Հայկ Ալումյանը՝ դատավարության մասին. Ռուսական բառ կա՝ «беспредел», ես ուրիշ բառ չեմ գտնում

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվել է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը: Փաստաբանը բողոքարկել էր  քննիչի երեք՝ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը վերացնելու և Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները: Այսօր դատարանը քննել է Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման դեմ բողոքը:

168.am-ի հետ զրույցում Հայկ Ալումյանն ասաց, որ այս այնգամ քննիչը դատարան էր ներկայացրել քրեական գործից 210 էջ. «Կարծում էր, որ դատարանը պետք է այդքան նյութերի հիման վրա քննության առնի իմ բողոքը: Ես այդ կարծիքին չէի, որովհետև ամբողջ քրեական գործը բաղկացած է 8,5 հատորից, այսինքն՝ մոտավորապես 2500 թերթից: Քննիչն իր քմահաճույքով միջից ընտրել է այն նյութերը, որով փորձում է հիմնավորել իր որոշման ճշմարտացիությունը: Եթե 2500 թերթից 210 թերթը խոսում է քննիչի որոշման օգտին, իսկ այդ թերթերը հիմնականում Սուրիկ Խաչատրյանի և նրա կողմնակիցների ցուցմունքներն են, ապա մնացած ամբողջ քրեական գործը խոսում է հակառակի մասին, և ես պահանջեցի, որպեսզի այդ նյութերն էլ ներկայացվեն:

Դատարանը սպասողական դիրքորոշում ընտրեց. առայժմ ասաց՝ տրամադրենք այս նյութերը, ծանոթացեք, հետո, երբ սա կգտնեք ոչ բավարար, ապա կանդրադառնանք մնացած նյութերի հարցին»:

Հայկ Ալումյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք քննիչի՝ գործը ոչ ամբողջությամբ դատարանին ներկայացնելը միտումնավոր քա՞յլ է համարում: «Իհարկե միտումնավոր: Հերիք չէ, որ քրեական գործի նյութերը պահում են ինձանից, իմ կողմից, իմ վստահորդներից, հիմա իրենք հնարավորություն չեն տալիս նույնիսկ, որ նյութերին դատարանը ծանոթանա: Դուք տեսեք անհեթեթության աստիճանը»,- ի պատասխան ասաց Հ. Ալումյանը: Ըստ նրա՝ որքան մեծ է քրեական գործի նյութերը հասարակությունից, դատարանից թաքցնելու ցանկությունը, այնքան շատանում են հիմքերը՝ համոզված լինելու, որ այդ նյութերն ամբողջությամբ խոսում են հօգուտ Բուդաղյանների:

Կարդացեք նաև

Հայկ Ալումյանի խոսքով՝ օբյեկտիվ լիելու դեպքում դատարանը պետք է պահանջի գործի բոլոր նյութերը. «Ոչ մի դատարան իրեն չի կարող թույլ տալ քրեական գործի մասին եզրակացություն անել, քանի դեռ քրեական գործում կա մի էջ, որին ինքը չի ծանոթացել: Իրեն հարգող ոչ մի իրավաբան քրեական գործի վերաբերյալ եզրակացություն չի անի, մինչև որ չծանոթանա վերջին էջին: Հարցրե՛ք հարյուրավոր փաստաբանների, դատավորների, դատախազների, յուրաքանչյուրը ձեզ կասի. մինչև քրեական գործի նյութերն ամբողջությամբ չուսումնասիրես, քրեական գործի մասին եզրակացություններ չես անի:  Եվ այսօր քննիչը դատարանին դրել է այնպիսի վիճակի մեջ, որ դատարանը, ըստ քննիչի, պետք է քրեական գործի մասին եզրակացություններ անի 2500 թերթից ընդամենը քննիչի կողմից ընտրված 210 թերթի հիման վրա: Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ ծաղրանք է արդարադատության նկատմամբ, ինչ անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ և ինչ արհամարհական վերաբերմունք է հասարակական կարծիքի նկատմամբ: Չէ՞ որ հասարակությունը սպասում էր: Երկու կողմերին լսել էր և սպասում էր, որ լինի դատավարություն, որ ինքն էլ իր եզրակացություններին գա: Սա է: Ռուսական բառ կա՝ «беспредел»: Ես ուրիշ բառ չեմ գտնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս