Ասադի դիպուկահարները կրակում են հղի կանանց վրա. The Times
Բրիտանական The Times թերթի փոխանցմամբ՝ սիրիացի հղի կանայք դարձել են դիպուկահարների սարսափելի խաղերի զոհը: Զինյալները չծնված երեխաներին օգտագործում են որպես թիրախ: Այս մասին ահազանգել է բրիտանացի Դևիդ Նոտը, ով 5 շաբաթ որպես կամավոր անցկացրել է սիրիական անանուն քաղաքի հիվանդանոցում:
Նա հայտարարել է, որ իր գործընկերների հետ միասին սկսել են նկատել տագնապալի օրինաչափություն՝ կապված սննդամթերք ստանալու ճանապարհին գնդակոծման գոտու միջով անցնող կանանց ու երեխաների վիրավորվելու հետ:
Բժիշկը կարծում է, որ դիպուկահարները նման կերպ պատերազմական խաղ են խաղում՝ կրակելով կանանց կրծքերի, պարանոցի ու որովայնի վրա՝ անհրաժեշտ քանակի թիրախներ խոցելու դիմաց ստանալով ծխախոտի տուփեր.
«Մի անգամ դիպուկահարների կրակի տակ ընկան կես դյուժին հղի կանայք: Հաջորդ օրը հիվանդանոց դիմեց երկու կին, որոնք գտնվում էին հղիության ուշ փուլում: Նրանք երկուսն էլ ողջ էին մնացել, սակայն նրանց չծնված երեխաները մահացել էին:
Բոլոր կանայք վիրավորվել էին որովայնի շրջանից, հավանաբար հենց այդտեղ էին նշան բռնել դիպուկահարները: Անհնար է ասել, թե դա որքան սարսափելի է: Սովորաբար խաղաղ քաղաքացիներն ընկնում են խաչաձև կրակի տակ: Ես առաջին անգամ եմ տեսնում նման բան: Դա միտումնավոր է արվել: Սա կենդանի դժոխք է»:
Նոտտը՝ որպես վիրաբույժ, վերջին 20 տարիներին աշխատել է ռազմական գործողությունների տարբեր գոտիներում, ինչպիսիք են Բոսնիան, Լիբիան, Չադը, Սուդանը և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը: Սակայն նրա խոսքերով՝ Սիրիան միակ վայրն է, ուր խաղաղ քաղաքացիները և մասնավորապես հղի կանայք դառնում են թիրախ:
Նոտն ընդգծել է, որ տարածված տեղեկությունների համաձայն, դիպուկահարները եղել են Չինաստանից ու Ադրբեջանից ժամանած վարձկաններ, որոնք աշխատում են Բաշար Ասադի վարչակարգի համար: