարում կանայք զրկված են ընտրական իրավունքից:
Սիրիայի ներկայիս իրադարձություններն ունեն պատմական խոր արմատներ: Չի կարելի ասել, թե Սիրիան հանկարծակի ենթարկվեց արտաքին ագրեսիայի: Մենք մշտապես ապրել ենք ճնշման տակ և սպառնալիքներ ենք ստացել դրսից: Շատ դարերի ընթացքում մեզ մոտ եղել են արմատական տրամադրություններ, սակայն դրանք գտնվել են վերահսկողության տակ:
Արտաքին որևէ միջամտություն չի ունենա հաջողություն՝ առանց հինգերորդ շարասյան: Երբ երկրում առկա է ճգնաժամ, առաջանում է քաոս: Այդ քաոսից էլ օգտվեցին արմատականները: Մենք ունենք ապացույցներ, որ այդ մարդիկ օգնություն ու ֆինանսավորում են ստանում արտերկրից: Ինչպե՞ս կարելի է ահաբեկչությանն աջակցել Սիրիայի տարածքում և դրա դեմ պայքարել աշխարհի այլ երկրներում»: