
Իրանը Ռուսաստանին է հանձնել ամերիկյան անօդաչու թռչող սարքի պատճենը

Tehran Times-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեհը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարևին նվիրել է ամերիկյան ScanEagle անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) պատճենը:
Ռուս հրամանատարը նման նվեր է ստացել այս տարվա հոկտեմբերի 21-ին Իրան կատարած այցի ժամանակ: Բոնդարևին նվիրված ԱԹՍ-ի պատճենն արտադրվել է իրանական ձեռնարկություններից մեկում: Նրա հետ հանդիպումից հետո Բոնդարևը հայտարարել է, որ ԱԹՍ-ը հանդիսանում է Իրանի տեխնիկական հնարավորությունների խորհրդանիշ:
Իրանն ամերիկյան ScanEagle ԱԹՍ-ի պատճենի զանգվածային արտադրությունը սկսելու մասին հայտարարել է 2013 թվականի փետրվարի կեսին: Դա հնարավոր է դարձել 2012 թվականի դեկտեմբերի սկզբին իրանցի զինվորականների կողմից ամերիկյան ScanEagle-ը գերեվարելու շնորհիվ: Զինվորականներն այդ ԱԹՍ-երն արձակում են ռազմանավերից՝ մինչև 100 կիլոմետր հեռավորության վրա հետախուզություն իրականացնելու համար: